«Ռեալը» ջախջախեց և շրջանցեց «Սևիլյային» (տեսանյութ)

«Ռեալը» ջախջախեց և շրջանցեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակ տոնեց «Սևիլյայի» նկատմամբ։ «Սերուցքայինները» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին անդալուսյան թիմի դարպասը։

Հաշիվը բացվեց արդեն երրորդ րոպեին․ դաշտի տերերի անկյունայինից հետո աչքի ընկավ Նաչոն։ 23-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի հաշվենկատ փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց առավելությունը։ 31-րդ րոպեին Խեսուս Նավասը սեփական տուգանային հրապարակում Մարսելոյի հետ պայքարում ձեռքով կասեցրեց գնդակը, ինչից հետո հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված։ Նշակետին մոտեցած Ռոնալդուն երրորդ գնդակն ուղարկեց Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը։ 7 րոպե անց Զինեդին Զիդանի սաների հերթական գեղեցիկ գրոհը գոլով եզրափակեց Թոնի Կրոսը, իսկ 42-րդ րոպեին 5-րդ գոլը խփեց Աշրաֆ Հակիմին։ Երկրորդ կեսում նոր գոլեր չարձանագրվեցին։

Այս հաղթանակից «Ռեալն» ունի 31 միավոր և հավասարվել է երկրորդ տեղում գտնվող «Վալենսիային», որը սակայն տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Ռեալին» շրջանցելու հնարավորություն ունի նաև «Ատլետիկոն» (14 խաղ, 30 միավոր)։ «Սևիլյան» մնաց 28 միավորով՝ հինգերորդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Սևիլյա»՝ 5։0
Գոլերը՝ Նաչո 3՛, Ռոնալդու 23՛, 31՛, Կրոս 38՛, Հակիմի 42՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում