ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարն ավարտվեց

ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարն ավարտվեց

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում տեղի ունեցավ մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ մանչեսթերյան դերբին, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով առավելության հասավ ՄՅՈւ-ի նկատմամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». սա ոչ միայն դերբի էր, այլև առաջին երկու հորիզոնականները զբաղեցնող թիմերի պայքար, որտեղ վիճարկվում էր չեմպիոնության հարցը: Այո, դեկտեմբեր ամսին «Մանչեսթեր Սիթիի» նման ակումբը 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող ՄՅՈՒ-ին և մի՞թե սխալ կլինի ասել, որ չեմպիոնական պայքարն արդեն ավարտված է: Ցանկացած առումով «Մանչեսթեր Սիթին» գերազանցում է մրցակիցներին: Դա ապացուցում է թիմի ցուցադրած խաղն ու վիճակագրությունը:

Խաղի ընթացքը

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթի»

Միայն մեկնարկային կազմերին նայելով՝ կարելի է հասկանալ, թե ինչ սցենար է ունենալու հանդիպումը: Պեպ Գվարդիոլան այս խաղում հետաքրքիր քայլ կատարեց՝ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղադաշտ դուրս բերելով Գաբրիել Ժեզուսին: Չնայած դրան, «Սիթին» այս խաղն անցկացրեց առանց կենտրոնական հարձակվողի: Որքան էլ զարմանալի է, ոչ էլ կեղծ 9 համար օգտագործեց: Ժեզուսի շնորհիվ հագեցավ հարձակման ձախ եզրը, իսկ մրցակցի տուգանային հրապարակում ոչ ոք չէր հերթապահում: Այս մարտավարության շնորհիվ Գվարդիոլան հանկարծակիի բերեց մրցակցի պաշտպաններին: Դավիդ Սիլվան և Դե Բրույնեն, անընդհատ տեղաշարժվելով, նախ սկսում էին «Սիթիի» գրոհը, իսկ հետո շատ արագ հայտնվում ՄՅՈՒ-ի տուգանային հրապարակում:

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում խնդիրները պարզապես ահռելի էին: Չկար Պոգբան, չկար Մխիթարյանը, չկար Մատան: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք կարող են անհատական գործողությունների հաշվին օգուտ տալ թիմին: Միայն այս 3 ֆուտբոլիստները կարող են համեմատվել «Սիթիի» տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստների հետ: Ոչ Ռեշֆորդը, ոչ էլ Մարսիալը չեն կարող խաղալ այնպես, ինչպես «Սիթիի» կիսապաշտպանները: Իսկ դրա համար կա երկու պատճառ. առաջինը՝ Մոուրինյուի պահանջներն են, իսկ երկրորդը՝ նրանք տեխնիկապես զիջում են «Սիթիի» վինգերներին: Իհարկե, Մարսիալը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի փայլուն տեխնիկա, բայց գնդակ կորցնելուց հետո ֆրանսիացին ընդհանրապես չի նահանջում: Բացի այդ, նա հոգեբանորեն ճնշված տեսք է ունենում. երբ մեկ-երկու անգամ փորձում է շրջանցել մրցակցին և ձախողվում է, նրա խաղը լրիվ անհետանում է: Նմանատիպ խնդիր ունի նաև Ռեշֆորդը: Անգլիացի երիտասարդ տաղանդը շատ է չարաշահում անհատական խաղը: Իսկ Մոուրինյուն համառորեն չի ցանկանում օգտագործել նրա լավագույն որակները՝ արագությունը:

Խաղի անհաջողակը

Ռոմելու Լուկակու: Ավելացնելու ոչինչ չկա: Այն խաղը, որը ցուցադրում է Լուկակուն վերջին հանդիպումներում, պարզապես մեկնաբանելու կարիք չունի:

Մոուրինյուի և Գվարդիոլայի հակամարտությունը

Գվարդիոլայի ֆուտբոլը նման է թատերական ներկայացման, որը վայելում ես, հաճույք ես ստանում: Իսկ Մոուրինյուի ֆուտբոլը նման է հայկական սերիալի՝ անիմաստ ձգձգվում է: Նույնիսկ երբ ամեն ինչ արդեն պարզ է, միևնույնն է, այն ձգձգվում է: Նույնն էլ Մոուրինյուի դեպքում է: Նրա թիմն առաջին իսկ րոպեներից դուրս էր եկել խաղադաշտ պաշտպանվելու: Անգամ հաշվի մեջ զիջելու ժամանակ, Մոուրինյուն ոչ մի նոր բան չկարողացավ հաղորդել իր թիմին: Մարտավարությունը նույնն էր, որը ավելի լավ է հնչում ռուսերեն. «Бей вперед – игра придет»: Բայց այս դեպքում ևս, ՄՅՈւ-ի խաղը չստացվեց:

Ժոզե Մոուրինյուին մնում է վերանայել իր ֆուտբոլային հայացքներն ու շարժվել առաջ՝ կենտրոնանալով մնացած մրցաշարերի վրա: ՄՅՈՒ-ն այս պարտությունից հետո դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում