«Կարող էր եզրափակիչը լինել». «Ռեալի» ու ՊՍԺ-ի արձագանքը ՉԼ-ի վիճակահանությանը

«Կարող էր եզրափակիչը լինել». «Ռեալի» ու ՊՍԺ-ի արձագանքը ՉԼ-ի վիճակահանությանը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» խաղալու է «Պարի Սեն Ժերմենի» հետ:

«Սերուցքայինների» լեգենդար ֆուտբոլիստ, ներկայումս ակումբի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքը.

«Այս խաղը կարող էր եզրափակչում լինել: Ցավոք, փլեյ-օֆֆից հետո թիմերից մեկը լքելու է մրցաշարը: ՊՍԺ-ն ամեն տարի ավելի ուժեղ է դառնում: Նրանք արտակարգ խմբային մրցաշար են անցկացրել և հսկայական պոտենցիալ ունեն»,- հայտարարել է իսպանացին:

Փարիզցիների նախկին ֆուտբոլիստ Մաքսվելը, ով ներկայումս ֆրանսիական ակումբի պաշտոնական ներկայացուցիչն է, ավելի դրական է արձագանքել «Ռեալի» հետ հանդիպելու լուրին:

«Սա լավ վիճակահանություն է, երկու հիանալի թիմով: Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնային» պարտվելուց հետո հնարավորություն կունենանք մեկ այլ հզոր թիմի հաղթելու և վերականգնելու հեղինակությունը: Դա դուր կգա մեր երկրպագուներին: Մեր ակումբի համար հիանալի մարտահրավեր է, ուրախ ենք այդ առթիվ»,- ասել է բրազիլացին:

Նշենք, որ առաջին խաղը փետրվարին կայանալու է Մադրիդում, իսկ պատասխանը մարտին`  Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում