«Ռեալը» փոխանակման առաջարկներ կկատարի «Լիվերպուլին» ու «Արսենալին»

«Ռեալը» փոխանակման առաջարկներ կկատարի «Լիվերպուլին» ու «Արսենալին»

«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Donbalon.com-ը գրում է, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն սկսել է եգիպտացուն ձեռք բերելու ծրագիր մշակել:

Մադրիդցիների առաջարկում ներառված է լինելու 24-ամյա ֆուտբոլիստին Լուկաս Վասկեսի հետ փոխանակելու տարբերակը: Գործարքում առկա կլինի նաև գումարային լուրջ փոխատուցում:

Սալահը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Նա 24 խաղում 20 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Միաժամանակ football.london-ը հայտնում է, որ «արքայական ակումբը» մտադիր է Լուկաս Վասկեսին նաև այլ տրանսֆերում ներառել: «Ռեալը» ցանկանում է առաջիկա հունվարին ձեռք բերել «Արսենալի» առաջատար Ալեքսիս Սանչեսին:

Վերջինս 6 ամսից ազատ գործակալ է դառնալու և հունվարից կարող է ցանկացած ակումբի հետ նախնական պայմանագիր կնքել: Մադրիդում կարծում են, որ «զինագործները» չեն ցանկանա ամռանը չիլիացուն անվճար բաց թողնել և փորձում են տրանսֆերը ձմռանը ձևակերպել: Վասկեսի տրանսֆերից զատ իսպանացիները որոշակի գումար կառաջարկեն:

Հիշեցնենք, որ օգոստոսին Սանչեսը մոտ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն վերջին օրն «Արսենալն» արգելափակեց գործարքը: Հունվարին «քաղաքայինները» նոր փորձ կկատարեն, սակայն լոնդոնցիները չեն ցանկանում նրան անգլիական թիմի վաճառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում