Աբրահամ Խաշմանյան. Որոշեցի նոր պայմանագիր կնքել

Աբրահամ Խաշմանյան. Որոշեցի նոր պայմանագիր կնքել

«Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանի հետ հանդիպումից հետո մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է ակումբի հետ ավարտված պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 50-ամյա մասնագետը բացատրել է իր որոշումը:

«Այսօր հանդիպում ունեցանք ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ, քննարկեցինք մեր հետագա անելիքները: Բովանդակալից քննարկման արդյունքում որոշեցինք շարունակել համագործակցությունը և երկարաձգել պայմանագիրը: Պետք է  ավելի հզորացնենք մեր թիմը և հաջողություններ արձանագրենք Հայաստանում և Եվրոպական մրցասպարեզում: Մարզչական շտաբում փոփոխություններ չկան, իսկ ահա կազմում փոփոխություններ կլինեն:

Լինելով պրոֆեսիոնալներ` քննարկել ենք նաև մեր աշխատանքի բացասական կողմերը: Այդպիսին էր այս տարի Գյումրիում տեղի ունեցած միջադեպը: Վերլուծելով այդ միջադեպը, կարող եմ ասել, որ չպետք է տրվեի էմոցիաներին, պետք է ավելի զուսպ լինեի և չտրվեի սադրանքներին` իմանալով, որ նմանատիպ միջադեպի հետևանքով կարող եմ որակազրկվել տևական ժամանակով: Կարգապահական կոմիտեն որակազրկեց ինձ 10 խաղով: Ընդունելով պատիժը, հայտնում եմ իմ ներողամտությունը: Այդ դրվագի պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլև իմ ֆուտբոլիստներն ու ամբողջ ակումբը: Պետք է բացառենք նման դեպքերն ապագայում:

Ինչ վերաբերվում է Կարագանդայի «Շախտյորի» հետաքրքրությանը, ապա իմ անունը կա այդ ակումբի մարզչի թեկնածուների «շորթ-լիստում», սակայն բանակցություն ղազախական ակումբի հետ ես չեմ վարել: Հայ մարզիչների նկատմամբ հետաքրքրությունը արտասահմանյան ակումբերի կողմից դրական փաստ է մեր ֆուտբոլի համար, սակայն իմ բոլոր մտքերը կապված են «Ալաշկերտի» հետ»,- նշել է Խաշմանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում