Պաշտոնական. Կական հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Պաշտոնական. Կական հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական «Globo Esporte»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել եմ իմ հարազատների հետ: Ցանկանում էի առանց աղմուկի հեռանալ: Վերջնական որոշումից առաջ մեկնեցի Եվրոպա, որպեսզի վերհիշեմ այնտեղի ֆուտբոլի մթնոլորտը և հասկանամ` արդյո՞ք ցանկանում եմ կրկին այդ ամենի մասնիկը լինել: Հասկացա, որ ցանկանում եմ հեռանալ:

Մտադիր եմ մարզական տնօրեն դառնալ: Դրա համար դասերի եմ հաճախելու, քանի որ լավ ֆուտբոլիստ լինելը դեռ չի նշանակում, որ կկարողանամ նաև լավ տնօրեն դառնալ: «Միլանն» ինձ պաշտոն է առաջարկել: Պետք է դասընթացների գնամ, որ պատրաստ լինեմ այդ աշխատանքին»,- ասել է աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ակումբային կարիերայի ընթացքում Կական հանդես է եկել «Սան Պաուլոյի», «Միլանի», «Ռեալի» ու «Օրլանդո Սիթիի» կազմում: 35-ամյա խաղացողը 13 տիտղոս է նվաճել, այդ թվում Չեմպիոնների լիգայի, Իտալիայի ու Իսպանիայի առաջնությունների հաղթողի կոչումները, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

2007 թվականին Կական ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում