Մեսսին, դարպասաձողերը, 11-մետրանոցը և հոբելյանական գոլային փոխանցումը (տեսանյութ)

Մեսսին, դարպասաձողերը, 11-մետրանոցը և հոբելյանական գոլային փոխանցումը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»: Այդ խաղի ընթացքում և դրանից առաջ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել:

Արգենտինացու համար ամեն ինչ դրական է սկսվել: Խաղից առաջ, «Կամպ Նոու» մարզադաշտում նրան հանձնել են 2016-17թթ. մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ռմբարկուի համար նախատեսված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

Առաջին կեսում Անդրես Ինյեստայից ստացած արտակարգ փոխանցումից հետո նա մոտ տարածությունից գոլ խփելու փոխարեն գնդակը նվիրել է Լուիս Սուարեսին: Այդ գոլային փոխանցումը Լիոնելի համար դարձել է հոբելյանական` 200-րդը «կապտանռնագույնների» խաղաշապիկով,- գրում է starplayerstats.com-ը: Այդ ցուցանիշին հասնելու համար նրան պահանջվել է 607 խաղ: Նա նաև 525 գոլ է հեղինակել:

Հետագայում բախտը երես է թեքել 30-ամյա ֆուտբոլիստից: Նրա հարվածներից հետո գնդակը 3 անգամ դիպչել է դարպասաձողերին: Դրանցից մեկի արդյունքում Պաուլինյոն գրավել է անպաշտպան դարպասը: 101greatgoals.com-ը հաշվարկել է, որ ընթացիկ մրցաշրջանում արգենտինացու հարվածներից հետո գնդակն արդեն 14 անգամ դիպչել է դարպասաձողերին (2017 թվականին արդեն` 24): Այն գրեթե հավասար է խփած գոլերի նրա ցուցանիշին. Լա լիգայում` 14 գոլ, Չեմպիոնների լիգայում` 3:

Երեկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդհանուր 5 անգամ են հարվածել դարպասաձողերին: Մեկական անգամ բախտը չի ժպտացել նաև Ժորդի Ալբային ու Լուիս Սուարեսին:

Անհատական վիճակագրության տեսանկյունից կատալոնացիների առաջատարի անհաջող խաղի գագաթնակետը դարձել է չիրացված 11-մետրանոցը, երբ «Դեպորտիվոյի» դարպասապահ Ռուբենը հիասքանչ սեյվ է կատարել: «Gracenote» վիճակագրական թվիթերյան էջը հայտնում է, որ վերջին 12 տարում Լիոնելը դարձավ «բլաուգրանայի» առաջին ֆուտբոլիստը, ով օրացույցային տարվա ընթացքում չի իրացրել 11-մետրանոց երեք հարված: 2005 թվականին նման վրիպումներ թույլ էր տվել Սամուել Էտո’Օն:

Մեսսին «Դեպորտիվոյի» հետ խաղում

Հետևեք մեզ նաև Telegram-ում