Ի՞նչ է սպառնում «Բարսելոնային» Գրիզմանի հետ բանակցելու համար

Ի՞նչ է սպառնում «Բարսելոնային» Գրիզմանի հետ բանակցելու համար

Երեկ «Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին: Մադրիդցիները հայտարարել են, որ «կապտանռնագույններն» իրավունք չունեն տրանսֆերի կապակցությամբ բանակցություններ վարելու հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:

AS.com-ը գրում է` «հնդիկները» բողոք են ներկայացրել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հանդիպել է ֆրանսիացու ծնողների հետ (Անտուանը գործակալ չունի, ուստի նրա պայմանագրային հարցերով զբաղվում է քույրը): Բողոքը սկզբում դիտարկելու է ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակների կոմիտեն, որից հետո այն կարող է հայտնվել Կարգապահական կոմիտեի մոտ:

«Բարսելոնային» կարող են պատժել գումարային տուգանքով կամ այլ նյութական միջոցով, եթե ապացուցվեն 26-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցային փուլում կատարված խախտումները: Եթե ՖԻՖԱ-ն խախտումը բավական լուրջ համարի, ապա կատալոնական ակումբին կարող է արգելել ձեռք բերել Գրիզմանին կամ նույնիսկ որոշ ժամանակ ընդհանրապես տրանսֆեր կատարել:

«Գրիզմանի գործում» ՖԻՖԱ-ն կարող է օգտագործել Ֆիլիպ Մեքսեսի տեղափոխության շուրջ տեղի ունեցած նախադեպը: 2004 թվականին ֆրանսիացին «Օսերից» տեղափոխվեց «Ռոմա»: Այն ժամանակ պաշտպանն առանց ակումբի համաձայնության մեկնել էր Հռոմ, որ պայմանագիր կնքի «գայլերի» հետ և լուսանկարվել օդանավակայանում: ՖԻՖԱ-ն մեկ տարով տրանսֆերային արգելք էր սահմանել իտալացիների նկատմամբ ու ակումբին տուգանել 8 միլիոն եվրոյով: Մեքսեսը 6 շաբաթով հեռացվել էր ֆուտբոլից: Ավելի ուշ CAS-ը (արբիտրաժային դատարան) հանել էր ֆրանսիացու պատիժը, «Ռոմայի» տուգանքը նվազեցրել մինչև 7 միլիոն, իսկ տրանսֆերային արգելքը դարձրել կես տարի:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է վճարել Գրիզմանի հրաժարագինը, որն ամռանը կազմելու է 100 միլիոն եվրո: Կատալոնական մամուլը գրում է, որ նման դեպքերում ակումբը կարիք չունի բանակցելու ֆուտբոլիստի ներկայիս ակումբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում