Պաշտպան-հարձակվողը, ով դարձավ Ռոբերտո Կարլոսի արժանի հետնորդը

Պաշտպան-հարձակվողը, ով դարձավ Ռոբերտո Կարլոսի արժանի հետնորդը

«Նա մարգարիտ էր, որին Եվրոպայի կեսը ցանկանում էր»,-ասել է «Ռեալի» նախկին նախագահ Ռոման Կալդերոնը: Այդպես էլ կա. «Ռեալը» մինչև այսօր երախտապարտ է ճակատագրին, որ ժամանակին կարողացել է երիտասարդ բրազիլացուն իր թևի տակ առնել:

Մարսելոյի տաղանդն ակնհայտ էր, ու «Ֆլումինենսեի» կազմում 30 հանդիպումից հետո երիտասարդի համար պայքար սկսեցին եվրոպական մի շարք ակումբներ: «Սևիլյան» մոտ էր հաղթանակին, բայց ինչ-որ մեկը Մարսելոյի ականջին շշնջաց «Ռեալի» հետաքրքրվածության մասին: Դրանից հետո նա որևէ այլ ակումբի մասին անգամ մտածել չէր կարող:

Առաջին բարդությունները

«Ռեալում» երիտասարդ ֆուտբոլիստները հազվադեպ են հնարավորություն ունենում մեկնարկային կազմում հայտնվելու, հատկապես, եթե նրանց դիրքում խաղում է, օրինակ, Ռոբերտո Կարլոսը:

Հենց այդ պատճառով մադրիդցիները ցանկանում էին, որ Մարսելոն նախ «Կաստիլյայում» խաղար։ Բայց Ֆաբիո Կապելոն, ով այդ ժամանակ թիմի մարզիչն էր, այլ կարծիքի էր: Նա ցանկանում էր, որ վունդերկինդին թույլ տային մարզվել մեծահասակների թիմում: Թեև հանրահայտ մարզադաշտում խաղալու հնարավորություն Մարսելոն չուներ, բայց չհանձնվեց:

Ի բախտավորություն բրազիլացու, նոր մարզիչ Բերնդտ Շուստերը չվախեցավ երիտասարդներին հնարավորություն տալ։ 2007-08թթ. Մարսելոն արդեն պարբերաբար խաղում էր մեկնարկային կազմում: Սակայն գերմանացուն փոխարինելու եկած Խուանդե Ռամոսը Մարսելոյին կիսապաշտպանությունում էր տեսնում: Պաշտպանությունում նա ավելի շատ Գաբրիել Հայնցեին էր վստահում: Մարսելոն չվախեցավ. նա տեխնիկա ուներ ու նոր դերը բարձր գլխով ստանձնեց, պահպանեց այն անգամ Մանուել Պելեգրինիի ժամանակ:

Երկար սպասված առաջընթաց

2010 թվականին ամեն ինչ վերջնականապես փոխվեց: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ֆուտբոլիստներին հրահանգներ սկսեց տալ Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացին Մարսելոյին վերադարձրեց ձախ պաշտպանի դիրք ու փոխեց մարտավարությունը՝ 4-2-3-1:

Փոփոխությունների արդյունքում թիմը 105 գոլ խփեց ու նվաճեց Իսպանիայի գավաթը: Մարսելոն լավն էր, ինչպես երբևէ ու մեծ ուշադրություն էր գրավում: Նա հավասարաչափ ուժեղ էր թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Մրցակիցները պետք է ոչ միայն Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայքարեին, այլ նաև Մարսելոյի: Մարսելոն այնպես էր խաղում, որ Ռոնալդուն դադարեց զուտ եզրային խաղացողը համարվել և աստիճանաբար սկսեց ավելի շատ կենտրոնում խաղալ։

Մոուրինյուի ղեկավարությամբ երկրորդ մրցաշրջանում «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն, Մարսելոն 4 գոլ խփեց ու արդյունավետ 9 փոխանցում կատարեց:

Ամենասկզբից Մարսելոյին Կարլոսի հետնորդ էին անվանում: 5 տարի անց պարզ դարձավ, որ դա այն քիչ դեպքերից մեկն էր, երբ նման համեմատությունը հիմքեր ուներ: Մարսելոն արագ էր, տեխնիկապես հարուստ ու միշտ վտանգավոր: Անգամ Ֆաբիո Կուենտրաուի հայտնվելուց հետո նա չթուլացավ ու պահպանեց հիմնական կազմի ֆուտբոլիստի կարգավիճակը:

Մրցակցությունը Կուենտրաուի հետ

«Ռեալում» Կուենտրաուն 5 տարի խաղաց: Նա լավ պաշտպան է, բայց չունի այն կրակը, որ Մարսելոյի մեջ է: «Ռեալում» բավարար չէ միայն «լավ պաշտպան» լինելը, ու 18 տարեկանում Մադրիդ տեղափոխված Մարսելոն դա գիտեր, ինչպես ոչ ոք: Գուցե Կուենտրաուն լավագույն պաշտպանն էր, բայց մի՞թե ուներ նույնքան հատկանիշներ: Ոչ: Իր դիրքում Մարսելոն բազմաֆունկցիոնալ էր:

Մարսելոն, իհարկե, իդեալական չէ: Որևէ ֆուտբոլիստ կարիերայի ընթացքում քննադատությունից չի խուսափել: Մարսելոյի հետ ևս պատահել է: Վառ, կրքոտ ֆուտբոլիստը երբեմն բավարար չափով ուշադրություն չի դարձրել պաշտպանությանը: Նա միշտ չէ, որ ժամանակին է վերադարձել սեփական դարպասի մոտ, միշտ չէ, որ կարողացել է զսպել իրեն դաշտում:

Բրազիլացի պաշտպանների մասին այս խոսքերը հաճախ կարելի է լսել։ Դավիդ Լուիսից մինչև Դանի Ալվես․ նրանք հիանալի հարձակվում են, բայց երբեմն չափից ավելի են տարվում ու մոռանում իրենց հիմնական պարտականությունների մասին:

Մարսելոն ևս այդպիսին է: Սակայն ժամանակները փոխվում են, և այժմ մարզիչներն այլևս մաքուր պաշտպան չեն փնտրում։ Նրանց պետք է մեկը, ով մրցակցի տուգանայինում օգտակար է այնքան, որքան սեփական դարպասի մոտ: «Հարձակումը պաշտպանության լավագույն ձևն է», սա վերաբերում է նաև ֆուտբոլին: Ժամանակակից ֆուտբոլում գրոհը շատ հաճախ հենց պաշտպանությունից է սկսվում: 

Մեծ պահերի մարդը

2013-ին մադրիդյան թիմը գլխավորեց Կարլո Անչելոտին ու իր հետ 4-3-3 ձևաչափը բերեց: Եզրային պաշտպանի դերը հարձակման գծում մեծացավ: Կուենտրաուն և Մարսելոն հերթափոխով էին խաղում, բայց Չեմպիոնների լիգայի եզրափակչում հենց բրազիլացին դարձավ լավագույններից մեկը:

Կուենտրաուին երկրորդ խաղակեսում փոխարինելով՝ Մարսելոն Ռոնալդուին թույլ տվեց կենտրոն տեղափոխվել: Իրեն ենթարկեց եզրը, խփեց երրորդ գոլն ու հերոսացավ:

Ինչ-որ բան փոխվում է, երբ Մարսելոն դաշտում է: Թիմից սպասելիքները ևս ուրիշ են դառնում: Նա արդյունք է տալիս, լինի դա «Բավարիայի» դեմ խաղը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում, թե Լա լիգայում «Վալենսիայի» դեմ առանցքային հանդիպումը: Մարսելոն անձնավորում է «Ռեալը», ինչպես Զիդանն է կարծում:

Քամբեքի վարպետներից

Զինեդին Զիդանի «Ռեալը» բազմիցս դրամատիկ գոլերով ու հաղթանակերով է աչքի ընկել: Գրեթե միշտ այդ հաղթանակները կերտողներից մեկը Մարսելոն է եղել: Բրազիլացին չի հանձնվում ու առաջ գնալու կարողությամբ հիացնում է երկրպագուներին: «Ռեալի» պես ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է այդպիսին լինի:

Մարսելոն հիմա փոխավագ է: Նա ավելի քան 10 տարի ակումբում է, ու «Ռեալը» հարազատ է նրան: Իր գիտելիքները Մարսելոն փոխանցում է մյուսներին: Խթանում է երիտասարդներին, հանգստացնում Ռամոսին, Ռոնալդուի հետ ուժեղագույն դուետի մի մասն է: Թվում է՝ նա հենց Ռոբերտո Կարլոսի մակարդակին է․․․

«Ռեալի» համար շատ շահավետ էր Մարսելոյին գտնել հենց այն ժամանակ, երբ Կարլոսը պատրաստվում էր հեռանալ: Մնում է հուսալ, որ բրազիլացուն էլ փոխարինող կգտնվի: Հիմա նա դեռևս անփոխարինելի է: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում