Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ ֆուտբոլիստները

Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ ֆուտբոլիստները

Ներկայացված ութնյակի ֆուտբոլիստների տարիքը չի գերազանցում 19-ը, բայց նրանց պայմանագրերը շատ ավելի բարձր գին ունեն, քան աստղային ֆուտբոլիստներից շատերինը:

Կրիստիան Պուլիշիչ, «Բորուսսիա Դորտմունդ» – 26.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Ջոշուա Կիմիխ, «Բավարիա», 25.000 ֆունտ շաբաթական

Ամերիկացին արդեն 75 հանդիպում է անցկացրել հիմնական կազմում: Կրիստիանի հաջողություններն անտեսելը բարդ է։ Նա ոչ միայն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, այլ ԱՄՆ-ի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստը: Նա արժանի է ներկայիս պայմանագրին, և անգամ արժե սպասել աշխատավարձի բարձրացման։

Կայ Հավերց, «Բայեր» – 27.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Սուսո, «Միլան», 22.000 ֆունտ շաբաթական

Հավերցը, ինչպես Պուլիշիչը, իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Նա բարձրակարգ մակարդակում 35 խաղ է անցկացրել: Հավերցը կենտրոնական կամ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում է խաղում: Գերմանացին խաղացել է հավաքականի բոլոր տարիքային խմբերում, իր հնարավորություններով գրավել եվրոպական լավագույն ակումբների սկաուտների ուշադրությունը, իսկ հիմա հնարավորություններ ունի Գերմանիայի հավաքականի հետ Ռուսաստան մեկնելու համար:

Յան Կարամո, «Ինտեր» – 32.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Դրիս Մերտենս, «Նապոլի», 28.000 ֆունտ շաբաթական

Կարամոն «Կանի» սան է: Չնայած ծնվել է Կոտ դ՛Իվուարում՝ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում է խաղում: Նա կենտրոնական հարձակվողի կամ հարձակման աջ թևում է խաղում: Կարամոյի ծառայություններով անգլիական շատ թիմեր էին հետաքրքրված, բայց «Ինտերը» հաղթող դուրս եկավ ու 2 տարով վարձավճարի դիմաց ձեռք բերեց նրան: Նա դեռևս այնքան էլ հաճախ չի խաղում, բայց գուցե դառնա Սպալետիի թիմի օգնական ուժը մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Պանայոտիս Ռեցոս, «Բայեր» – 34.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Դանիելե Ռուգանի, «Յուվենտուս», 21.000 ֆունտ շաբաթական

Այո, «Բայերը» չի վարանում մեծ գումար վճարել երիտասարդ ֆուտբոլիստներին: «Օլիմպիակոսի» սանը կենտրոնական պաշտպանի դիրքում է խաղում: 2016-17թթ. վատ մրցաշրջան չի անցկացրել, դարձել է շատ ակումբների կռվախնձոր, բայց արդյունքում «Բայերին» բաժին հասել (17.5 մլն եվրոյի դիմաց): Ռեցոսը ՀԱՀ-ի հավաքականի ֆուտբոլիստ է:

Դուգլաս Լուիս, «Մանչեսթեր Սիթի» (վարձավճարով` «Ժիրոնա») – 40.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում` Լորենցո Ինսինյե, «Նապոլի», 35.000 ֆունտ շաբաթական

Գուցե անծանոթ է այս ֆուտբոլիստը, բայց անգլիական ԶԼՄ-ները վստահեցնում են, որ հեռանկարային խաղացող է: Ամռանը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո Լուիսը միանգամից «Ժիրոնա» գնաց վարձավճարի դիմաց: Կենտրոնական կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 5 խաղի է մասնակցել:

Դայոտ Ուպամեկանո, «Լեյպցիգ» –  41.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Կազեմիրո, «Ռեալ», 40.000 ֆունտ շաբաթական

Ինչպես իրեն հարգող ցանկացած ֆուտբոլիստ, Դայոտը «Զալցբուրգից» տեղափոխվեց «Լեյպցիգ»․․․ Նրա համար արդեն իսկ լավ գումար են առաջարկում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», բայց «Լեյպցիգը» պատրաստ չէ հրաժարվել իր տաղանդից:

Մարտին Էդեգոր, «Ռեալ» (վարձավճարի դիմաց «Հերենվենե») – 84.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում՝ Դելե Ալի (57.000), Գաբրիել Ժեզուս (75.000)

Մարտին Էդեգորի մասին գիտենք յութուբյան տեսանյութերից: Երկու տարի առաջ երիտասարդ տաղանդի համար իսկական պայքար էր գնում: «Ռեալը» հաղթող դուրս եկավ ու 15-ամյա ֆուտբոլիստի համար տարեկան 5 մլն ֆունտ առաջարկեց: Էդեգորն իրեն դեռ չի դրսևորել անգամ «Կաստիլյայում», իսկ հիմա ուժերն է փորձում «Հերենվենում»: Նրա կարիերան դեռ առջևում է:

Ջանլուիջի Դոնարումա, «Միլան» – 180.000 ֆունտ շաբաթական
Ո՞վ է ավելի քիչ վաստակում` Յան Օբլակ (58.000)

Մինո Ռայոլան հսկայական պայմանագիր ձեռք գցեց իր հաճախորդի համար: Սակայն հիմա «Միլանի» երկրպագուները Ջիջիին իրենց աստղը չեն համարում, իսկ գործակալը փորձում է նրան որևէ թոփ-ակումբում տեղավորել:

Վերջում խոսենք նաև Կիլիան Մբապեի մասին: «Մոնակոյում» նա 17.000 ֆունտ էր վաստակում: Հիմա նա «Պարի Սեն Ժերմենում» է, բայց պայմանագիրը դեռ «Մոնակոյին» է պատկանում: Հայտնի չէ, թե ՊՍԺ-ն որքան է վճարում (ոչ պաշտոնական տվյալներով` շաբաթական 346 հազար ֆունտ): Հենց Կիլիանը լիարժեք պայմանագիր ստորագրի փարիզյան ակումբի հետ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի այս ցուցակը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում