2017 թվականը հայկական ֆուտբոլում. ամփոփում

2017 թվականը հայկական ֆուտբոլում. ամփոփում

2017 թվականը մոտենում է ավարտին: Տարի, որը հայկական ֆուտբոլի համար լեցուն էր ուրախությամբ և տխրությամբ, ձեռքբերումներով և հիասթափություններով: Sport Times-ն ամփոփել է 2017 թվականի այն կարևորագույն իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են հայկական ֆուտբոլին։

Ազգային հավաքականը

Մեր հավաքականին չհաջողվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Պաշտոնական խաղերում ընդամենը 1 հաղթանակ տոնեցինք և խմբում նախավերջին տեղում ավարտեցինք ընտրական փուլը: Այնուամենայնիվ, 3 ընկերական խաղերում մեր հավաքականը հաղթանակներ տոնեց և թիմում որոշակի կադրային թարմություն նկատվեց: Արթուր Պետրոսյանն էլ կշարունակի աշխատանքը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ պատրաստվելով Ազգերի լիգային:

Հենրիխ Մխիթարյանի տիտղոսները

Հենրիխ Մխիթարյանի համար նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը պարզապես հիանալի դասավորվեց: Հայ ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի հետ երկու տիտղոս նվաճեց՝ Անգլիայի լիգայի գավաթն ու Եվրոպա լիգան: «Այաքսի» դեմ կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում էլ Հենրիխը դարձավ գոլի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում մեկնարկային հատվածում փայլուն խաղ ցուցադրելուց հետո Մխիթարյանն աստիճանաբար զիջեց դիրքերն ու հիմա պայքարում է ՄՅՈւ-ում իր տեղ պահպանելու համար:

Վահան Բիչախչյանի տրանսֆերը

«Շիրակի» երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն արտասահմանյան մի քանի ակումբներում փորձաշրջան անցնելուց հետո, ի վերջո տեղափոխվեց Սլովակիան ներկայացնող «Ժիլինա» ակումբը, որտեղ հանդես է գալիս երկրորդ թիմում: Հաշվի առնելով հայկական ակումբային ֆուտբոլի վիճակը՝ ուրախալի է, որ մեր առաջնությունից դուրս եկած կադրերը կարողանում են արտասահման տեղափոխվել:

Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը

Չգիտես ինչու, Վարազդատ Հարոյանի տեղափոխությունը «Ուրալ», մնաց ստվերում: Շատ քիչ խոսակցություններ, քննարկումներ եղան այս թեմայով, բայց սա մեր ֆուտբոլիստի համար մեծ քայլ էր դեպի առաջ: Ռուսաստանի առաջնությունն այսօր բավականին լավ մակարդակի վրա է․ կան բարձրակարգ թիմեր՝ համալրված աստղերով և թոփ մարզիչներով: Ճիշտ է, Հարոյանը հայտնվել է համեստ «Ուրալում», բայց տարվա ընթացքում 8-10 հանդիպում «Զենիթի», «Սպարտակի», ԲԿՄԱ-ի, «Կրասնոդարի» նման թիմերի դեմ անցկացնելը, շատ լավ փորձ է: Հարոյանը Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Բարսեղյանի և Համբարձումյանի արկածները «Վարդարում»

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը, դեռ երկար կհիշեն 2017 թվականը: Նրանց թիմը՝ մակեդոնական «Վարդարը», պատմության մեջ առաջին եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: Տիգրան Բարսեղյանն ու Հովհաննես Համբարձումյանը «Վարդարի» կազմում խաղացին Եվրոպա լիգայի խմբային փուլում: Բարսեղյանը՝ 6 խաղ, Համբարձումյանը՝ 5: Ճիշտ է, «Վարդարը» խմբային փուլում ընդամենը 1 միավոր վաստակեց, այնուամենայնիվ, հայազգի ֆուտբոլիստների համար մեծ փորձ եղավ «Զենիթի», «Ռեալ Սոսյեդադի» և «Ռուսենբորգի» դեմ խաղալը:

Հայ ֆուտբոլասերներին հպարտանալու առանձնահատուկ առիթ պարգևեց Տիգրան Բարսեղյանը, երբ եռագույն խաղակոշիկներով գրավեց թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը:

Նոր ակումբներ հայկական ֆուտբոլում

Հայկական ֆուտբոլի համար երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ անցնող տարում: Հիմնադրվեցին նոր ակումբներ՝ «Լոռին» և «Արցախը»: Վանաձորյան ակումբը դարձավ Հայաստանի առաջնության Առաջին խմբի աշնանային հատվածի հաղթող, «Արցախը» երկրորդ հորիզոնականում է: Հուսանք՝ հաջորդ տարի այս երկու թիմերը կմասնակցեն նաև Բարձրագույն խմբի առաջնությանը և այն կդառնա ավելի մարտունակ և դիտարժան:

«Ալաշկերտի» չեմպիոնությունն ու ԲԱՏԷ-ի դեմ դիմակայությունը

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 2016-2017թթ չեմպիոն դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Աբրահամ Խաշմանյանի թիմը երկրորդ տարին անընդմեջ արժանիորեն հռչակվեց երկրի չեմպիոն: Ալաշկերտցիները փայլուն հանդես եկան նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Մեր չեմպիոնը որակավորման առաջին փուլում հաղթեց Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմային»: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, իրոք տպավորիչ էր: Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը բելառուսական ԲԱՏԷ-ն էր: Եվ առաջին անակնկալը՝ «Ալաշկերտն» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտում հանդիպումը ու մեծ հույսեր ունենալով՝ վերադառնում է Երևան: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը շատ վաղուց ակումբային խաղերում այդքան մարդաշատ չէր: Ճիշտ է, վերջնական արդյունքը հիասթափեցրեց երկրպագուներին, բայց վերջին տարիներին երևի թե առաջին անգամ հայ երկրպագուներն իսկապես հավատացին, որ մեր չեմպիոնը կարող է հաղթահարել եվրագավաթային մրցաշարի որակավորման երկրորդ փուլը:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում