«Ես չեմ խաղա եզրում». Սկոլարին պատմել է «Չելսիից» հեռանալու պատճառների մասին

«Ես չեմ խաղա եզրում». Սկոլարին պատմել է «Չելսիից» հեռանալու պատճառների մասին

«Չելսիի» նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պատմել է, թե ինչն է դարձել լոնդոնյան ակումբից պաշտոնանկ արվելու պատճառը:

«Իմ թիմում էր խաղում Նիկոլա Անելկան, ով հարձակման գծում էր գործում: Նա առաջնության լավագույն ռմբարկուն էր: Մի օր ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ ասացի. «Դիդյե Դրոգբան կրկին շարք է վերադարձել: Կփորձենք երկու հարձակվողով խաղալ, սակայն միայն մեկը կգործի կենտրոնում, իսկ մյուս եզրում կխաղա: Հետո նրանք կփոխվեն տեղերով»: Իմ այդ խոսքերին Անելկան պատասխանեց. «Ես եզրում չեմ խաղա»: Ես ասացի. «Դու չես էլ խաղալու եզրում, պարզապես ձախ կողմից ես սկսելու գրոհները: Վերջ, խոսակցությունն ավարտված է: Չեմ պատրաստվում վիճել ձեզ հետ»:

Այդ խոսակցությունից հետո սկսեցին տարօրինակ բաներ տեղի ունենալ: Արդյունքում, պաշտոնանկ արվեցի թիմից, որն ԱՊԼ-ում 3-րդ տեղում էր ընթանում և առաջատարից 3-4 միավորով հետ մնում: Մենք նաև Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ էինք դուրս եկել: Բայց թիմի ներսում մթնոլորտը վատն էր: Չգիտեմ` ինչ տեղի կունենար, եթե մնայի «Չելսիում», բայց ստիպված էի հեռանալ և դա ինձ շատ տխրեցրեց:

Մարդիկ ասում են, թե իրական պատճառն այն էր, որ ես անգլերեն վատ էի խոսում: Իհարկե, շատ լավ չէի խոսում, բայց հիանալի էի հասկանում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ Սկոլարին «թոշակառուներին» մարզել է 2008 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի փետրվարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում