Գոլային հրավառություն «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

Գոլային հրավառություն «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղը կայացել է Լոնդոնում, որտեղ մրցել են «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Արդյունավետ ու գեղեցիկ պայքարում անցած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով:

Առաջին կեսում հյուրերին առաջ է մղել Ֆիլիպե Կոուտինյոն, ով իր համար անսովոր` գլխի հարվածով գրավել է Պետր Չեխի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկում Մոհամեդ Սալահը վարպետորեն կատարած հարվածով կրկնապատկել է հաշիվը:

Այդ գոլից հետո «զինագործները» կերպարանափոխվել են ու 5 րոպեի ընթացքում ոչ միայն քամբեք կատարել, այլ նաև հաշվի մեջ առաջ անցել: Մեկական անգամ աչքի են ընկել Ալեքսիս Սանչեսը, Գրանիտ Ջական ու Մեսութ Օզիլը:

Որոշ ժամանակ անց Ռոբերտո Ֆիրմինոն կրկին վերականգնել է հաշվի հավասարակշռությունը, որից հետո այլ գոլեր չեն գրանցվել:

19-րդ տուրից հետո այս թիմերին շարունակում է բաժանել մեկ միավոր: Յուրգեն Կլոպի թիմն ունի 35 միավոր, իսկ Արսեն Վենգերինը` 34:

ԱՊԼ. 19-րդ տուր
«Արսենալ» – «Լիվերպուլ»` 3:3
Գոլերը՝ Սանչես (53), Ջակա (56), Օզիլ (58) – Կոուտինյո (26), Սալահ (52), Ֆիրմինո (71)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում