Սանչեսին փոխարինողը. «Արսենալը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

Սանչեսին փոխարինողը. «Արսենալը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Ինչպես հայտնում է «Gambling Times»-ը, լոնդոնյան ակումբն արդեն կապ է հաստատել «կարմիր սատանաների» հետ:

«Զինագործներն» ուշադիր հետևում են հայ ֆուտբոլիստի ու նրա ներկայիս ակումբի շուրջ իրադարձություններին և փորձում են այն իրենց օգտին թեքել: Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Ալեքսիս Սանչեսին արժանի փոխարինող է համարում հենց Մխիթարյանին: Լոնդոնում արդեն համակերպվել են ընթացիկ մրցաշրջանից հետո չիլիացու հեռանալու հետ: Վերջինս ամռանն ազատ գործակալ է դառնալու:

Մայրաքաղաքային ակումբը Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված էր դեռ, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսսիայում», սակայն տրանսֆերային պայքարում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 28-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Ինտերը» և նույն «Բորուսսիան»:

Մխիթարյանը երկար ընդմիջումից հետո մանչեսթերցիների կազմում փոխարինման է մտել Անգլիայի Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Բրիսթոլ Սիթիի» դեմ խաղում (1:2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում