«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը թվերով ու փաստերով

«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը թվերով ու փաստերով

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում կայացել է «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվել է կատալոնացիների խոշոր` 3:0 հաշվով հաղթանակով: Այդ խաղի ընթացքում մի շարք ուշագրավ վիճակագրական թվեր են արձանագրվել:

• «Կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսին 2017 թվականի օրացույցային տարվա հաշվարկում գլխավորել է լավագույն ռմբարկուների ցուցակը: Արգենտինացին 54 գոլ է խփել: 53-ական գոլով են աչքի ընկել Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ) և Հարի Քեյնը («Տոտենհեմ»): Մեսսիին կարող է շրջանցել միայն Քեյնը, որի թիմը դեկտեմբերի 26-ին մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ:

• Հանդիպման ընթացքում բոլորից շատ հաջողված խաբքերի է դիմել «բլաուգրանայի» աջ պաշտպան Սերժի Ռոբերտոն: Նա 7 անգամ շրջանցել է մրցակիցներին: Երկրորդ տեղում է Մեսսին (6), իսկ երրորդում` Իվան Ռակիտիչը (5): «Սերուցքայիններից» առանձնացել է Լուկա Մոդրիչը (4): Մադրիդցիների ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն ընդամենը մեկ հաջող խաբք է կատարել:

• «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն առաջին անգամ հաղթեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմին: Նախկինում ֆրանսիացու գլխավորությամբ «Ռեալը» բոլոր 5 խաղերում պարտության էր մատնել Վալվերդեի թիմերին («Ատլետիկ Բիլբաո», «Բարսելոնա»):

• Երեկվա «Էլ Կլասիկոյի» ժամանակ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին 8 սուր փոխանցում է կատարել: «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների ցուցանիշը միասին վերցրած նույնպես 8 է կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը միջինը մեկ խաղում 5,5 սրող փոխանցում է կատարում, ինչը թոփ-5 լիգաների լավագույն ցուցանիշն է:

• Զիդանի գլխավորությամբ անցկացրած մոտ 2 տարվա ընթացքում «Ռեալը» պաշտոնական խաղերում երբեք խոշոր հաշվով (երեք և ավելի գնդակի տարբերությամբ) պարտություն չէր կրել: Ավելին, ֆրանսիացու թիմը միայն երկու անգամ էր մրցակիցներին զիջել երկու գնդակի տարբերությամբ («Վոլֆսբուրգին»` 0:2, «Տոտենհեմին»` 1:3):

• Մեսսին պաշտոնական խաղերում «Բարսելոնայի» կազմում 526-րդ գոլն է հեղինակել, ինչի շնորհիվ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների մեկ թիմի կազմում խփած գնդակների ռեկորդակիր: Նա շրջանցել է «Բավարիայի» լեգենդար ռմբարկու Գերդ Մյուլերին (525):

• «Բարսելոնան» գնդակի համար պայքարում զգալիորեն գերազանցել է «Ռեալին»: Հանդիպման ընթացքում արձանագրված 111 մենապայքարներից 63-ը հաղթել են «կապտանռնագույնները» (57%), իսկ տանտերերը` 48 (43%): Մենապայքարների տեսանկյունից սա ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» ամենաանհաջող խաղն էր: Այնուամենայնիվ, նույնիսկ նման ցուցանիշից հետո «սերուցքայինները» մնում են Լա լիգայում հաղթած մենապայքարների առաջատար (55,2 %): «Բլաուգրանան» երկրորդ տեղում է (53,4%):

• Անհատական մենապայքարներով առաջատար են դարձել Սերժի Ռոբերտոն ու Լուկա Մոդրիչը: Երկուսն էլ հաղթել են 10-ական մենապայքար, սակայն կատալոնացին դա արել 12 հնարավորությունից (83 %), իսկ խորվաթը` 16 (63 %):

• Մադրիդցիների հարկի տակ «Բարսան» 7-րդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «սուպերկլասիկոյում»: «Սերուցքայինները» կատալոնացիների մարզադաշտում նման հաջողության հասել են ընդամենը 2 անգամ: Վերջին անգամ 1963 թվականին:

• «Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ Լա լիգայի երեք անընդմեջ առաջնություններում արտագնա հաղթանակ է տարել «Ռեալի» նկատմամբ: 2015-16թթ. մրցաշրջանում կատալոնացիներն առավելության էին հասել 4:0 հաշվով, 2016-17թթ. մրցաշրջանում` 3:2, իսկ ընթացիկ (2017-18թթ) մրցաշրջանում` 3:0:

• 17-րդ տուրից հետո «Բարսելոնան» 9 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Վալենսիայից»: Պրիմերայի պատմության ընթացքում միավորների նման առավելություն ունեցող թիմը երբեք չեմպիոնությունը բաց չի թողել:

Վիճակագրական տվյալները` «Opta», «InStat», ESPN, «MisterChip», «Marca», «Gracenote Live» կայքերից ու վիճակագրական էջերից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում