Մոուրինյու. Մխիթարյանն արագություն հաղորդեց մեր խաղին

Մոուրինյու. Մխիթարյանն արագություն հաղորդեց մեր խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Բերնլիի» հետ խաղը (2:2), որում նրա թիմը լրացուցիչ ժամանակում խուսափել է պարտությունից:

«Այսօր պարտավոր էինք հաղթել: Գոհ եմ թիմի խաղից ու 0:2 հաշվի ժամանակ նրանց ճիշտ արձագանքից: Իմ ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով պայքարեցին, այդ պատճառով նրանց հասցեին ոչ մի վատ բան չեմ կարող ասել: Գովելի է թիմային ոգին ու երկրորդ կեսում ռիսկի դիմելու պատրաստակամությունը:

Չեմ հասկանում` ինչպես մրցակիցը կարողացավ երկու գոլ խփել: Արդյունքում, մենք պետք է երկրորդ խաղակեսում երկու գնդակով պատասխանեինք, երբ խաղում էինք մեկ պաշտպանով` Ֆիլ Ջոնսը: Նման հսկայական առավելության ժամանակ երկու գոլ խփելը ոչինչ է: Լինգարդն ու Մխիթարյանը, փոխարինման մտնելով, արագություն հաղորդեցին մեր խաղին: Մեկ միավորը դա պարտություն չէ, սակայն մեր ջանքերի դիմաց նվազագույն փոխհատուցումն է:

Այսօր, ինչպես և «Լեսթերի» դեմ նախորդ մրցավեճում, «Մանչեսթեր Յունայթեդն» արժանի էր հաղթանակին, բայց կրկին ոչ-ոքի գրանցվեց: Ընդմիջումից հետո «Բերնլին» ոչ մի անգամ չանցավ կիսադաշտը:

ՄՅՈւ-ից չեմպիոնություն եք պահանջում միայն նրա համար, որ այս ակումբը մեծ պատմություն ունի: Բայց չեմպիոն դառնալու համար պետք է մեծ թիմ լինել: Այս ընթացքում մեր կատարած ծախսերը բավական չեն: Այդ առումով դժվար է մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը պաշտպաններին ձեռք է բերում հարձակվողների գնով»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Նշենք, որ 2016 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո «Յուրահատուկի» պահանջով անգլիական ակումբը 322 միլիոն եվրոյի նոր ֆուտբոլիստներ է գնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում