USD
EUR
RUB

Մերժեց «Բարսելոնային» և լեգենդար գոլ խփեց «Ինտերում». Յուրի Ջորկաեֆի անցած ուղին

 

1998 թվականի գարնանը նրա մայրը նամակ ստացավ Մոնիկ Դրյուից՝ գրականության ուսուցչուհուց: Վերջինս տանը գտել էր տասնամյա Յուրի Ջորկաեֆի շարադրությունը` «Ինչ եմ դառնալու, երբ մեծանամ» թեմայով, և որոշել էր աշխարհի առաջնությունից առաջ կիսվել այդ «հայտնագործությամբ»:

«Երբ մեծանամ, ցանկանում եմ ֆուտբոլիստ դառնալ, խաղալ «Լիվերպուլի» պես մեծ ակումբում: Ուզում եմ շատ գոլեր խփել ու կարիերայիս վերջում տեղափոխվել «Նյու Յորք Կոսմոս», որտեղ կխաղամ Կրուիֆի, Պելեի ու Բեկենբաուերի հետ: 20 տարեկանում ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ և եզրափակչի միակ գոլը խփել»,- 1978 թվականին գրել էր Ջորկաեֆը:

Հայրական կողմից Յուրիի պապը` Արմադիկ Ջորկաևն ազգությամբ կալմիկ էր և ծնվել էր Աստրախանում: Պատանեկան տարիներին նա երկու տարի ծառայել է Ավստրո-Հունգարիայի սահմանին, ապա քաղաքացիական պատերազմի ժամանակ դուրս եկել է կարմիրների բանակի դեմ: 20-ական թվականների սկզբին նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել են Օհանյանների ընտանիքին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել էին Բուրսա քաղաքից: Հետագայում նրա որդին (Յուրիի հայրը) ամուսնացել է Մարիա Օհանյանի հետ: 1968 թվականին Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» գրքի հիման վրա Դևին Լինի նկարած ֆիլմն արժանացավ «Օսկարի» 5 մրցանակի, իսկ Ժան Ջորկաեֆն իր երկրորդ որդուն անվանեց Օմար Շարիֆի մարմնավորած գլխավոր հերոսի` Յուրի Ժիվագոյի պատվին: Որդու ծնունդից երկու տարի առաջ Ժանը Ֆրանսիայի հավաքականի հետ տապալվեց Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում. երեք խաղում 1 միավոր և խմբում վերջին տեղը: 1970 թվականին Ժանը տեղափոխվեց ՊՍԺ, որն այդ տարի առաջացել էր «Փարիզ» ու «Սեն Ժերմեն» ակումբների միավորումից: Նա դարձավ թիմի առաջին ավագը: Կարիերայի ավարտից հետո Ժանը սկսեց մարզել հայ ֆուտբոլիստներից կազմված թիմը, որը գտնվում էր Լիոնի մերձակայքում` Դեսին Շարպեում: 90-ականներին նա Յուրիի օգնությամբ այդտեղ մարզադաշտ կառուցեց: Խաղերից հետո Ժան ու Մարիա Ջորկաեֆները ֆուտբոլիստներին և երկրպագուներին խորոված ու թաբուլե էին հյուրասիրում:

Յուրին այդ թիմի կազմում սկսեց խաղալ 9 տարեկանից՝ հրաժեշտ տալով ձյուդոյին, որը մայրն էր պարտադրում, իսկ 15 տարեկանում «Սոշոյում» անհաջող փորձաշրջանից հետո տեղափոխվեց «Գրենոբլ»: Նա թողեց տունը, սկսեց ապրել հանրակացարանում, իսկ երկու տարի անց նորամուտը նշեց ֆրանսիական երկրորդ լիգայում, «Մոնպելյեի» դեմ խաղում, որի կիսապաշտպանությունը զարդարում էր Լորան Բլանը: 1986 թվականին «Գրենոբլը» նահանջեց երրորդ դիվիզիոն, որտեղ Յուրին հանդիպեց իր ավագ եղբորը` Դենիին, ով նաև ընտանեկան սրճարանի կառավարիչն էր։

Բուլղարացի մարզիչ Պալմեն Մարկովի որոշմամբ Յուրին 18 տարեկանում դարձավ «Գրենոբլի» ավագը: Դրանից առաջ նա սրճարանում ծանոթացել էր օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սոֆի Խիմենեսի հետ: Վերջինս պարծենում էր, որ մեկ տարուց սովորելու է Անգլիայում, սակայն հեռանալուց երկու շաբաթ հետո վերադարձավ Գրենոբլ... Յուրիի մոտ: «Տարիներ անց Սոֆին թագմանիչների դպրոց բացեց Լիոնում, բայց երիտասարդ տարիներին նա իր ուսումը զոհաբերեց հանուն ինձ»,- ինքնակենսագրական գրքում գրել է Ջորկաեֆը: Իրենց առաջնեկին նրանք անվանեցին «Դոկտոր Ժիվագոյի» կերպարներից մեկի` Ալեքսանդր Գրեմկոյի պատվին:

1989 թվականի ամռանը Յուրին ու Սոֆին տեղափոխվեցին Ստրասբուր՝ չնայած «Գրենոբլի» նախագահ Մարկ Բրայոնն այն աստիճան էր դեմ այդ քայլին, որ Ջորկաեֆը ստիպված էր գործադուլ հայտարարել և չներկայանալ մարզումներին: Բրայոնը ֆուտբոլում հայտնի էր նրանով, որ մրցաշրջանի ընթացքում փոխել էր «Գրենոբլի» գույները` դարձնելով սպիտակ ու սև: Նա տեսիլք էր ունեցել, որ դա հաջողություն կբերի: Նրա մոտ տեսիլքները սկսել էին Կոտ դ'Իվուար կատարած այցից հետո, որտեղ նա ցուլի արյուն էր խմել: Երբ Ջորկաեֆը պահանջեց իրեն տրանսֆերի հանել, Բրայոնն առաջարկեց.

-Եթե նրանք վճարեն 5 միլիոն ֆրանկ, քեզ բաց կթողնեմ:
- Բայց դա անմտություն է, մրցաշրջանն արդեն սկսվել է: Ոչ ոք ինձ համար այդքան չի վճարի։
- Իսկ դու համոզիր նրանց և կստանաս այդ գումարի 15 տոկոսը։

Հաջորդ տուրում «Գրենոբլը» մրցում էր հենց «Ստրասբուրի» հետ: Խաղից հետո Յուրին առաջ քաշված պայմանների մասին պատմեց «Ստրասբուրի» նախագահ, նորաձևության դիզայներ Դանիել Հեխտերին, իսկ վերջինս անսպասելիորեն համաձայնության եկավ: Ճիշտ է, 15 տոկոսը Յուրին այդպես էլ չստացավ: 90-ականներին Բրայոնին խարդախության համար դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, սակայն նա բողոքարկեց որոշումը, և ամեն ինչ ավարտվեց խոշոր տուգանքով:

Ջորկաեֆի խփած 21 գոլերը «Ստրասբուրին» չօգնեցին վերադառնալ Լիգա 1: Հեխտերը հեռացավ նախագահի պաշտոնից, և Յուրին մինչև հոկտեմբեր նոր ղեկավարներին համոզում էր իրեն բաց թողնել «Մոնակո», որտեղ նրան կանչում էր գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Տրանսֆերը հաջողվեց: Յուրին միաժամանակ սկսեց ֆուտբոլը համատեղել բանակի հետ, որտեղ ծառայում էր Ֆրանսիայի հավաքականի ապագա խաղացողներ Պատրիս Լոկոյի, Էմանուել Պետիի ու Բիկսանտ Լիզարազյու հետ: Երկուշաբթիից մինչև հինգշաբթի նրանք գտնվում էին ՆԱՏՕ-ի բազայում՝ Ֆոնտեբլո անտառում, իսկ հետո միանում իրենց ակումբներին և հանգստյան օրերին մասնակցում խաղերին: Ծառայության տարիներին Ջորկաեֆը խաղում էր նաև բանակային թիմում, որը գլխավորում էր Ռոժե Լեմերը:

«Գիտե՞ս՝ քո հոր պատճառով կորցրեցի տեղս Ֆրանսիայի հավաքականում»,- ծանոթության ժամանակ ասաց Լեմերը: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- պատասխանեց Յուրին: Պարզվեց, որ 1971 թվականին Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ Ժան Ջորկաեֆն ու Ռոժե Լեմերը գլուխներով բախվել են օդային պայքարում: Երկուսի մոտ էլ արնահոսություն է սկսվել, սակայն Ռոժեի մոտ ավելի ուժգին է եղել: Նա նույնիսկ կարծել է, թե կուրացել է, երբ արյունը փակել է աչքերը: Լեմերը բաց է թողել Նորվեգիայի հետ խաղը, իսկ հետո նրան ազգային ընտրանի այլևս չեն հրավիրել: Փոխարենը մոտ 30 տարի հետո, գլխավոր մարզչի կարգավիճակով նա Ժան Ջորկաեֆի որդու հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

1990 թվականին, զորամասից վերադառնալիս Յուրին վայելում էր Մոնտե Կարլոյի գեղատեսիլ վայրերը: Նա բնակվում էր թենիսիստ Բորիս Բեքերի նախկին բնակարանում, նոյեմբեր ամսին լողում էր ծովում և ազգականների հետ կազինո գնում, ինչը դուր չէր գալիս «Մոնակոյի» նախագահ Ժան Լուի Կամպորային: «Ստրասբուրից» հեռանալուց կես տարի անց Յուրին «Մոնակոյի» հետ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպեց Մարսելի «Օլիմպիկին», որի կազմում էին խաղում Պապենը, Ուոդլը և Բոլին: Խաղից առաջ ֆուտբոլիստներին ողջունեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը: Հետագայում Ջորակեֆի տատը պարծենալով բոլորին ցուցադրում էր իր թոռի ու Միտերանի ձեռքսեղման լուսանկարը և ասում, որ Յուրին նախագահի մոտ ընկերն է:

Եզրափակչում Ջորկաեֆը հարձակման գծում օգնում էր Ջորջ Վեային ու Յուսուֆ Ֆոֆանային, բայց հաղթական գոլը խփեց Ժերալդ Պասին, ով երկրորդ կեսում փոխարինել էր հենց Յուրիին: Առավոտյան Ջորկաեֆն իր համար «Պորշե 911» գնեց: «Մոնակոյում» իր առաջին մրցաշրջանից մնացած նրա մեկ այլ ժառանգությունն «օձ» մականունն էր, որը հորինել էր երկրորդ դարպասապահ Մարկ Դելարոշը, ով տպավորվել էր մարզումների ժամանակ Ջորկաեֆի պտտեցրած հարվածներից: 1994 թվականին Յուրին դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու` երկու անգամ ավելի շատ խփելով թիմի կենտրոնական հարձակվող Յուրգեն Կլինսմանից: Եվ դա այն դեպքում, որ Արսեն Վենգերը Յուրիին օգտագործում էր վինգերի դիրքում: Մեկ տարի անց հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», որը «Canal Plus»-ի հովանավորությամբ իր կողմն էր քաշել գլխավոր մրցակիցների լավագույն ֆուտբոլիստներին:

Առաջին շրջանից հետո ՊՍԺ-ն 7 միավորով գերազանցում էր «Օսերին» ու «Մեցին», սակայն հետո թուլացրեց զգոնությունը, շեղվեց Գավաթակիրների գավաթի կողմը և մարտին «Օսերին» թույլ տվեց շրջանցել իրեն: Ապրիլի կեսերին «Օսերը» սայթաքեց Բաստիայում, և ՊՍԺ-ին հարկավոր էր տանը հաղթել «Մարտիգին»՝ լիգայի ամենաթույլ թիմին, որպեսզի վերադառնա առաջին հորիզոնական: Առավոտյան գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսը թիմին տարավ զբոսանքի, սակայն Յուրին մրսեց և վերադարձավ բաճկոնի հետևից: Նախաճաշից հետո նա իմացավ, որ չի խաղալու «Մարտիգի» դեմ, որովհետև առանձնացել էր թիմից: Եվ դա այն ամենից հետո, երբ նա ՊՍԺ-ին դուրս բերեց Գավաթակիրների գավաթի եզրափակիչ` գոլ խփելով «Դեպորտիվոյի» դեմ արտագնա խաղում, իսկ Փարիզում գոլային փոխանցում կատարեց Պատրիս Լոկոյին: Խաղի ժամանակ Պասկալ Նումայի ստացած վնասվածիքից հետո Ֆերնանդեսը ստիպված էր ասպարեզ դուրս բերել Ջորկաեֆին, սակայն ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել հետնապահին (0:0) և մնաց երկրորդ տեղում:

Որպեսզի Գավաթակիրների գավաթի եզրափակչի` Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղից առաջ թիմը սթափվի, ՊՍԺ-ի նախագահ Միշել Դենիզոն դիմեց անվանի թենիսիստ Յանիկ Նոային (բասկետբոլիստ Ջոակիմ Նոայի հոր) օգնությանը. «Խելքները տեղը բեր»: Ֆուտբոլիստներին դիմելիս Նոան ասաց. «Սա ձեր եզրափակիչն է: Կարող եք լարվածության մեջ ապրելով պարտվել ու դրա համար մինչև կյանքի վերջ զղջալ կամ մոռանաք հիասթափությունները և հաղթեք այս եզրափակիչը: Երկրո՞րդ տարբերակն եք ընտրում: Ուրեմն մինչև խաղը ոչ մի թերթ չեք կարդում: Ձեր կանանց ու ծնողներին խնդրեք, որ պահեն բոլոր հոդվածները: Դրանք հանգիստ կկարդաք եզրափակչից հետո»:

«Ռապիդի» հետ հանդիպումից առաջ ՊՍԺ-ն մարզվում էր Բասկերի երկրում: Ամեն առավոտ ֆուտբոլիստները ֆիտնես-մարզչի օրինակով լողում էին Ատլանտյան օվկիանոսում։ Մի օր ակումբի ղեկավարության թույլտվությամբ փոքր զվարճանքների անցան: Թերապևտ Ֆրեդերիկ Մանկովսկին Սան Սեբաստյանի մոտ հարմարավետ տապաս-բար էր գտել, որտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո ֆուտբոլիստներն արդեն իրենք էին երկու կիթառիստների ուղեկցությամբ նոր հաստատություններ փնտրում: «Տղաներ, գիշերվա 11-ն է, վերադառնալու ժամանակն է»,- հայտարարեց Նոան: Ֆուտբոլիստները դժգոհեցին: Յանիկը հանգստացրեց նրանց, բայց փողոց դուրս գալիս հանեց շապիկը և սկսեց պարել: Մարզիչ Ֆերնանդեսը խրախճանքի հերոսներին դիմավորեց ապշած, սակայն ոչինչ չկարողացավ ասել, որովհետև ժամանակին էին վերադարձել: Նա գնաց քնելու, իսկ ֆուտբոլիստները բացեցին հյուրանոցի մինի-բարը և մինչև լուսաբաց շամպայն էին վայելում: Մի քանի օր անց նրանք Բրյուսելում 1:0 հաշվով հաղթեցին «Ռապիդին»: Մրցանակաբաշխության ժամանակ նրանք պատվանդան էին քաշում Յանիկ Նոային, սակայն նա հրաժարվեց. «Ոչ, սա ձեր հաղթանակն է, վայելեք»: Տոնակատարության ժամանակ որոշ ֆուտբոլիստներ` Ռոշը, Գերենը, Լոկոն, Դելի Վալդեսը մազերը կանաչ ներկեցին («Ռապիդի» գույները) և հաջորդ օրն այդ տեսքով ներկայացան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին:

Այդ հաղթանակից շատ առաջ Յոհան Կրուիֆը Ջորկաեֆին կանչեց «Բարսելոնա»՝ խոստովանելով, որ երազում է հարձակման գծում նրան օգտագործել «ՊՍՎ Էյնդհովենի» ու «Բորդոյի» տաղանդներ Ռոնալդոյի ու Զիդանի հետ միասին: «Թռչող հոլանդացին» նաև նշում էր, որ վստահ չէ` արդյոք հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում» (ակումբի նախագահ Նունյեսին դուր չէր գալիս, որ թիմը երկու տարի անընդմեջ չեմպիոն չի դառնում, իսկ Կրուիֆն ասպարեզ է դուրս բերում իր որդուն` Ժորդիին ու փեսային` դարպասապահ Խեսուս Անգոյին): Իմանալով, որ «Բարսելոնան» բանակցում է անգլիացի մարզիչ Բոբի Ռոբսոնի հետ՝ Կրուիֆը հեռացավ թիմից, իսկ շուտով Կատալոնիա մեկնելու շուրջ մտափոխվեց նաև Ջորկաեֆը:

«Յուրին լավ ֆուտբոլիստ է, բայց միայն խելագարը կարող է հրաժարվել միանալ մեր թիմին»,- Ժան Ջորկաեֆի հետ զրույցում ասաց «կապտանռնագույնների» փոխնախագահ Ժոան Գասպարը, ով տարիներ առաջ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» առաջին տիտղոսից հետո ուրախությունից Թեմզա գետն էր սուզվել:

«Բարսելոնային» մերժելուց հետո Ջորկաեֆը սկսեց նախապատրաստվել Եվրո-96-ին: Գլխավոր մարզիչ Էմե Ժակեն թիմի կազմում չընդգրկեց նախկին ավագ Էրիկ Կանտոնային, ով սկանդալային որակազրկման պատճառով բաց էր թողել գրեթե ամբողջ ընտրական փուլը: Մարզիչը ստեղծագործելու դերը վստահեց Ջորկաեֆին ու Զիդանին, սական Զիզուն ավտովթարի ենթարկվեց և ուղեղի ցնցում ստացավ: Թիմային լուսանկարից առաջ նրան նույնիսկ գրիմ արեցին, որ կապտուկներն ու քերծվածքները չերևան: Եվրո-96-ում Զիդանը լավ չխաղաց (0 գոլ, 0 գոլային փոխանցում), փոխարենը Ջորակեֆը երկրորդ տուրում գոլ խփեց Իսպանիային ու վազեց տրիբունա հարազատների հետ այն տոնելու, ովքեր «Էլանդ Ռոուդ» մարզադաշտ էին եկել Հայաստանի դրոշով: Հետագայում Յուրին կազմակերպեց Ֆրանսիայի մյուս 4 գոլերից երեքը (գոլային փոխանցումներ Կարեմբյուին ու Բլանին, ստիպեց ինքնագոլ խփել բուլղարացի Պանևին), իսկ մրցաշարի ավարտից հետո մեկնեց «Ինտեր»:

Միլանյան ակումբի նախագահ Մասիմո Մորատին Ջորակեֆին հիացրեց ֆրանսերենի հիասքանչ իմացությամբ ու առատաձեռնությամբ: «Այս վզնոցը ձեր կնոջ համար է, իսկ այս նվերը` ծնողների: Ցանկանո՞ւմ եք քաղաքի կենտրոնում ապրել, այլ ոչ թե Կոմո լճի ափի՞ն: Խնդրեմ: Արձակո՞ւրդ է պետք: Ահա Սանկտ Մորիցում իմ բնակարանի բանալին»: 1997 թվականի հունվարին 5-ին Յուրի Ջորկաեֆը «Ռոմայի» դարպասն այնպիսի գոլ խփեց, որից հետո երկրպագուները ծափահարում էին երեք րոպե շարունակ, իսկ մրցավար Գրացիանո Չեզարին գլուխգործոցի հեղինակին խնդրեց մարզաշապիկն իրեն նվիրել:

Տեսանյութ

Մորատին ցանկանում էր «Սան Սիրոյի» մուտքի մոտ տեղադրել Ջորակեֆի արձանն այդ հարվածը կատարելիս, սակայն քաղաքապետարանը թույլ չտվեց: Փոխարենը, հաջորդ մրցաշրջանում «Ինտերն» այդ շրջադարձ հարվածի լուսանկարը տեղադրեց բոլոր աբոնեմենտների հետին մասում: Լեգենդար գոլից երկու շաբաթ առաջ՝ Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում Յուրին գրավեց «Յուվենտուսի» դարպասը, սակայն դեղին քարտերի պատճառով որակազրկվեց և բաց թողեց պատասխան հանդիպումը: Այդ ժամանակ նա դիմեց «Ինտերի» երկրպագուների առաջնորդին. «Ցանկանում եմ խաղը դիտել ձեր տրիբունայում: Նրան հագցրեցին «Ինտերի» գլխարկը․ «Քեզ չպետք է ճանաչեն, այլապես հրմշտոց կսկսվի»: Ջորակեֆը հայտնվեց «Սան Սիրոյի» հարավային տրիբունայում, 4 հազար երկրպագուների միջև, և միայն ընդմիջման ժամանակ լուսանկարիչները նկատեցին նրան:

Իր առաջին իտալական մրցաշրջանում Ջորակեֆն «Ինտերի» կազմում 21 գոլ խփեց: Նա աչքի ընկավ նաև ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում` «Շալկեի» դեմ խաղում, իսկ ահա նրա թիմակից Աարոն Վինտերը վրիպեց և միլանցիները պարտվեցին: Անհաջողությունները շարունակվեցին առավոտյան, երբ տուն վերադառնալիս Յուրին հասկացավ, որ իր «Ֆերրարին» գողացել են: Փոխարենը, մեկ տարի անց «Ինտերը» կրկին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ դուրս եկավ և 3:0 հաշվով ոչնչացրեց «Լացիոյին»: 

Միլանում Յուրին հանդիպեց իր լավագույն ընկերներից մեկին՝ կիսապաշտպան Նիկոլա Բերտիին, ով ապշեցնում էր իր անխոհեմությամբ: Նա մարզումներին գալիս էր սիգար ծխելով և հիանալի էր խոսում ֆրանսերեն: Մի անգամ Բերտին Ջորկաեֆին կանչեց տնային երեկույթի, որտեղ նա հանդիպեց մոտոսպորտի աշխարհի չեմպիոն Մաքս Բյաջիին ու խոստումնալից դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին: «Ինտերից» հեռանալուց հետո Բյաջին տեղափոխվեց «Տոտենհեմ», որտեղ այնպիսի արկածային տարի անցկացրեց, որ նրա հրաժեշտի երեկույթին ներկա եղան Սթինգն ու Մադոննան:

«Գիտե՞ք ինչու եմ սիրում «Ինտերը»: Մի անգամ մարզման եկա իմ լաբրադոր ցեղատեսկի շան հետ: Նա անմիջապես հարձակվեց գնդակի վրա, իսկ հետո նաև ֆուտբոլիստների: Բոլորը միաձայն ծիծաղում էին: Հաջորդ օրը ևս 6 խաղացող մարզմանը բերեցին իրենց շներին: Ակումբի աշխատակիցներն անմիջապես շների համար հատուկ տեղ կառուցեցին և բոլորին կերակրեցին: Հենց նման մանրուքների համար հիացա այդ ակումբով»,- իր ինքնակենսագրական գրքում պատմել է հայ ֆուտբոլիստը:

Շարունակությունը ներկայացված է այս հղմամբ։


Աղբյուրը` sports.ru

Լրահոս
Հավաքականի 3 ֆուտբոլիստ Whoscored-ի վարկածով` ԱL-ի C դիվիզիոնի 2-րդ խմբի` տուրի խորհրդանշական հավաքականում Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց 9-րդ տուրում, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող Սոլոմոն Ուդոն նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում Ազարը չի խաղա Բարսելոնայի դեմ Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին (տեսանյութ) Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում Հայերի հզոր երթը. Մխիթարյանը՝ Լոս Անջելեսի բողոքի ցույցերի մասին Հայաստանի համար. Ալաշկերտի չեռնոգորացի դարպասապահի գրառումը՝ Ադրբեջանին հաղթելուց հետո Արցախում արիաբար զոհվել է Նաիրի բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը Բաչկով․ Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ Նշան Մունչյան․ Բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ, մի հավատ Հայաստանի հավաքականը ժամանեց Լեհաստան (լուսանկարներ) Մարզիկ Էրիկ Օհանյանը վիրավորվել է առաջնագծում Norway Chess. Արոնյանը պարտվեց 4-րդ տուրում Հովհաննես Բաչկովն այսօր կանցկացնի իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Մալանգ Սարրը կարիերան կշարունակի Պորտուի կազմում ՈՒԵՖԱ-ն փոխել է Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրը Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին Արցախին աջակցելու համար Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է բասկետբոլի պատանեկան հավաքականի նախկին անդամը Պաշտոնական. Հայաստան-Ալբանիա խաղը չեղարկվել է Ալեկո Էսկանդարյան. Թույլ մի տվեք ձեզ շեղվել այն փաստից, որ Թուրքիան/Ադրբեջանը անմեղ հայերի են սպանում Արցախում Ադամյանն ու Օզբիլիսը իրենց աջակցությունն են հայտնել հայ զինվորներին Մխիթարյանի մտքերն Արցախում են. Ռոման աջակցում է հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է հանգիստ տալ Բունդեսլիգա․Այնտրախտը արտագնա խաղում հաղթեց Հերտային. ՏԵՍԱՆՅՈՒԹ Զիդան. Մենք հրաշալի կազմ ունենք Լիգա 1․ Լիլը հաղթանակ տարավ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Էդգար Բաբայանը խփել է հաղթական գնդակն ու հեռացվել խաղադաշտից ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը հաջող բուժզննում անցավ ու պայմանագիր ստորագրեց Ֆարերյան թիմը ջախջախեց Թբիլիսիի Դինամոյին, Միլանն ու Տոտենհեմը շարունակում են պայքարը․ ԵԼ-ի 3-րդ որակավորման փուլի ամփոփում Բեյլը՝ Ռեալից հեռանալու մասին. Ոչ մի բանի համար չեմ զղջում Դրաքսլերը հրաժարվել է տեղափոխվել Լիդս Պյանիչ. Բավարիայից կրած 2-8 հաշվով պարտությունն ուղղակի պատահականություն էր Բավարիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սևիլիային ու նվաճեց ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը (տեսանյութ) Բարսելոնան վերջին փորձերը կանի Մարտինեսի տրանսֆերը գնելու համար ԵԼ․ Արարատ-Արմենիան դժվարին պայքարում հաղթեց Ցելյեին ու դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ (տեսանյութ) Սուարեսը «Բարսելոնայի» բազան լքել է արցունքոտ աչքերով Մոուրինյո․ Կարծում եմ՝ Զիդանը ուրախ է Բեյլի հեռանալու կապակցությամբ Ռեալը կարող է 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար, եթե նա ՊՍԺ-ի հետ պայմանագիրը չերկարաձգի
website by Sargssyan