«Բարձրացա սեղանի վրա ու սկսեցի պարել». Աշխարհի չեմպիոն դարձած հայ ֆուտբոլիստը

«Բարձրացա սեղանի վրա ու սկսեցի պարել». Աշխարհի չեմպիոն դարձած հայ ֆուտբոլիստը

Յուրի Ջորկաեֆի մասին պատմության առաջին մասը ներկայացված է այս հղմամբ։

«1998 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ ես, Յուրին ու Մարսել Դեսային Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցում էինք պարգևավճարների հարցի շուրջ։ Այդ ժամանակ երևաց Ջորկաեֆի հայ լինելը: Նա պարտադրեց մեր պահանջները և կտրականապես հրաժարվեց զիջումների գնալ»,- պատմել է Դիդյե Դեշամը։

Մունդիալում Յուրին 4 գոլային փոխանցում կատարեց՝ մասնավորապես կիսաեզրափակչում ու եզրափակչում, և 11-մետրանոց հարվածով գրավեց Դանիայի դարպասը: Իսկ ահա Իտալիայի դեմ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ նախընտրեց չմոտենալ նշակետին, քանի որ կարծում էր՝ ռիկսային է հարվածել, երբ դարպասում Ջանլուկա Պալյուկան է կանգնած: Նրանք «Ինտերում» համատեղ երկու տարի էին անցկացրել․ և իտալացին շատ լավ էր հետազոտել Ջորկաեֆի հարվածները:

«Տնային Աշխարհի առաջնությունից առաջ հասկացա, որ հարկավոր է հանուն թիմի զսպել եսասիրությունը։ Չէի ցանկանում 6 գոլ խփել ու խմբային փուլից հետո տուն մեկնել, ինչպես դա Մունդիալ-94-ում արեց Օլեգ Սալենկոն: Ես ցույց տվեցի, որ խաղադաշտ եմ դուրս գալիս ոչ միայն գոլ խփելու համար»,- ինքնակենսագրական գրքում ընդգծել է Ջորկաեֆը:

Յուրին Աշխարհի առաջնության եզրափակչում չխփեց հաղթական գոլը, ինչպես երազում էր 10 տարեկանում, բայց իր փոխանցումով օգնեց դա անել Զիդանին, և դարձավ մրցաշարի ամենաշատ գոլային փոխանցում կատարողը:

«1998 թվականին հայրս պետք է Հայաստանի հավաքականը գլխավորեր: Նրան հրավիրում էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, սակայն անհասկանալի քաղաքական պատճառներով պայմանագիր այդպես էլ չկնքեցին: Հաջորդ տարի Ֆրանսիան ու Հայաստանը հանդիպեցին «Ստադ դը Ֆրանսում»` Եվրո-2000-ի ընտրական փուլի շրջանակում: Առաջին, պատվավոր հարվածը կատարեց Շարլ Ազնավուրը: Հայաստանի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաշքներ էր ցուցադրում, բայց Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով: Երկրորդ գոլը կազմակերպեցինք ես ու Ալեն Բոգոսյանը: Ալենը 17 տարեկանում կորցրել է հորը և Հայաստանի հետ կապն այդքան ուժեղ չէր զգում, ինչպես ես (Բոգոսյանի մայրը արգենտինուհի է): Բայց ես նրան համոզեցի, որ չմոռանա իր արմատները: Մոռանալ նշանակում է դավաճանել»,- ինքնակենսագրական գրքում գրել է Ջորկաեֆը:

1999 թվականի աշնանը Երևանում նախանշված հանդիպումից առաջ Ջորեկաեֆն իր թիմակիցներին համոզեց 100-ական դոլար նվիրաբերել, այնուհետև ընդհանուր գումարը կրկնապատկեց ֆեդերացիայի նախագահ Կլոդ Սիմոնեն: Յուրին այդ գումարը նվիրաբերեց երևանյան դպրոցներից մեկի վերանորոգման համար: Ֆրանսիան հաղթեց 3:2 հաշվով, իսկ Ջորկաեֆը խփեց առաջին գոլը: Հետո նա թիմին ճանապարհեց մինչև օդանավակայան, ապա ևս 2 օր մնաց ազգականների ու ընկերների շրջապատում: Իր գրքում նա հիշում է.

«Մենք մոտ 20 հոգով քայլում էինք փողոցներով ու ամբողջ կոկորդով գոռում, իսկ հետո բոլորով սեղանի շուրջ նստեցինք: Որոշ հյուրեր հանեցին ատրճանակները և սկսեցին օդ կրակել: Քեֆի գագաթնակետի պահին հանեցի շապիկս, բարձրացա սեղանի վրա ու սկսեցի պարել: Այո, այդպիսին է իսկական Յուրին»:

Հաջորդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Ջորկաեֆը ստացավ Հայաստանի անձնագիր, իսկ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հաճախեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Յուրի Ջորկաեֆն ու Հենրիխ Մխիթարյանը

Այդ ժամանակ նա արդեն ելույթ էր ունենում գերմանական «Կայզերսլաուտերնի» կազմում: «Ինտերում» ամեն ինչ հիանալի էր, բացի այն, որ թիմը չէր կարողանում չեմպիոն դառնալ: Մորատին այդ խնդիրը լուծելու համար լավագույն մարզչին հրավիրեց` Մարչելո Լիպպիին, ով Յուրիին անկեղծորեն ասաց, որ նրա հետ հույսեր չի կապում: Այդ ժամանակ կիսապաշտպանը մեկնեց գերմանացի մարզիչ Օտտո Ռեհագելի մոտ, ում գլխավորած «Վերդերին» պարտվել էր 1992 թվականի Գավաթակիրների գավաթի եզրափակչում:

«Ահա իմ հեռախոսահամարը: Ցանկացած խնդրի դեպքում, օրվա ցանկացած ժամի զանգահարիր ինձ»,- ասաց գերմանացին «Ֆրից Վալտեր» մարզադաշտում պայմանագիր կնքելու ժամանակ: «Իսկ այժմ գնանք խաղադաշտի մոտ, այնտեղ մի քանի մարդ ցանկանում է ողջունել քեզ»: Խոտածածկին մոտենալիս Յուրին անակնկալի եկավ. մարզադաշտում հավաքված էր 30 հազար երկրպագու…

Ջորկաեֆը հաջող անցկացրեց առաջին գերմանական մրցաշրջանը` Բունդեսլիգայում և ՈւԵՖԱ-ի գավաթում խփելով 13 գոլ՝ չնայած գարնանն աջ ազդրի վնասվածքի պատճառով բաց թողեց երկու ամիս: Այնուհետև, 2000 թվականի աշնանը Ռեհագելին փոխարինեց Անդրեաս Բրեմեն, ով Մունդիալ-1990-ի եզրափակչում հաղթական գոլն էր խփել: Բրեմեն Ջորկաեֆին «փակեց» պահեստայինների նստարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց մարզումներից:

«Նրա կարծիքով թիմում կարող էր միայն մեկ աշխարհի չեմպիոն լինել: Նա նախանձում էր իմ հաջողություններին: Օգտվելով առիթից, որ ես գերմաներեն չէի խոսում՝ նա մյուս ֆուտբոլիստների մոտ ծաղրում էր ինձ»,- վստահ էր Յուրին: Ջորկաեֆը կես տարի տրանսֆեր էր պահանջում: Վերջապես, ակումբի նախագահ Յուրգեն Ֆրիդրիխը նրան առաջարկեց. «Օգնիր մեր քաղաքին ընդունել 2006 թվականի Աշխարհի առաջնությունը, և ես բաց կթողնեմ քեզ»: Յուրին նկարահանվեց Կայզերսլաուտերն քաղաքի գովազդային հոլովակում, պայմանավորվեց «Բոլթոնի» մարզիչ Սեմ Էլարդայսի հետ, սակայն Ֆրիդրիխը չորսամսյա վարձակալության համար 33-ամյա ֆուտբոլիստի դիմաց կես միլիոն եվրո պահանջեց: Տեղափոխությունը խափանվեց, իսկ Ջորակեֆը սպառնաց, որ լրագրողներին կպատմի մարզիչ Բրեմեի ռասիստական խոսքերի և ակումբի «մութ» գործերի մասին, եթե նրան բաց չթողնեն «Բոլթոն»:

– Դու դաստիարակված մարդ ես Յուրի, նման բան չես անի:

– Ինձ լավ չեք ճանաչում:

Ջորակեֆին բաց թողեցին և նա ավտոմեքենայով գնաց Լիոն, որպեսզի այնտեղից մեկնի Մանչեսթեր (այդտեղ է գտնվում Բոլթոնին ամենամոտ օդանավակայանը): Ճանապարհին հեռախոսազանգ ստացավ: Փաստաբանն էր:

– Որտե՞ղ ես:

– Ֆրանսիայի սահմանից 20 կիլոմետր հեռու:

– Շուտ փախչիր: Այսօր առավոտյան քո բնակարան ոստիկաններ են եկել, նրանք քեզ ձերբակալելու հրաման ունեն:

– Բայց այնտեղ են մնացել Սոֆին ու երեխաները:

– Նրանց ոչինչ չի սպառնում: Հրամանը միայն քո անունով է:

Պարզվեց 2001 թվականի ամռանը Յուրին ուրիշի մեքենայի «բամպերին» էր բախվել, վարորդին տվել իր ապահովագրական ընկերության հեռախոսահամարը և արձակուրդի մեկնել: Նա այդպես էլ չէր տեսել նամակը, որով նրան պարտադրում էին 5 օրվա ընթացքում ոստիկանություն ներկայանալ: Անգլիա տեղափոխվելուց հետո Յուրին գերմանական ոստիկանությանը փաստաթղթերով ապացուցեց, որ լքել է երկիրը և չէր կարող ստանալ նամակը: Նրան այլևս չանհանգստացրեցին: 2002 թվականի նոյեմբերին Բրեմեն «Կայզերսլաուտերնին» իջեցրեց մինչև 16-րդ հորիզոնականը և լքեց ակումբը, իսկ նոյեմբերին հաշվապահական խախտումների համար պաշտոնանկ արվեց նաև Ֆրիդրիխը: Մեկ տարի անց նրան ձերբակալեցին` մեղադրելով հարկերից խուսափելու մեջ:

Միաժամանակ Ջորակեֆը «Բոլթոնին» օգնեց մնալ Պրեմիեր լիգայում, դարձավ թիմի ավագը, իսկ 2003 թվականի դեկտեմբերին նրա գոլային փոխանցումը Բրյունո Նգոտիին, սենսացիոն հաղթանակ պարգևեց Աբրամովիչի դարաշրջանի առաջին տարվա «Չելսիի» նկատմամբ: Դրանից մեկ օր առաջ սաստիկ անձրև էր եկել, և Էլարդայսը որոշել էր մարզումի փոխարեն թիմում բիլիարդի մրցաշար անցկացնել: 2004 թվականին կիսապաշտպանը «Բոլթոնի» հետ դուրս եկավ Լիգայի գավաթի եզրափակիչ և կիսեց Անգլիայի Պրեմիեր լիգայում ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը, սակայն ամռանը նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ Էլարդայսն ասաց. «Կներես, մենք ավելի քիչ գումար ունենք, քան սպասվում էր»:

«Բոլթոնից» հետո «Բլեքբեռնում» կարճ ժամանակահատվածից հետո Յուրին կարիերայի վերջին տարիներն անցկացնելու համար մեկնեց Նյու Յորք, ինչպես երազում էր 10 տարեկանում: Նա հանգրվանեց հարավային Մանհեթենում, Գրամերսի այգու մոտ, որտեղ ծառերի ու ծաղիկների մոտ կանգնած է լեգենդար ամերիկացի դերասան Էդվին Բուտի արձանը: Էդվինը հարկադրված լքել էր թատրոնը, երբ նրա փոքր եղբայրը սպանել էր ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնին, սակայն հետո վերադարձել էր ու խաղացել իր կյանքի լավագույն դերը` Համլետը: Յուրիի շրջապատում նոր ընկերներ հայտնվեցին. դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ֆրանսիացի նավաստիներ, «Rolling Stones» խմբի կիթառահար Ռոն Վուդը… Վերջինս համերգներից մեկից հետո կիսապաշտպանին հրավիրեց ռեստորան:

«Մետրոստարս» թիմում (որը հետագայում անվանափոխվեց և դարձավ «Նյու Յորք Ռեդ Բուլս») անցկացրած 1,5 տարվա ընթացքում Ջորակեֆը 13 գոլ խփեց և 2006 թվականի աշնանն ավարտեց կարիերան:

11 տարի անց` 2017 թվականի սեպտեմբերին նրա որդին, «Նանտի» կիսապաշտպան Օհան Ջորկաեֆը սկսեց մարզվել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:


Աղբյուրը` sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում