«Արսենալի» վերջին փորձը

«Արսենալի» վերջին փորձը

Այս մրցաշրջանը վերջինն է, որի ընթացքում «Արսենալին» տեսնում ենք այնպիսին, ինչպիսին Արսեն Վենգերի թիմը վերջին տարիներին է: Կարելի է վստահաբար ասել, որ  երկու առաջատարներից մեկը` Ալեքսիս Սանչեսը կամ Մեսութ Օզիլը, իսկ միգուցե երկուսն էլ, հեռանալու են: Sport․Times.am-ը վերլուծում է` ինչպես է անցնում «հին Արսենալի» վերջին մրցաշրջանը:

Սպասելիքները

Դեռ մրցաշրջանից առաջ հասկանալի էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալին» չեմպիոնական պայքար չի սպասվում: Ճիշտ է` «զինագործները» վերջապես գնեցին աստղային հարձակվողի (Ալեքսանդր Լակազետ), ինչը 3-4 տարի է սպասում էին նրանցից, սակայն, ինչպես Թյերի Անրին է ընդգծել, դա գործի ընդամենը քառորդ մասն էր: Ֆրանսիացին յուրաքանչյուր գոտում նման մակարդակի խաղացողներ է «պահանջում»: Նման պարագայում «Արսենալին» մնում է պայքարել այն չարաբաստիկ թոփ-4-ի համար, որի պատճառով հաճախ ծաղրի է ենթարկվում: Լոնդոնցիների համար բարեբախտաբար, «Մանչեսթեր Սիթիի» առկայության պարագայում մյուս թոփ-թիմերը նույնպես միայն քառյակում հայտնվելու խնդիրն են լուծում։

Արդյունքները

Այժմ «Արսենալը» 38 միավորով 6-րդ տեղում է, սակայն երկրորդ տեղը զբաղեցնող «Չելսիից» հետ է մնում ընդամենը 5 միավորով: Այս թիմերը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», իրենց միջև մինի-մրցաշար են անցկացնում, որում երեք հաջողակ կլինի (Չեմպիոնների լիգայի ուղեգիր) և երկու անհաջողակ (Եվրոպա լիգա):

Եթե մրցաշարային աղյուսակը կազմվեր թիմերի ստեղծած ու բաց թողած իրական գոլային պահերի հիման վրա վաստակած միավորներից (xPoints), «Արսենալը» մեկ խաղ քիչ անցկացնելով հանդերձ այս պահին գրեթե քառյակում կլիներ: Վենգերի թիմն այդ վիճակագրությամբ պետք է 39 միավոր վաստակած լիներ, ինչը քիչ է միայն «Մանչեսթեր Սիթիից» (54), «Լիվերպուլից» (47) և «Տոտենհեմից» (43): «Չելսին» (40) մոտ կլիներ «զինագործներին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հետ կմնար (37): Understat.com վիճակագրական կայքի հաշվարկած այս վիրտուալ մրցաշարային աղյուսակն իրականից տարբերվում է նրանով, որ Ժոզե Մոուրինյուի թիմը 9 միավոր ավելին է վաստակել «կողմնակի» գործոնների (Դավիդ Դե Խեայի սեյվերի ու մրցակիցների վրիպումների) շնորհիվ:

Տակտիկական փոփոխություններ

Գարնանն Արսեն Վենգերն իր թիմի խաղում հեղափոխական քայլի դիմեց: Անտոնիո Կոնտեի «Չելսիի» հաջողությունների ֆոնին նա անցավ ավելի պաշտպանողական մոդելի, որը ենթադրում էր 3 կենտրոնական պաշտպան ու երկու լատերալ: 21-րդ տարում դեռ երբեք այդքան զգույշ գործող «Արսենալ» չէինք տեսել, սակայն դա արդյունք տվեց: «Արսենալը» դարձավ Անգլիայի գավաթակիր` եզրափակչում հաղթելով հենց այդ տակտիկական սխեման Պրեմիեր լիգայում «օրինական դարձրած» «Չելսիին»:

Ամռանն այդ սխեմային համապատասխանող ձախ լատերալ հրավիրվեց` Սեադ Կոլոշինացը, սակայն առաջնության երկար ժամանակահատվածում «3-4-3»-ի փորձարկումն էական տարբերություն չգրանցեց: Այն արդյունավետ էր դրական հաշվի ժամանակ, սակայն ոչ զիջելիս: Դա հատկապես ակնհայտ երևաց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ վերջին խաղում, երբ արդեն 15-րդ րոպեին Վենգերը վնասվածք ստացած Մուստաֆիի փոխարեն ասպարեզ դուրս բերեց ոչ թե այլ պաշտպանի, այլ Ալեքս Իվոբիին: Նիգերացին սկսեց գործել կիսապաշտպանությունում, թվային առավելություն ստեղծեց կենտրոնում, և խաղն ամբողջովին անցավ լոնդոնցիների հսկողության տակ: Դրանից հետո «Արսենալը» տարբեր մրցաշարերում 8 հանդիպում է անցկացրել, որոնցում Վենգերն ընդամենը 3 անգամ է վերադարձել 3 կենտրոնական պաշտպանով խաղին: Այժմ հիմնականը դառնում է վերջին տարիների դասավորությունը` 4-2-3-1:

Եվրոպա լիգան օգնում է

Եվրոպական գրանդները հաճախ Եվրոպա լիգայում խաղալն ավելորդ բեռ են համարում: Սակայն լինում են բացառություններ, ինչպես նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը», որի համար այդ մրցաշարում հաղթող դառնալը Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ ճանապարհն էր դարձել: «Արսենալն» ընթացիկ մրցաշրջանում Եվրոպա լիգայում է հանդես գալիս, սակայն այն այլ նպատակների համար է օգտագործում: Խմբային մրցաշարում անցկացրած 6 հանդիպումները հիանալի առիթ էին խաղաժամանակ տրամադրելու համար այն ֆուտբոլիստներին, ովքեր գրեթե հանդես չեն գալիս ԱՊԼ-ում:

Այդպես, Ժիրուն կարողացավ 3 գոլ խփելով պահպանել բավարար մարզավիճակ, Թեո Ուոլքոտը, ով ԱՊԼ-ում հաշված րոպեներ է անցկացրել, Եվրոպա լիգայում հասցրեց 3 գոլ խփել ու 3 գոլային փոխանցում կատարել, իսկ պատանի Էյնսլի Մեյտլենդ Նայլսն իրեն այնպես դրսևորեց, որ դարձավ նաև ԱՊԼ-ում թիմի հիմնական կազմի խաղացող: Եվրոպա լիգայից ամենակարևոր օգուտը «զինագործները» ստացան Ջեք Ուիլշերի խաղաժամանակից, որի շնորհիվ անգլիացին կարողացավ վերադառնալ նախկին խաղամակարդակին և ԱՊԼ-ում լուծել Սանտի Կասորլայի ու Աարոն Ռեմզիի վնասվածքների խնդիրը: Այժմ լոնդոնցիների գրոհների նախնական փուլը զարգանում են հենց անգլիացու միջոցով:

1/16 եզրափակչում «Արսենալը» մրցելու է շվեդական «Էստերսունդի» հետ, ինչը նշանակում է, որ կարելի է կրկին հաղթել պահեստային կազմով: Հետագայում, եթե Արսեն Վենգերը զգա, որ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը չի ստացվում, նա Եվրոպա լիգայում կսկսի ասպարեզ դուրս բերել նաև մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին:

Նորեկները

Ամռանն «Արսենալն» իր պատմության նոր տրանսֆերային ռեկորդը սահմանեց` 53 միլիոն եվրոյով գնելով «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին: Բացի այդ, ազատ գործակալի կարգավիճակով «Էմիրեյթս» ժամանեց «Շալկեի» ձախ պաշտպան Սեադ Կոլոշինացը:

2017-18թթ. մրցաշրջանի առաջին կեսից հետո կարելի է ասել, որ երկու տեղափոխություներն էլ գրեթե արդարացված են: Կոլոշինացը որոշ խաղերում իրեն հիանալի է դրսևորել, երբ միանում էր հարձակմանը, բայց պաշտպանության հարցում դեռ աշխատելու տեղ ունի:

Լակազետից սպասելիքները մեծ են: Նա ցանկանում էր «Ատլետիկո» տեղափոխվել, սակայն մադրիդցիների նկատմամբ ՖԻՖԱ-ի սահմանած արգելքի պատճառով հայտնվեց Լոնդոնում: Ի սկզբանե պարզ էր, որ ֆրանսիացին չի կարողանա այնպիսի արդյունավետություն ցուցադրել, ինչպես Լիգա 1-ում, որտեղ վերջին երեք առաջնություներում 76 գոլ էր խփել: Հաշվի առնելով ադապտացիոն շրջանը՝ ԱՊԼ-ում առաջին մրցաշրջանում 20 գոլի սահմանը կարելի էր գոհացուցիչ արդյունք համարել: Այս պահին հարձակվողն այդ գրաֆիկից մի փոքր հետ է մնում: Նա 8 գոլ խփել է, սակայն նաև 3 գոլային փոխանցում է կատարել:

Հատկապես տպավորում է կարճ տարածությունների վրա, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ու ներսում ֆրանսիացու արագ որոշումներն ու մեկ հպումով փոխանցումները: Նա դա հաճախ անում է մեջքով դեպի դարպասը գնդակ ստանալիս և այն մրցակցի պաշտպաններից մարմնով փակելով, ինչը հիացնում, որովհետև նա փոքրամարմին է կենտրոնական պաշտպաններից: Հաճախ նույնիսկ Սանչեսի և Օզիլի պես ֆուտբոլիստները չեն մտածում Լակազետի պես արագ: «Մանչեսթեր Յունայթեում» թիմակիցների դանդաղ մտածելակերպի խնդրին բախվել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Միգուցե, նրան հարկավոր է ֆրանսիացու հետ նույն թիմում խաղալ․․․ Եթե հունվարին «Արսենալի» կազմում փոփոխություններ չլինեն, մրցաշրջանի երկրորդ հատվածում Ալեքսանդրը կսկսի ավելի լավ համագործակցել թիմակիցների հետ և կձերբազատվի ավելորդ լարվածությունից։

Սեփական մարզադաշտի գործոնը

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Արսենալի» գլխավոր խնդիրը տնային ու արտագնա խաղերում թիմի կերպարանափոխությունն է: «Էմիրեյթսում» անցկացրած 10 խաղում Վենգերի թիմը 25 միավոր է վաստակել, ինչն ԱՊԼ-ում երրորդ լավագույն արդյունքն է: Արտագնա խաղերում «զինագործներն» ընդամենը 12 միավոր են հավաքել. դա առաջնությունում 9-րդ ցուցանիշն է: Հիմա իրավիճակը մի փոքր շտկվել է: Մեկնարկային 6 խաղում նրանք 4 պարտություն էին կրել …

Նախորդ առաջնություններում Վենգերը նման խնդիրների չէր հանդիպում, սակայն բացասական դինամիկան արդեն ուրվագծվում է:

2012-13թթ. – տանը` 5-րդ տեղ, դրսում` 2-րդ

2013-14թթ. – տանը` 4, դրսում` 2

2014-15թթ. – տանը` 4, դրսում` 3

2015-16թթ. – տանը` 3, դրսում` 3

2016-17թթ. – տանը` 3, դրսում` 6

2017-18թթ. – տանը` 3, դրսում` 9

Տնային ու արտագնա խաղերում տարբեր խաղաոճերը տեսնում ենք նաև պրեսինգի կիրառման հարցում: «Էմիրեյթսում» լոնոդնցիները մրցակիցներին թույլ են տալիս միջին 5 մետրի վրա փոխանցում կատարել, իսկ արտագնա հանդիպումներում` 7:

Հեռանկարները

Վերջին տարիներին Անգլիայում եվրագավաթի բացակայութունը դրական գործոն էր համարվում: «Լեսթերն» ու «Չելսին» այդպես նույնիսկ չեմպիոն դարձան: Եթե Եվրոպա լիգան շարունակի չխանգարել «Արսենալին», իսկ թոփ-6-ի մյուս թիմերը Չեմպիոնների լիգայում շարունակեն հաջող ելույթները, «զինագործները» առաջնության լավագույն քառյակում հայտնվելու իրական հնարավորություն կստանան: Իսկ ինչ վերաբերվում է Անգլիայի գավաթային մրցաշարերին, դրանք վերջին տարիներին «Արսենալը» սեփական է դարձրել:

Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում