Թոփ-10 առաջնությունների լավագույն ռմբարկուները

Թոփ-10 առաջնությունների լավագույն ռմբարկուները

Ամփոփելով ֆուտբոլային 2017 թվականը՝ ներկայացնում ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր օրացույցային տարվա ընթացքում ամենաշատ գոլերն են խփել ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի թոփ-10 առաջնություններում։

9-10․ Ֆակունդո Ֆերեյրա – 18 գոլով լավագույնն է Ուկրաինայում
Ակումբը՝ «Շախտյոր»

Անցյալ մրցաշրջանի ընթացքում Ֆակունդո Ֆերեյրան 13 գնդակ էր խփել Ուկրաինայի առաջնությունում և դարձել երկրորդը Անդրեյ Յարմոլենկոյից հետո (15), ով 2017-18թթ․ մրցաշրջանն արդեն Բունդեսլիգայում սկսեց։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆակունդոն արդեն 5 գոլ խփել է և տարին ավարտել առաջնության լավագույն ռմբարկուի կարգավիճակով։

9-10. Ֆյոդոր Սմոլով – 18 գոլով լավագույնն է Ռուսաստանում
Ակումբը՝ «Կրասնոդար»

2017-ին Ռուսաստանի առաջնությունում միայն երկու ֆուտբոլիստ է պարբերաբար գոլ խփել: Խոսքը Ֆյոդոր Սմոլովի և Կվինսի Պրոմեսի մասին է: 2017-18թթ․ մրցաշրջանի առաջին մասում նրանք 10-ական գոլ են խփել, բայց գարնանը «Կրասնոդարի» ֆուտբոլիստն առաջ էր անցել հոլանդացուց՝ 8 գոլ 6-ի դիմաց։

8․  Անրի Օնյեկուրու – 21 գոլով լավագույնն է Բելգիայում
Ակումբը՝ «Էյպեն» / «Անդերլեխտ»

20-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հայտություններից է, ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Բելգիայի առաջնությունում, որը  ՈւԵՖԱ-ի աղյուսակի 9-րդ տեղում է: Ամռանը նա 8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերթոն», որն էլ խոստումնալից կադրին վարձավճարով ուղարկել է «Անդերլեխտ»:

7․ Վագներ Լավ – 28 գոլով լավագույնն է Թուրքիայում
Ակումբը՝ «Ալանյասպոր»

Վագները տարվա առաջին 10 խաղում ընդամենը 1 գոլ էր խփել, բայց գարնանը 15 խաղում արդեն 18 գոլ ուներ իր անվան դիմաց: 10 գոլ էլ Լավը խփել է ընթացիկ առաջնության առաջին մասում: Արդյունքում նա լավագույնն է Թուրքիայում ըստ 2017-ի տվյալների:

6. Չիրո Իմոբիլե – 30 գոլով վալագույնն է Իտալիայում
Ակումբը՝ «Լացիո»

Անցյալ մրցաշրջանի Ա Սերիայի արդյունքներով Իմոբիլեն 6-րդն էր լավագույն ռմբարկուների ցուցակում, հիմա զիջում է միայն Մաուրո Իկարդիին, իսկ օրացուցային տարվա արդյունքով նրան հավասարը չկա: Չիրոյին ամենամոտը Իկարդին ու Մերտենսն են, ովքեր տարվա ընթացքում 27-ական անգամ են գրավել մրցակիցների դարպասը:

5․ Ռոբերտ Լևանդովսկի – 33 գոլով լավագույնն է Գերմանիայում
Ակումբը՝ «Բավարիա»

Ակնհայտ է, որ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի տիտղոսը վիճարկում էին Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ռոբերտ Լևանդովսկին: Լեհ ֆուտբոլիստը օրացուցային տարվա կտրվածքով 5 գոլով առաջ անցավ մրցակցից․ Օբամեյանգի 28 գոլի դիմաց Ռոբերտը 33 գոլ է խփել:

4. Էդինսոն Կավանի – 36 գոլով լավագույնն է Ֆրանսիայում
Ակումբը՝ «Պարի Սեն Ժերմեն»

Զլատան Իբրահիմովիչը հեռացավ Ֆրանսիայի առաջնությունից ու լավագույնի տիտղոսն անցավ Կավանիին: 2016-17թթ. լավագույն ռմբարկուն նոր մրցաշրջանի 19 տուրում 19 գոլ խփեց: Նեյմարը, Մբապեն ու Ֆալկաոն դեռ չեն հասել Կավանիին:

3. Բաս Դոստ – 38 գոլով լավագույնն է Պորտուգալիայում
Ակումբը՝ «Սպորտինգ»

2017-ը շատ արդյունավետ էր «Սպորտինգի» հարձակվողի համար: Նա ակնհայտորեն առաջատար էր 2016-17թթ․ մրցաշրջանում, որի 34 գոլից 25-ը խփեց մրցաշրջանի երկրորդ կեսին: Ընթացիկ առաջնությունում նա արդեն 13 անգամ աչքի է ընկել, նշանակում է՝ օրացուցային տարում 38 գոլ է խփել:

2․ Հարի Քեյն – 39 գոլով լավագույնն է Անգլիայում
Ակումբը՝ «Տոտենհեմ»

Եթե հաշվի առնենք բոլոր մրցաշարերում և հավաքականի կազմում խփած գոլերը՝ Հարի Քեյնը տարվա լավագույն ռմբարկուն է, իսկ ներքին առաջնությունների հաշվարկով երկրորդն է։ 2017 թվականի վերջին՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում Քեյնը հեթ-տրիկ հեղինակեց ու տարվա կտրվածքով առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 39-ի: 

1. Լիոնել Մեսսի – 40 գոլով լավագույնն է Իսպանիայում
Ակումբը՝ «Բարսելոնա»

Մեսսին 2017 թվականի ընթացքում «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կազմում 54 անգամ է աչքի ընկել (Քեյնը՝ 56): 40 գոլ Մեսսին խփել է Իսպանիայի առաջնությունում, դրանցից 15-ը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում