«Ռեալի» ու Ռոնալդուի տարին․ 2017-ի գլխավոր ռեկորդները

«Ռեալի» ու Ռոնալդուի տարին․ 2017-ի գլխավոր ռեկորդները

2017 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն գրեթե ամեն ամիս նոր ռեկորդ էր սահմանում: Տեսնենք, թե մյուսներն ինչ են հասցրել անել:

Նեյմար

Բրազիլացի հարձակվողն օգոստոսին դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: «Պարի Սեն Ժերմենը» «Բարսելոնային» Նեյմարի տրանսֆերի համար 222 մլն եվրո վճարեց: 25-ամյա ֆուտբոլիստից բացի 100 միլիոնից ավելի արժեցել են միայն Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ուսման Դեմբելեն («Բարսելոնա») և Գարեթ Բեյլը («Ռեալ»): «Մոնակոյի» պաշտպան Բենժամին Մենդին ռեկորդ սահմանեց պաշտպանությունում խաղացող ֆուտբոլիստների շարքում. «Մանչեսթեր Սիթին» 57.5 մլն եվրո վճարեց նրա համար: Այս ռեկորդը շատ կարճ ժամանակում գերազանցվեց, քանի որ դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ «Լիվերպուլը» Վիրջիլ վան Դեյկի համար «Սաութհեմփթոնին» 85 մլն եվրո վճարեց։

«Պարի Սեն Ժերմեն»

Փարիզյան ակումբը միայն տրանսֆերային շուկայում չէ, որ առաջ է անցնում մյուսներից: Նեյմարն ու թիմակիցները գերազանցեցին «Բորուսսիայի» ռեկորդը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խփած գոլերի թվով․ ՊՍԺ-ն 6 տուրում 25 գոլ խփեց: Բացի այդ, ներքին առաջնությունում տարվա կտրվածքով Ունայի Էմերու թիմը ռեկորդային 98 միավոր վաստակեց: 1980-ին ռեկորդային ցուցանիշ էր գրանցել «Նանտը»՝ օրացույցային տարում վաստակելով 92 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա

Անգլիայի Պրեմիեր լիգայում նույնպես ռեկորդների պակաս չի զգացվել: Չեմպիոն «Չելսին» 2016-17թթ․ մրցաշրջանն ավարտեց 30 հաղթանակով: Նախկին լավագույն արդյունքը (29) նույնպես լոնդոնցիներին էր պատկանում: 2018-ին Կոնտեի թիմի ռեկորդը գուցե գերազանցվի Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» կողմից:

«Տոտենհեմ» – «Լիվերպուլ» խաղն ԱՊԼ-ի համար ռեկորդային հանդիսական հավաքեց․ «Ուեմբլիում» հանդիպմանը հետևեց 80.827 երկրպագու:

«Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Գարեթ Բարին առաջ անցավ Ռայան Գիգզից Անգլիայի առաջնությունում խաղացած հանդիպումների թվով (633): Ուեյն Ռունին և Սերխիո Ագուերոն դարձան համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուները: Արսեն Վենգերը, 7583 օր առանց դադարի աշխատելով, մարզչական ռեկորդի հեղինակ դարձավ ԱՊԼ-ում: 

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը 2017 թվականին միայն Անգլիայի առաջնությունում 39 գոլ է խփել ու գերազանցել Ալան Շիրերի լեգենդար ռեկորդը (36 գոլ), որը գրանցվել է 1995 թվականին:

Գերմանիա

Աշխարհի գործող չեմպիոնները Մունդիալ-2018-ի նախընտրական փուլի բոլոր 10 խաղերում հաղթել են: Յոահիմ Լյովի թիմը կրկնեց Իսպանիայի՝ Մունդիալ-2010-ի նախընտրական փուլի հաջողությունը: Գերմանական ընտրանին իսպանացիներից առաջ անցավ խփած գոլերի թվով (43): Ավելացնենք, որ այդ նույն որակավորման փուլի ժամանակ Ռոբերտ Լևանդովսկին Եվրոպայի համար ռեկորդային 16 գոլ խփեց։

Առաջարկում ենք ընթերցել՝

Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվողը տարվա ընթացքում մի քանի ռեկորդ սահմանեց: Մայիսին Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 100 դուբլ հեղինակեց Իսպանիայի առաջնությունում:

Հոկտեմբերին Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության որակավորման փուլերի հարավամերիկյան գոտու պատմության լավագույն ռմբարկուն՝ 20 գոլ: «Ռեալի» դարպասին խփած հերթական գոլը դեկտեմբերին նրան թույլ տվեց շրջանցել Գերդ Մյուլերին՝ եվրոպական թոփ-5 առաջնություններում խփած գոլերի թվով: «Բարսելոնայիի» պաշտոնական խաղերում Մեսսին 526 գոլ է խփել:

«Ռեալ»

«Արքայական ակումբը» 2017-ին արքայավայել հանդես եկավ՝ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Հունվարին Զինեդին Զիդանի սաները կրկնեցին «Բարսելոնայի» հաջողությունը՝ Պրիմերայում 40 խաղ անընդմեջ առանց պարտության հանդես գալով: Ապրիլին և մայիսին մադրիդցիները կատալոնական թիմի ևս 2 ռեկորդ թարմացրեցին․ «Ռեալը» 7-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և 19-րդ անգամ՝ եվրագավաթների եզրափակիչ:

Մայիսին մադրիդցիները բոլոր մրցաշարերում 62-րդ անընդմեջ խաղում գոլ խփեցին․ մինչ այդ եվրոպական թոփ-5 առաջնություններում նման դեպք չէր գրանցվել: Արդյունավետության շարքը 74-րդ խաղով ընդհատվեց․ այդպիսով կրկնվեց, բայց չգերազանցվեց «Սանտոսի» համաշխարհային ռեկորդը:

2017-ին «Ռեալը» պաշտպանեց Չեմպիոնների լիգայի չեմպիոնական տիտղոսը, ինչը մինչև այդ չգրանցված ռեկորդ էր: Հոկտեմբերին Զիդանի թիմն արտագնա խաղերի հաղթանակների շարքը հասցրեց 13-ի: Նոյմեբերին «Ռեալը» 50-րդ հաղթանակը գրանցեց Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում: 2017-ը «Ռեալն» ավարտեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսի պաշտպանությամբ: 

Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալից» շատ ռեկորդ սահմանել է այնտեղ հանդես եկող Կրիշտիաու Ռոնալդուն: Փետրվարին պորտուգալացին Չեմպիոնների լիգայի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարողների ցուցակի առաջատար դարձավ: Ապրիլին նախ դարձավ եվրագավաթներում 100-ից ավելի գոլ խփած առաջին, ապա ՉԼ-ում 100 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը: Նա ռեկորդ սահմանեց նաև «Ռեալի» կազմում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստների շարքում (221): Մեկ ամիս անց Ռոնալդուն ՉԼ-ի եզրափակիչ փուլերում երկու անգամ անընդմեջ հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ռոնալդուն վաստակեց եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը. նա առաջ անցավ 366 գոլ խփած Ջիմի Գրիվզից:

2017-ի ամռանը պորտուգալացին նոր բարձունքներ գրավեց: Հունիսին նա 5 անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների մրցավազքում և դարձավ եվրագավաթի երեք եզրափակիչներում աչքի ընկած առաջին խաղացողը: Նոյեմբերին Ռոնալդուն գերազանցեց սեփական ռեկորդը և ՉԼ-ի օրացուցային տարում հստակ կատարած հարվածների թիվը հասցրեց 17-ի:

ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում նա գոլի հեղինակ դարձավ ու ռեկորդ սահմանեց դրանով: Ռոնալդուն նաև դարձավ աշխարհի ակումբային առաջնության պատմության լավագույն ռմբարկուն (7 գոլ): Հիմա նա Թոնի Կրոսի հետ կիսում է այդ առաջնության տիտղոսների քանակով ռեկորդը (3): Պորտուգալացին մեկ անգամ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երկու անգամ՝ «Ռեալի»։ Նշենք նաև «Ոսկե գնդակի» մասին․ Ռոնալդուն, 5-րդ անգամ այս մրցանակին արժանանալով, հավասարվեց Լիոնել Մեսսիին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում