USD
EUR
RUB

Տրանսֆերներ, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ մտան

 

Ձմեռային տրանսֆերային պատուհանը պաշտոնապես բացվել է հունվարի 1-ին, սակայն ամբողջ աշխարհում 1100-ից ավելի գործարքներ արդեն համաձայնեցված են եղել (transfermakt.de-ի տվյալներով): Sport.Times.am-ն առանձնացրել է նոր տարվա առաջին օրն ուժի մեջ մտած ամենաուշագրավ տեղափոխությունները:

Վիրջիլ վան Դեյկ
«Սաութհեմփթոնից»  «Լիվերպուլ» – 85 միլիոն եվրո

Նոր տարի, նոր ռեկորդ: Պաշտպանությունում առկա քաոսը մեղմելու համար «Լիվերպուլը» դիմեց աննախադեպ քայլի` ռեկորդային գումար վճարեց կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար: Ամռանը «Մանչեսթեր Սիթիի» սահմանած ռեկորդը (57,5 միլիոն եվրո «Մոնակոյի» ձախ պաշտպան Բենժամեն Մենդիի համար) ապշեցնող էր թվում, սակայն ընդամենը կես տարի անց գերազանցվեց:

Որքան էլ հոլանդացին արտակարգ ֆիզիկական և խաղային տվյալներ ունենա, տարիքն իդեալական լինի (26), իսկ անգլիական ֆուտբոլի ադապտացիան կայացած, միևնույն է, չափազանցված գին վճարելու միտքը չի լքում: Ակնհայտ է, որ «Լիվերպուլը» վախեցավ Վան Դեյկին իր անմիջական մրցակիցներից մեկին, օրինակ, «Մանչեսթեր Սիթիին» զիջելու վտանգից, ինչից «սրբերն» օգտվեցին: Այո, «քաղաքայինները» հայտարարել են, որ կենտրոնական պաշտպան են գնելու, սակայն նույնիսկ իրենց անսահմանափակ բյուջեի պարագայում չէին վճարի նման գումար, որովհետև Օտամենդի-Սթոունզ զույգն արդեն կայացած է, և նրանց պարզապես որակյալ պահեստային է հարկավոր:

«Լիվերպուլը» գերխոշոր տրանսֆեր կատարեց, սակայն դա դժվար թե լուծի նրանց բոլոր խնդիրները: Նախկինում Կլոպի պաշտպանությանը նայելիս 4 խնդիր էինք տեսնում: Այժմ այն դարձավ երեք: Բացի այդ, դարպասապահները նույնպես վստահելի չեն…

Լուսանկար

Դիեգո Կոստա
«Չելսիից» «Ատլետիկո» – 66 միլիոն եվրո

2017 թվականի ամենասկանդալային պատմություններից մեկը: Մեկ տարի առաջ Կոստան չինական ակումբներից մեկից խելահեղ` տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ ստացավ: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դա իր կյանքի գլխավոր պայմանագիրը համարեց և ընդունեց այն: Սակայն «Չելսին» այլ կերպ էր մտածում և հրաժարվեց ցանկացած գնով, այդ թվում առաջարկված 107 միլիոն եվրոյի դիմաց, բաց թողնել իր ռմբարկուին: Լոնդոնցիները գլխավորում էին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և հրաժարվեցին չեմպիոնությունը ռիսկի ենթարկել:

Այդ ժամանակ Դիեգոյի ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև լարված հարաբերություններն ակումբն ինչ-որ կերպ կարողացավ շտկել, սակայն ամռանը իտալացին լեգենդար դարձած sms հաղորդագրությամբ հրաժեշտ տվեց հարձակվողին: Չինաստան մեկնելու տարբերակն արդեն ակտուալ չէր, որովհետև այնտեղ տրանսֆերի համար 100 տոկոսանոց հարկերի օրենք մտցվեց, այսինքն 107 միլիոն եվրոն հարկերի հետ միասին դառնալու էր 214 միլիոն: Նման պարագայում հայտնվեց «Ատլետիկո» վերադառնալու տարբերակը, որը 29-ամյա հարձակվողի համար առաջնային դարձավ: Անսպասելիորեն իսպանացիներն ու անգլիացիները տրանսֆերի շուրջ ամռանը համաձայնության չեկան, իսկ Կոստան նույնիսկ խոշոր տուգանքների սպառնալիքի տակ հրաժարվեց խաղալ իտալացու գլխավորությամբ: Արդյունքում, գործարքը համաձայնեցվեց միայն սեպտեմբերի վերջին, և հարձակվողը կես տարի մնաց առանց ֆուտբոլի:

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն վաղուց էր երազում միավորել Գրիզմանին ու Կոստային: 2014 թվականին վերջինիս փոխարինած ֆրանսիացին միանգամից դարձավ թիմի առաջատարը, սակայն առջևի գծում գոլահար խաղընկեր էր հարկավոր, որպեսզի նրա էլեգանտ փոխանցումներն ու անցումները եզրափակող լինի: Այդ հարձակվողը պետք է նաև ճիշտ տեղաշարժերի միջոցով պաշտպաններին հեռու տաներ Անտուանից: Կարծես, այդ ամենը Կոստայի մասին է: Այդ դերը կատարելուն նախկինում պիտանի չեղան Ֆերնանդո Տորեսը, Մարիո Մանջուկիչը, Ջեքսոն Մարտինեսը, Լուսիանո Վիետոն և Կևին Գամեյրոն: Ակնհայտ է, որ Դիեգոյի մոտ մյուսներից լավ կստացվի:

Սանդրո Վագներ
«Հոֆենհայմից» «Բավարիա» – 13 միլիոն եվրո

«Բավարիայի» սանը երկար դեգերումներից հետո վերադարձել է Մյունխեն: Նա 2008 թվականին հեռացավ երկրի ամենահեղինակավոր թիմից և այս ընթացքում 6 թիմ փոխեց: Սանդրոն «Վերդերում» այն աստիճան չէր տպավորում, որ մարզավիճակ պահպանելու համար խաղում էր «Վերդեր-2»-ի կազմում՝ երրորդ Բունդեսլիգայում: Դրանից առաջ նրա կարիերայում եղել է «Դույսբուրգը», իսկ հետո եկան «Կայզերսլաուտերնը» և «Հերտան»: Ամենուր Վագները ցածր արդյունավետություն ուներ:

Ամեն ինչ փոխվեց 2015-16թթ. մրցաշրջանում, երբ Բունդեսլիգայի նորեկ «Դարմշտադի» կազմում նա14 գոլ խփեց, 4 գոլային փոխանցում կատարեց և թիմին օգնեց գրավել 12-րդ տեղը: Հաջորդ մրցաշրջանը նա սկսեց «Հոֆենհայմում» և շարունակեց բազմաթիվ գոլեր խփել, արժանացավ Գերմանիայի հավաքականի հրավերին, իսկ հիմա վերադառնում է «Բավարիա»:

Լուսանկար

Որքան էլ զարմանալի է, նոր հարձակվող հրավիրելու խնդրանքը թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկունն է: Գերմանական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ լեհ գերաստղի համար ձանձրալի է դարձել Չեմպիոնների լիգայում «Ռեալի» պես մրցակիցների հանդիպելուց հետո մեկնել պայմանական Աուգսբուրգ կամ Հանովեր: Իբր Ռոբերտը ցանկանում է, որ նրա փոխարեն դա այլ հարձակվող անի: Իսկ Լևանդովսկին ասում է, որ չափազանց շատ է հոգնում առանց փոխարիող խաղալու և կարևոր հանդիպումներին լիարժեք պատրաստ չի լինում: Դա լավ լուր է Վագների համար, ով ավելի շատ խաղաժամանակ կստանա, քան կարելի էր սպասել:

Մարիո Գոմես
«Վոլֆսբուրգից» «Շտուտգարտ» - 3 միլիոն եվրո

Մեկ այլ անվանի գերմանացի հարձակվող վերադարձավ հարազատ թիմ: 2007 թվականին «Շտուտգարտի» հաջողությունների գլխավոր կերտողներից մեկը երկու տարի անց տեղափոխվեց «Բավարիա», որտեղ ահռելի քանակությամբ գոլեր խփեց, բայց ավելի շատ հիշվեց իր վրիպումներով, ապա միացավ «Ֆիորենտինային», «Բեշիկթաշին» (լավագույն ռմբարկու) և «Վոլֆսբուրգին»: Այժմ ժամանակները փոխվել են, և «Շտուտգարտն» արդեն չեմպիոնական պայքարում չի էլ երազում հայտնվել: Փոխարենը, մտադիր է այլև դուրս չմնալ Բունդեսլիգայից, ինչում նրանց կօգնի նման գոլահարը:

Լուկաս Լիմա
«Սանթոսից» «Պալմեյրաս» – ազատ գործակալ

Ամռան ամենաանսպասելի տրանսֆերային նորություններից մեկը Լիմայի` «Բարսելոնա» մոտալուտ տեղափոխությունն էր: Էլ ավելի զարմանալի էր պատճառը, որի համար կատալոնացիները պատրաստվում էին հրավիրել կիսապաշտպանին: Վերջինիս գործակալը Նեյմարի հայրն է և «բլաուգրանան» պատրաստ էր այդ ֆուտբոլիստին հրավիրել, միայն թե Նեյմարը չհեռանա «Պարի Սեն Ժերմեն»: Այդ տեղեկությունը նույնիսկ աստղային բրազիլացին հաստատեց, ով ասաց, որ եթե նա որոշողը լիներ, Լիման անմիջապես «Բարսելոնայի» խաղացողը կդառնար: Հունվարին, երբ ավարտվելու էր նրա պայմանագրի ժամկետը, Լուկասը պետք է 5 տարվա համաձայնագիր կնքեր «կապտանռնագույնների» հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Նեյմարը որոշեց միանալ «Պարի Սեն Ժերմենին»: «Բարսելոնայի»` Լիմային հրավիրելու անհրաժեշտությունն ինքնաբերաբար վերացավ: Հետագայում բրազիլացուն հրավիրելու շշուկներ պտտվեցին «Միլանի» ու «Ինտերի» շուրջ, սակայն հստակ քայլեր չկատարվեցին:

Արդյունքում, դեկտեմբերին հայտնի դարձավ, որ տաղանդավոր ֆուտբոլիստն այդպես էլ չի մեկնելու Եվրոպա և պայմանագիր է կնքել մեկ այլ բրազիլական ակումբի` «Պալմեյրասի» հետ: Գործարքն ուժի մեջ մտավ հունվարի 1-ին:

Լուսանկար

Կարլոս Վելա
«Ռեալ Սոսյեդադից» «Լոս Անջելես Գելեքսի» – 5 միլիոն եվրո

7 տարի «Ռեալ Սոսյեդադում» անցկացնելուց հետո Կարլոս Վելան հեռանում է Իսպանիայից: «Արսենալում» իրեն դրսևորելու իրական շանսեր չստանալուց հետո մեքսիկացին 2011 թվականից միացավ բասկերին և սկսեց փայլել: Կարլոսի մոտ հատկապես ֆանտաստիկ ստացվեցին առաջին երեք մրցաշրջանները, որոնցում նա ու Անտուան Գրիզմանը Լա լիգայի ամենավտանգավոր հարձակման զույգերից մեկն էին կազմել: Երբ ժամանակը եկավ ավելի ուժեղ թիմ տեղափոխվելու, Գրիզմանը մեկնեց «Ատլետիկո», իսկ Վելան զարմանալիորեն մնաց Սան Սեբաստիանում: Ճիշտ ժամանակին չկատարված առաջ քայլի պատճառով մեքսիկացու խաղն աստիճանաբար խամրեց: Երբեմն նա փառահեղ ելույթներ էր ունենում, սակայն դրանք մրցաշրջանում մի քանի անգամ էին պատահում:

Այժմ նա հեռանում է «Ռեալ Սոսյեդադից», սակայն արդեն ոչ թե գերակումբ, այլ «Լոս Անջելես Գելեքսի», որտեղ կմիավորվի իր հայրենակիցներ Ջովանի ու Խոնաթան Դոս Սանթոս եղբայրներին:

Տանսֆերներ, որոնք նույնպես արժանի են հիշատակման

Գիլերմե Արանա
«Կորինտիանսից» «Սևիլյա» – 11 միլիոն եվրո

Ձախ պաշտպանի համար պայքարում անդալուսցիները հաղթել են Մոսկվայի ԲԿՄԱ-ին: «Սևիլյան» 20–ամյա ֆուտբոլիստի միջոցով ամրապնդում է մի դիրք, որում նախորդ մրցաշրջանում փայլում էր Սերխիո Էսկուդերոն: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին առջևի գծում նախկինի պես չի տպավորում, ինչը նրա համար մրցակից հրավիրելու առիթ է դարձել:

Էնցո Զիդան
«Ալավեսից» «Լոզան» – ազատ գործակալ

Զինեդին Զիդանի ավագ որդին 2017 թվականի հունիսին երեք տարվա պայմանագիր էր կնքել «Ալավեսի» հետ, սակայն կես տարի հետո երկկողմ համաձայնությամբ այն խզվել է: Կիսապաշտպանը բասկերի կազմում չի ամրապնդվել` անցկացնելով ընդամենը 2 խաղ: Այժմ նա ուժերը կփորձի Շվեյցարիայում:

Լուսանկար

Դոմագոյ Վիդա
Կիևի «Դինամոյից» «Բեշիկթաշ» – ազատ գործակալ

Խորվաթիայի հավաքականի պաշտպանը Կիևի «Դինամոյում» 6 տարի անցկացնելուց հետո միացել է «Բեշիկթաշին»: Ուկրաինացիները 28-ամյա ֆուտբոլիստին թիմում պահելու համար ակումբի պատմության ամենախոշոր աշխատավարձն են առաջարկել, սակայն չեն կարողացել համոզել Վիդային: Նա Թուրքիայում տարեկան 3 միլիոն եվրո է ստանալու:

Կոկե
«Շալկեից» «Լևանտե» – վարձավճար

«Սևիլյայի» նախկին ավագը, ով 2016 թվականին անսպասելիորեն միացավ «Շալկեին»: Ցավոք, այդ տեղափոխությունից օրեր անց նա ծանր վնասվածք ստացավ և այդպես էլ չվերադարձավ նախկին խաղամակարդակին: Ընդամենը 1,5 տարի առաջ պաշտպանը Եվրոպա լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն էր, սակայն այժմ ստիպված է մարզավիճակ ձեռք բերելու համար հանդես գալ «Լևանտեի» պես համեստ թիմում:

Ֆաբիան Օրելյանա
«Վալենսիայից» «Էյբար» – վարձավճար

Չիլիացին «Սելտայից» «Վալենսիա» տեղափոխվելուց հետո չկարողացավ իրեն լավագույն կողմերով դրսևորել: Մարսելինո Գարսիա Տորալի նշանակումից հետո կիսապաշտպանը նույնիսկ հայտացուցակում չէր հայտնվում: «Չղջիկներն» առանց սպասելու նոր տարվան դեկտեմբերից համաձայնեցին Օրելյանային բաց թողնել «Էյբար», որտեղ նա սկսեց մարզվել և սպասել հունվարի 1-ին:

Անտոն Զաբալոտնի
«Տոսնոյից» «Զենիթ» – 1,5 միլիոն եվրո

Այս տրանսֆերն աննկատ կմնար, եթե Ռուսաստանում շատ մասնագետների կարծիքով հատուկ նպատակ չունենար: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 4 գոլ խփած բարձրահասակ ֆուտբոլիստը ամբողջովին Արտյոմ Ձյուբայի ոճի խաղացող է, ով այդպես էլ չկարողացավ նվաճել Ռոբերտո Մանչինիի վստահությունը: Հնարավոր է` ՌՖՊԼ-ում ամենաշատ օդային մենամարտեր հաղթած Զաբալոտնիի ներկայությունը վերջ դնի Պետերբուրգում Ձյուբայի ներկայությանը:


Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութեր) Ռեալը վերջին 4 տարիներին գրեթե 250 մլն եվրո է աշխատել ակադեմիայի սաների վաճառքից Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, պետք է սովորենք նրանից․ Վերետու Ջոկովիչ․ Չգիտեմ՝ կխաղամ US Open-ը, թե ոչ Լայպցիգը պատրաստ չէ 25 միլիոն եվրո վճարել Վերդերի հարձակվողի համար Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն Գվարդիոլա. Մենք կպարտվենք Ռեալին, եթե խաղանք այնպես, ինչպես Սաութհեմփթոնի դեմ Ըմբշամարտ. Ազատ ոճայինները փակ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում Ալաշկերտը հաղթեց Լոռիին ու ապահովեց տեղը եվրագավաթներում (տեսանյութ) Ալաշկերտ-Լոռի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Տոտենհեմը նվազագույն հաշվով հաղթեց Էվերտոնին Սևիլյան հաղթեց Էյբարին՝ ամրապնդվելով լավագույն քառյակում Ասել, որ Ռոնալդուն ամենատաղանդավորն է, ում հետ խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող․ Ֆերնանդեշ Լեգենդար Պիսարոն ավարտեց կարիերան Մոուրինյուն հինգերորդ մարզիչն է, ով 200 հաղթանակ է տարել ԱՊԼ-ում Ռեալի հայտացուցակը Աթլետիկի դեմ խաղում Armsport սկետչ․ Մեսսիի 700-րդ գոլը․ նոր ռեկորդը դեռ Բարսայի հաղթնակի գրավականը չէ Բարսելոնայի հայտացուցակը Վիլյառեալի հետ խաղի համար Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters առցանց մրցաշարի հաղթող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում» Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս Բարձրագույն խմբի ձևաչափ և լեգեոներների սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը Շիրակ-Լոռի. Զրոներ՝ առաջին խաղակեսից հետո Ըմբշամարտ․ Մեծահասակների աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայում Յուվենտուսը և Դիբալան համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին Վեսթ Հեմը արդյունավետ խաղում հաղթեց Չելսիին (տեսանյութ) Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է Առաջին խումբ. Մասիսն ու Տորպեդոն ոչ-ոքի խաղաց Միլանը 15 միլիոն եվրո կառաջարկի Ֆիորենտինայի պաշտպանի համար Մխիթարյան. Շատ ուրախ է, որ վերջապես կարողացանք գալ համաձայնության Յուվենտուսի մեկնարկային կազմը Ջենոայի դեմ խաղում. ուղիղ եթեր Բարսելոնա – Աթլետիկո․ մեկնարկային կազմեր. ուղիղ եթեր Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը
website by Sargssyan