Աստղային ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերն ավարտվում են ամռանը

Աստղային ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերն ավարտվում են ամռանը

Ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկին թեև դեռ բավականաչափ ժամանակ կա, բայց արդեն մասամբ հայտնի է, թե ովքեր կարող են փոխել մարզահագուստի գույները:

Ֆերնանդո Տորրես (33 տարեկան) – «Ատլետիկո»

Տորրեսը գրեթե չի խաղում: Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխության տարբերակներն է ուսումնասիրում: Տորրեսին գուցե տեսնենք «Նյուքասլում» կամ Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներից որևէ մեկում:

Ալեքսիս Սանչես (28 տարեկան), Մեսութ Օզիլ (29 տարեկան) – «Արսենալ»

Լոնդոնից հեռանալու Սանչեսի ցանկության մասին բաց են խոսում: Ինչ վերաբերում է Օզիլին, ապա Արսեն Վենգերը վստահեցնում է, որ կիսապաշտպանն այս ձմռանը չի հեռանա «Արսենալից»: Ամեն ինչից դատելով՝ ամռանը սա անվիճելի փաստ կլինի: Շրջանառվող լուրերի համաձայն, հավանական տարբերակ է «Ռեալը», հատկապես գերմանացու վերջին հարցազրույցից հետո:

«Զիդանի խաղաոճը վարակել է ինձ: Հիշողությունները դեռ թարմ են: Երբ «Ռեալ» գնացի ու հանդիպեցի նրան, ձեռքերս դողացին: Լարվում էի, բայց Զիդանը բարի էր ու դրական: Ժամանակ առ ժամանակ շփվում ենք»,-«FootballMgzn»-ի հետ հարզացրույցում ասել է Օզիլը:

Անդրես Ինյեստա (33 տարեկան), «Բարսելոնա»

Ինյեստայի իրավիճակը խճճված է: Ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է ամռանը: Ֆուտբոլիստն ասաց, որ կարիերան գուցե այլ ակումբում ավարտի: Հետո ցմահ պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ:

«Ինյեստա հավերժ». այսպիսի գրություն կար նրա մարզաշապիկին շնորհանդեսի ժամանակ: Հաջորդ օրը, սակայն պարզ դարձավ, որ համաձայնագրի կետերից մեկը նրան թույլ է տալիս հեռանալ ակումբից: Դրա համար Ինյեստան պարտավոր է ակումբին իր տեղափոխության մասին նախազգուշացնել ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ապրիլը:

Արյեն Ռոբեն (33 տարեկան), Ֆրանկ Ռիբերի (34 տարեկան) – «Բավարիա»

«Բավարիայի» երկու աստղերը, ասես, մեկ ընդհանուր ապագա ունենան: Ամեն դեպքում ակումբի ղեկավարությունը նրանց երկուսի նկատմամբ միևնույն դիրքորոշումն ունի:

«Խոսքը երկու ֆուտբոլիստի մասին է, ովքեր ակումբում մեծ ավանդ ունեն: Նրանց հետ լուրջ խոսակցություն կունենանք: Կարծում եմ՝ դա գարնան սկզբին տեղի կունենա»,-ասել է «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչ Ռումենիգեն։

Ջորջիո Կյելինի (33 տարեկան) – «Յուվենտուս»

Կենտրոնական պաշտպանը Թուրինում է 2005-ից: Բուֆֆոնի ու Կյելինիի հեռանալով՝ ակումբից մի ամբողջ սերունդ կգնա: Լուրեր են շրջանառվում, որ «Յուվենտուսը» նոր պայմանագիր է պատրաստում Կյելինիի համար, սակայն մանրամասներ դեռ չկան։ 

Յայա Տուրե (34 տարեկան) – «Մանչեսթեր Սիթի»

Ընդունակություններուվ ու բնավորությամբ հայտնի ևս մեկ վետերան: Տուրեին ձեռք բերել ցանկացող ակումբները պետք է հիշեն՝

  • Չի կարելի մոռանալ շնորհավորել ֆուտբոլիստի տարեդարձը:
  • Եթե որևէ մեկը նեղացնի Տուրեին, ապա լուրջ խոսակցություն կունենա գործակալ Սելյուկի հետ:

Կիլիան Մբապե (18 տարեկան), «Պարի Սեն Ժերմեն»

Անսպասելի է, բայց փաստ: Այո, շատերը կարծում էին, թե ՊՍԺ-ն երկարաժամկետ պայմանագիր ունի Մբապեի հետ: Իրականում այդպես էլ կա, բայց պաշտոնապես ֆուտբոլիստը վարձավճարով է ձեռք բերվել «Մոնակոյից» և նրա տրանսֆերային իրավունքներն ակումբը կարող է գնել 2018-ի ամռանը: Սա արվել է ֆինանսական մասով արդար խաղին չհակասելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում