Նույնիսկ լվացքի փոշին նա է ընտրում. Ո՞վ է «Տոտենհեմը» դարձնում է թոփ-ակումբ

Նույնիսկ լվացքի փոշին նա է ընտրում. Ո՞վ է «Տոտենհեմը» դարձնում է թոփ-ակումբ

Արգենտինացի մարզիչը սուպերսերունդ է կրթում Անգլիայում և փոխում Լոնդոնի ուժային դասավորվածությունը:

2013-14թթ․ մրցաշրջանում «Տոտենհեմը» երեք անգամ չոր հաշվով պարտվեց «Արսենալին» ու չկարողացավ մասնակցել Չեմպիոնների լիգային: Բացի այդ, Անդրե Վիլլաշ-Բոաշի թիմը մրցաշրջանի մեկնարկին 0:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Լիվերպուլից»։ Այդ ժամանակ դա անսովոր չթվաց: «Տոտենհեմը» պարզապես խաղում էր ու չէր կարողանում վեր բարձրանալ Եվրոպա լիգայի գոտուց։

2014-ի ամռանը թիմի ղեկը հանձնվեց Մաուրիսիո Պոչետինոյին, ով փոխեց Պրեմիեր լիգայի ավանդույթները: Նա ամեն ինչ փոխեց: Հասարակ փաստ՝ Պոչետինոյի գալով «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիում մեկ պարտություն է կրել: Դեռ մի քանի տարի առաջ «Արսենալը» ծաղրում էր «Տոտենհեմին», բայց նոր մարզիչն այնպես արեց, որ «զինագործները» հիմա լրջությամբ են ընդունում մրցակցին։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ հանդիպումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Պոչետինոյին վստահությամբ պետք է դասել թոփ-մարզիչների շարքին։ Աշխարհի լավագույն թիմի դեմ Պոչետինոն դուրս էր բերել իր «դաստիարակած» կադրերին։ Միայն դարպասապահ Ուգո Լյորիսն ու ռմբարկու Լյորենտեն էին, որ իրենց կարիերան կերտել էին նախքան Պոչետինոն։

Ֆուտբոլիստին նոր մակարդակի հասցնելը Պոչետինոյի հիմնական հմտությունն է: Արգենտինացին աստղ է դարձրել Հարի Քեյնին ու Դելե Ալիին։ Միայն սա բավական է «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիին հարստացնելու համար: Սակայն Պոչետինոյին երկու ֆուտբոլիստը բավարար չէ. հիմա նա հանճարներ է ծեփում Էրիկ Դայերից ու Հարի Ուինկսից, նախագծում է Կրիստիան Էրիկսենի հետագա աճը: Էրիկսենը դեռ 25 տարեկան է․ լավագույն տարիներն առջևում են, և նա ցանկանում է դրանք Պոչետինոյի գլխավորությամբ անցկացնել:

Վերջին շրջանի մի քանի անհաջող խաղերը չպետք է լուրջ քննադատության առիթ տան, քանի որ սառնասրտությունն ու վստահ քայլերի միավորումը Մաուրիսիոյի երկրորդ առանձնահատկություն է: Պոչետինյոյի հաստատակամության լավ օրինակ է Մուսա Սիսոկոյի տրանսֆերը: Այն միաձայն ձախողված ճանաչվեց բոլորի, բայց ոչ մարզչի կողմից: Հիմա ֆրանսիացի կիսապաշտպանը հարմարվել է թիմին ու նրա խաղն արդեն չի զվարճացնում։

***

Հոկտեմբերի 26-ին լույս տեսավ իսպանացի լրագրող Գիլեմ Բալագեի «Brave New World: Inside Pochettino’s Spurs» գիրքը: Գրքում «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին հավաստիացնում է, որ թիմի հետ երկարատև աշխատանքն ավելի մեծ բավարարվածություն կտա մարզչին, քան «Ռեալի» կամ «Չելսիի» մարզչական աթոռները:

«Որևէ բան չէի ցանկանա բացի նրանից, որ Պոչետինոն ևս 10-15 տարի լիներ մեր թիմի մարզիչը: Հաջողության հասնելու համար ժամանակ է պետք: Շատ հեշտ է հաջողակ մարզիչ դառնալ «Ռեալի» պես ակումբում: Ինձ ճիշտ հասկացեք, «Տոտենհեմի» հետ հաղթելն առավել արժեքավոր է, քան «Ռեալի» հետ հաղթելը, ու նա համաձայն է ինձ հետ: Մաուրիսիոն անհամբեր սպասում է հաջողությանը, նա ցանկանում է գլխավոր դերակատարը լինել: Մեր թիմում նա կարող է»,- ասել է Լևին:

Լոնդոնյան թիմում Պոչետինոն բոլոր որոշումներն անձամբ է կայացնում: Օրինակ՝ գրքում ներկայացված է, որ գլխավոր մարզիչն ինքն է ընտրում անգամ լվացքի փոշին, որով պետք է լվացվի ֆուտբոլիստների մարզահագուստը: Մանրուքները բաց չթողնելու հատկանիշն արգենտինացուն աշխարհի լավագույն մասնագետներից մեկը դարձնողներից հերթականն է:  

Պոչետինոյի ֆենոմենը հավասար է Դիեգո Սիմեոնեյի ֆենոմենին։ Պոչետինոն կհեռանա ու ներկայիս «Տոտենհեմը» կավերվի այնպես, ինչպես «Ատլետիկոն»՝ Սիմեոնեի հեռանալու դեպքում: Հենց դրա համար էլ այդ ակումբներն ամուր կառչել են իրենց արգենտինացի մարզիչներից: 

Պոչետինոն, հնարավոր է, դեռ 10-15 տարի էլ շարունակի առաջնորդել «Տոտենհեմը». կայուն խաղ Չեմպիոնների լիգայում, տեղափոխություն նոր մարզադաշտ, անգլիացի երիտասարդ տաղանդների հոսքագիծ: Գարի Նևիլը ճիշտ էր՝ Մաուրիսիոն «Տոտենհեմում» իսկական հեղափոխություն է արել։ Անգլիայի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր նոր մարզիչ հիմա ձգտում է նրան նմանվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում