Թրիլեր Լոնդոնում. «Արսենալ» – «Չելսի» խաղը գոլառատ է ստացվել (տեսանյութ)

Թրիլեր Լոնդոնում. «Արսենալ» – «Չելսի» խաղը գոլառատ է ստացվել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայացած «Արսենալ» – «Չելսի» լոնդոնյան դերբին դարձել է ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղերից մեկը: Երկու թիմերն էլ հանդիպման ընթացքում մեկական անգամ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն գրանցվել է ոչ-ոքի` 2:2:

Չնայած նրան, որ առաջին կեսում գոլեր չեն գրանցվել, երկու թիմերն էլ բազմաթիվ վտանգավոր պահեր են ստեղծել: Դրվագներից մեկում Ալեքսիս Սանչեսի հարվածից ու Տիբո Կուրտուայի սեյվից հետո գնդակը երկու անգամ դիպչել է դարպասաձողերին:

63-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Ջեք Ուիլշիրը, ում շեշտակի հարվածից հետո գնդակն անդրադարձել է դարպասաձողից ու հայտնվել դարպասում: Իր կարիերայի լավագույն խաղերից մեկն անցկացնող Կուրտուան այս անգամ չի փրկել «թոշակառուներին»: Ընդամենը 4 րոպե անց հյուրերը պատասխան գոլն են խփել: Էդեն Ազարը հստակորեն իրացրել է իր վաստակած 11-մենտրանոց հարվածը:

Հետագայում առավելությունը որոշակիորեն անցել է Անտոնիո Կոնտեի թիմի կողմը: 84-րդ րոպեին Դավիդե Ձապակոստայի փոխանցումից հետո «կապույտների» մյուս լատերալ Մարկոս Ալոնսոն առաջ է մղել իր թիմին: Մրցավարի ավելացրած ժամանակում Արսեն Վենգերի թիմը պաշարել է մրցակցի տուգանային հրապարակը և 90+2 րոպեին Էկտոր Բելերինը դիպուկ հարվածով ձևակերպել է վերջնական հաշիվը` 2:2:

Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» 46 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Արսենալը» 39 միավորով` վեցերորդ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում