Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» տարին սկսեց ոչ-ոքիով (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» տարին սկսեց ոչ-ոքիով (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սելտային» և ոչ-ոքի արդյունքի հասավ: Գրանցվեց 1:1 հաշիվը:

Առանց իր առաջատարների հանդես եկող կատալոնացիները 15-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան: Անդրե Գոմեշը տուգանային հրապարակի ձախ կողմում շրջանցեց պաշտպանին և գնդակն ուղարկեց կենտրոն, որտեղից Խոսե Արնաիսը մեկ հպումով գրավեց դարպասը: 31-րդ րոպեին գալիսիացիները պատասխան գոլը խփեցին: Մի քանի մետրից Յագո Ասպասի ապշեցուցիչ վրիպումից հետո, գնդակը դարպասաձողից ու Յասպեր Սիլեսենից անդրադարձավ Պիոնե Սիստոյի մոտ: Վերջինս սուր անկյան տակ գտնվելով հուժկու հարվածով խոցեց հոլանդացու պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսում «բլաուգրանան» տիրեց առավելությանը, սակայն չկարողացավ իրացնել իր մի շարք գոլային պահերը: Սերժիո Բուսկետսի ու Սերժի Ռոբերտոյի հարվածներից հետո գնդակը դիպչեց դարպասաձողերին, իսկ Դենիս Սուարեսը մի քանի մետրից զարմանալիորեն վրիպեց:

72-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման մտավ վնասվածքի պատճառով վերջին 3,5 ամիսը բաց թողած Ուսման Դեմբելեն:

Հատկանշական է, որ չորրորդ տարին անընդմեջ «կապտանռնագույնները» օրացույցային տարվա առաջին խաղում չեն հաղթում: Պատասխան մրցավեճը կկայանա հունվարի 11-ին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում