5 ակումբներ, որոնք նոր տրանսֆերների կարիք ունեն

5 ակումբներ, որոնք նոր տրանսֆերների կարիք ունեն

Ձմեռային տրանսֆերային պատուհանն այնքան էլ հարմար ժամանակահատված չէ լավ տրանսֆերներ կատարելու համար, սակայն կան մի քանի եվրոպական ակումբներ, որոնք այս պահին անհապաղ տրանսֆերների կարիք ունեն: Sport Times-ը վերլուծել է այդ ակումբների շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» խնդիրները սկսվեցին նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ թիմից հեռացան Ալվարո Մորատան, Խամես Ռոդրիգեսը և Պեպեն: Մադրիդյան ակումբն այդպես էլ չկարողացավ նրանց համարժեք փոխարինողներ գտնել: Հատկանշական է այն, որ այս 3 ֆուտբոլիստներն էլ տարբեր դիրքերի խաղացողներ են՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող: Այս բոլոր դիրքերում «Ռեալը» թուլացել է:

Դարպասապահի դիրքի համար մադրիդցիները վաղուց փնտրտուքների մեջ են։ Դավիդ Դե Խեա, Կուրտուա, Դոնարումա. այս դարպասապահներին ձեռք բերելու բոլոր փորձերն ապարդյուն եղան, սակայն իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ձեռք կբերի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային: Այնուամենայնիվ, մադրիդցիները պետք է ուժեղացնեն պաշտպանության և հարձակման կենտրոնը:

«Բարսելոնա»

Կատալոնական ակումբն արդեն կատարեց իր պատմության խոշորագոյւն տրանսֆերը և ամրապնդեց դաշտի կենտրոնը: Այժմ առանցքային դիրքը պաշտպանությունն է: Եթե Խավիեր Մասկերանոն հեռանա, ապա «Բարսան» անհապաղ պետք է փոխարինող գտնի նրան: Ճիշտ է, կենտրոնական պաշտպանների հիմնական զույգը կկազմեն Պիկեն և Ումտիտին, սակայն Վալվերդեն պետք է այլընտրանքային տարբերակ ունենա: Վնասվածքների և որակազրկումների արդյունքում թեկուզ մի խաղում թուլանալը կարող է ծանր հետևանքներ ունենալ կատալոնացիների համար: Թիմը պայքարում է մի քանի ճակատով և հույսը դնել միայն Ումտիտի/Պիկե զույգի վրա, այդքան էլ ճիշտ չի լինի: Ինչպես նաև, լավ գաղափար չէ հույսը Թոմաս Վերմալենի վրա դնելը: Բելգիացին կայուն խաղ չի ցուցադրում և կարելի ասել՝ չի համապատասխանում «Բարսելոնայի» մակարդակին:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Այն, որ Մոուրինյուն տրանսֆերի կարիք ունի, պարզից էլ պարզ է: Պորտուգալացին հրապարակավ խոսել է այդ մասին, սակայն ՄՅՈւ-ում բացառությամբ հարձակման դիրքի, մնացած գոտիներում ֆուտբոլիստների պակաս չի զգացվում: Այնպես որ, գնելուց առաջ, նախ պետք է վաճառել: Եվ հետո, հստակ չէ, որ նորեկներն ավելի լավը կլինեն ներկայիս ֆուտբոլիստներից: Մոուրինյուին պետք են աթլետներ՝ ֆիզիկապես լավ պատրաստված: Նա այնքան էլ չի գնահատում ֆուտբոլիստի տեխնիկան: Միակ դիրքը, որտեղ ՄՅՈւ-ն կարող է խնդիրներ ունենալ՝ կենտրոնական հարձակվողի դիրքն է: Լուկակուն գրեթե առանց փոխարինման է խաղում, իսկ Իբրահիմովիչը նորից վնասվածք է ստացել:

«Նապոլի»

«Նապոլին» երկար դադարից հետո վերջապես ռեալ շանսեր ունի չեմպիոնությունը նվաճելու համար: Պետք է օգտագործել այս տրանսֆերային պատուհանը թիմի կազմն ամրապնդելու համար: «Նապոլին» այն թիմերից է, որոնք խաղում են 14-15 ֆուտբոլիստով: Այսինքն՝ ռոտացիայի հնարավորություն չկա: Նման դեպքերում, եթե ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստանում, ապա քանդվում է ամբողջ թիմը:

Նեապոլցիների համար առաջնային է կենտրոնական հարձակվողի դիրքն ամրապնդելը: Արկադիուշ Միլիկը դեռ չի ապաքինվել վնասվածքից և Մաուրիցիո Սարրին միանշանակ ուրախ կլինի նոր կենտրոնական հարձակվող ունենալ:

Եվ վերջում, չմոռանանք նաև հայկական ֆուտբոլի մասին

«Ալաշկերտ»

Մեր գործող չեմպիոնն ու ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ալաշկերտը» կփորձի ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Երևանյան ակումբը համագործակցելու է բրազիլական երկու հանրահայտ ակումների՝ «Ֆլումինենսեի» և «Բոտաֆոգոյի» հետ: Հնարավոր է, որ «Ալաշկերտում» բրազիլացի նորեկներ լիեն, ինչը չի կարող չուրախացնել հայկական ֆուտբոլի երկրպագուներին: Այո, ոչ թե միայն «Ալաշկերտի», այլ նաև ամբողջ հայկական ֆուտբոլի երկրպագուներին: Ընդամենը մի քանի ամիս առաջ, «Ալաշկերտին» մի քայլ էր բաժանում Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլից: Այս պահի դրությամբ, միայն մեր գործող չեմպիոնը կարող է համարձակվել և փորձ կատարել հայտնվելու ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլում: Ճիշտ է, դրա համար նախ պետք է դառնալ Հայաստանի չեմպիոն, ապա անցնել ՉԼ-ի որակավորման 1-ին փուլը: Այնուամենայնիվ, մի քանի լավ տրանսֆերներ կատարելու դեպքում, երևանյան ակումբը կարող է մեծացնել շանսերը պատմություն կերտելու համար:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում