Զիդան. Տեղի ունեցածն անբացատրելի է

Զիդան. Տեղի ունեցածն անբացատրելի է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումից (2:2) հետո մամուլի ասուլիս է տվել: Ֆրանսիացու խոսքերը մեջբերում է as.com-ը:

– Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտավ հանդերձարան: Ինչի՞ մասին էիք խոսում:

– Ոչ մի առանձնահատուկ բանի: Մենք զայրացած ենք արդյունքից: Առաջին խաղակեսում լավ տեսք ունեինք, սակայն երկրորդը հիասթափեցրեց ինձ: Չենք կարող գոհ լինել հաշվից, որովհետև կարող էինք ավելի լավ խաղալ: Արդյունքում, չկարողացանք հաջող հանդես գալ բոլոր 90 րոպեների ընթացքում:

– Ի՞նչ ասաց Ֆլորենտինոն:

– Նա հանդերձարան էր եկել թիմին ոգևորելու համար, ուրիշ ոչինչ:

– Տեղի ունեցածի բացատրությունն ունե՞ք:

– Երկրորդ խաղակեսն առաջինի հակապատկերն էր: Մրցակիցը ճնշում էր գործադրում: Մենք պաշտպանությունից դուրս գալիս հեշտությամբ էինք գնդակը կորցնում: Պետք է վերլուծենք տեղի ունեցածը:

– Ինչի՞ հետ է կապված, որ թիմը 90 րոպե չի կարողանում նույն մակարդակով անցկացնել:

– Շատ սխալներ թույլ տվեցինք ու շատ մենապայքարներ պարտվեցինք, ինչը սովորաբար խնդիր չի լինում մեզ համար: Բայց այսօր դա կար, հատկապես կարևոր րոպեներին: Պետք է ապահովագրության համար երրորդ գոլը խփեինք: Հետագայում պետք է խուսափենք սխալներից ու ավելի կայուն գործենք:

– Ինչո՞ւ «Մադրիդը» կայուն չէ:

– Պետք է գտնեմ այդ հարցի պատասխանը, որովհետև պատասխանատվություն եմ կրում թիմի համար: Վերջին ժամանակները բարձր տեմպով չենք խաղում: Պետք է ավելի շատ հավատանք մեր խաղին: Միգուցե, վստահության պակաս կա:

Լուսանկար

– Ֆունկցիոնալ խնդիր ունե՞ք:

– Ֆիզիկապես լավ ենք պատրաստ, շատ ենք վազում: Երկրորդ խաղակեսում առաջացած խնդիրը ֆունկցիոնալ վիճակի հետ կապ չունի: Օրինակ` մրցակցի երկրորդ գոլն անհատական սխալների շարքի արդյունք էր:

– Ինչո՞վ կարող եք բացատրել թիմի վստահության բացակայությունը:

– Ֆուտբոլում ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք եք պատկերացնում: Երբեմն խնդիրներ են առաջանում: Կան սխալներ, որոնք մեզ համար անսովոր են, օրինակ` գնդակով պաշտպանությունից դուրս գալը: Տեղի ունեցածն անբացատրելի է:

– Զրուցե՞լ եք ֆուտբոլիստների հետ:

– Բազմիցս: Վաղը նոր օր է, պետք է մտածենք մյուս հանդիպումների մասին: Չենք պատրաստվում խոսել Լա լիգայի մասին կամ այլ նպատակների: Չենք խելագարվում: Այո, երջանիկ չենք նման արդյունքներից, բայց ես եմ դրանց առաջին մեղավորը:

– Դուք ասել էիք, որ ձեզ նոր դարպասապահ հարկավոր չէ: Իսկ մյուս խաղային դիրքերում «Ռեալին» համալրումներ պետք չե՞ն:

– Այս պահին նորեկների կարիք չունեմ: Մինչև հունվարի 31-ը կարող է իրավիճակը փոխվել: Գոհ եմ թիմի ներկայիս կազմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում