Կոուտինյոն և «Բարսելոնայի» մյուս բրազիլացիները

Կոուտինյոն և «Բարսելոնայի» մյուս բրազիլացիները

«Բարսելոնան» կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի պատմության ամենաթանկարժեք գործարքը` գնելով Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը։ Հիշենք նրանց, ովքեր նախքան Կոուտինյոն բրազիլական ֆուտբոլով գեղեցկացրել են կատալոնական թիմի խաղը:

1. Ժագուարե Վասկոնսելոս (1935-1936)

Ակումբի 120-ամյա պատմության առաջին բրազիլացի ֆուտբոլիստը դարպասապահ Ժագուաերան էր: Օվկիանոսից այս կողմ նրա առաջին ակումբը «Սպորտինգն» էր, որից հետո 30-ամյա Վասկոնսելոսը միացավ «Բարսելոնային»: Թիմում նա միայն ընկերական հանդիպումներին մասնակցեց ու դրա համար էլ արագ մոռացվեց:

2. Ֆաուստո դո Սանտոս (1935-1936)

«Բարսելոնայում» առաջին բրազիլացու կոչումը Վասկոնսելեսի հետ կարող է Ֆաուստոն վիճարկել: Նա ևս 1935-ին էր միացել կատալոնացիներին: Համաձայն այդ տարիների օրենքի, օտարերկրացին պաշտոնական խաղերին մասնակցել չէր կարող պայմանագրի առաջին տարում, դրա համար էլ Ֆաուստոն «Բարսելոնայի» կազմում միայն Կատալոնիայի առաջնության և տարածաշրջանային խաղերին էր մասնակցում:

3. Լուսիո Դա Սիլվա (1947-1948)

Առաջին բրազիլացին, ով «Բարսելոնայում» պաշտոնական հանդիպումների է մասնակցել: Ճիշտ է, շատ քիչ՝ 3 խաղ, որոնցում 1 գոլ է խփել։

4. Էվարիստո (1957-1962)

«Բարսելոնան» այս հարձակվողին ձեռք բերեց «Ֆլամենգոյից»: Նա կարողացավ զանազանություն մտցնել կատալոնական թիմի խաղի մեջ՝ 114 խաղում 78 գոլ խփելով: Էվարիստոն նույնիսկ իր որոշումներով տպավորություն էր թողնում․ նա «Բարսելոնայից» «Ռեալ» տեղափոխվեց, բայց Մադրիդում նրա մոտ ոչինչ չստացվեց:

Լուսանկար

 5. Սիլվա Բատուտա (1966-1967)

«Բարսելոնան» 180.000 դոլար վճարեց «Կորինտիանսի» հարձակվողին գնելու համար և նրան 20.000 դոլար աշխատավարձ տվեց: Հետո տեղի ունեցավ անսպասելին․ ակումբի ղեկավարները պաշտոնական խաղերում օտարերկրացիների մասնակցությունն արգելող օրենքի դեմ ամբողջ բողոքը թափեցին բրազիլացու վրա: Կատալոնական ակումբի այդ ժամանակվա տնօրեն Էնրիկե Լյաուդետը բրազիլացուն ասաց. «Եթե չես կարող խաղալ, ապա կաշխատես որպես վարորդ․․․»:

6. Մարինյո Պերես (1974-1976)

Ժամանակին 12 պաշտոնական խաղ է անցկացրել Բրազիլիայի հավաքականում, բրոնզե մեդալակիր դարձել Մունդիալ-1974-ի ժամանակ, բայց չի փայլել «Բարսելոնայում»: Հետագայում Մարինյոն հաջողակ մարզիչ է դարձել՝ 30 տարի աշխատելով հիմնականում պորտուգալական ու բրազիլական ակումբներում։

7. Բիո (1978-1979)

«Բարսան» հնարավորություն տվեց հարձակվողին, բայց մեկ տարվա ընթացքում Բիոն մասնակցեց ընդամենը 10 խաղի և ֆուտբոլային ճանապարհը շարունակեց «Էսպանյոլի», «Մալագայի» ու «Սաբադելի» հետ:

8. Ռոբերտո Դինամիտ (1979-1980)

Դինամիտը «Վասկո դա Գամայի» լեգենդն է, խաղացել է Բրազիլիայի հավաքականում: Եվրոպայում ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել և բոլոր հնարավորությունները «Բարսելոնայում» օգտագործել չի կարողացել. 10 խաղի է մասնակցել, 3 գոլ խփել:

9. Ալոիզիո Պիրես Ալվես (1988-1990)

Կենտրոնական պաշտպանը «Բարսելոնայում» 2 մրցաշրջան է խաղացել, հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում և Կոպա Դել Ռեյում: Հետո տեղափոխվել է «Պորտու», 11 մրցաշրջան անցկացրել ու դարձել թիմի լեգենդներից մեկը:

10. Ռոմարիո (1993-1994)

25 տարի առաջ «Բարսելոնան» ՊՍՎ-ին 3 միլիոն ֆունտ վճարեց Ռոմարիոյի տրանսֆերի համար: Բրազիլացին այստեղ կարճ, բայց շքեղ օրեր անցկացրեց՝ 40 գոլ խփելով 1.5 տարում:

Լուսանկար

11. Ռոնալդո (1996-1997)

Ռոնալդոն խոստովանել է, որի իրեն ասոցիացնում է «Ռեալի» հետ, որտեղ 5 տարի է անցկացրել, բայց չի մոռանում նաև «Բարսելոնայում» անցկացրած շրջանը: Նա նաև ասել է, որ Կատալոնիայում բրազիլացիների նկատմամբ ճիշտ մոտեցում չունեն: Ռոնալդոյի խոսքով, ակումբը չի կարողացել ճիշտ գնահատել իրեն, Ռոմարիոյին, Ռիվալդոյին, Ռոնալդինյոյին և Նեյմարին:

12. Ջովանի (1996-1999)

Հարձակվողը «Բարսելոնայում» իր ուժերը փորձեց 90-ականներին, բայց վարպետությունը չբավականացրեց բարձրակարգ խաղի համար: Ջովանին կատալոնական ակումբից տեղափոխվեց «Օլիմպիակոս», հիմա էլ աշխատում է այդ ակումբի համակարգում:

13. Ռիվալդո (1997-2002)

Բրազիլացի լավագույն ֆուտբոլիստներից մեկը «Բարսելոնայում», ով 1999-ին նվաճեց «Ոսկե գնդակը»: Կատալոնական ակումբում նրա կարիերան ժամանակից շուտ ավարտվեց Լուի վան Գալի հետ տարաձայնության պատճառով։ Նա կատալոնացի երկրպագուների հիշողության մեջ կմնա իր տուգանային հարվածներով, գնդակի արտակարգ վերահսկմամբ, ռաբոնաներով ու շրջադարձ հարվածներով, որոնցից լեգենդար դարձավ «Վալենսիայի» դեմ որոշիչ խաղի վերջին րոպեին խփած գոլը:

Տեսանյութ

 

14. Սոնի Անդերսոն (1997-1999)

«Մարսելում» և «Մոնակոյում» խաղալով Սոնին գրավեց «Բարսելոնայի» ուշադրությունը: Կատալոնական ակումբում բրազիլացին 46 խաղում 17 գոլ խփեց, ապա վերադարձավ Ֆրանսիա:

15. Տիագո Մոտա (1999-2007)

17 տարեկանում հայտնվեց «Բարսելոնայում», որոշ ժամանակ խաղաց երկրորդ թիմում, ապա միացավ գլխավորին: Մոտան անընդհատ պայքարում էր վնասվածքների դեմ ու արդյունքում հեռացավ ակումբից: Ամեն դեպքում, նա հասցրեց հարգանք ձեռք բերել Կատալոնիայում: Անձնագրով Մոտան իտալացի է։

16. Ֆաբիո Ռոշեմբակ (2001-2005)

Ֆաբիոյից սպասելիքները մեծ էին, բայց դրանք չարդարացվեցին։ Հետո որևէ մեկը նրա տրանսֆերը գնել չցանկացավ: Արդյունքում, 2 տարով վարձավճարի դիմաց խաղաց «Սպորտինգում»:

17. Ջեովանի (2001-2003)

Մեծագույն կարիերայի հույսեր ունեցող ֆուտբոլիստն արդյունքում հիասթափեցրեց: Նա չհարմարվեց Եվրոպայի մարտավարությանը, քանի որ ցանկանում էր արարել, ոչ թե պարզապես հանձնարարություններ կատարել: Կրեատիվ ֆուտբոլիստը 40 խաղում ընդամենը 2 գոլ խփեց:

18. Ռոնալդինյո (2003-2009)

Նա հրաշքներ էր գործում «Բարսելոնայում», ծափահարությունների արժանանում անգամ «Սանտյագո Բեռնաբեու» արենայում․․․ Ռոնալդինյոյի մեծությունը հասկանալու համար ավելին ասել պետք չէ։

Տեսանյութ
 

19. Ժուլիանո Բելլետի (2004-2007)

Մունդիալ-2002-ի հաղթողն առաջնությունից հետո տեղափոխվեց «Վիլյառեալ», իսկ երկու տարի անց «Բարսելոնա»: Երկու մրցաշրջան խաղաց հիմնական կազմում, մասնակցեց Չեմպիոնների լիգայի՝ «Արսենալի» դեմ եզրափակչին, հաղթական գոլը խփեց, ապա տեղափոխվեց «Չելսի»:

20. Էդմիլսոն (2004-2008)

Մունդիալ-2002-ի ևս մեկ բրազիլացի «Բարսելոնայում»: Սկզբում շատ կարևոր ֆուտբոլիստ էր, բայց վերջին մրցաշրջանում 4 վնասվածք ստացավ ու չերկարաձգեց պայմանագիրը: «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 2006 թվականի եզրափակչում նա ևս հայտացուցակում էր:

21. Սիլվինյո (2004-2009)

Այս տղային Արսեն Վենգերը Եվրոպա բերեց։ Երկու տարի «Արսենալում» խաղալուց հետո Սիլվինյոն Իսպանիա տեղափոխվեց․ «Սելտայից» հետո «Բարսելոնա» գնաց ու 5 տարի խաղաց անտեղ, բայց հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ: Այժմ նա Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում է:

22. Դանի Ալվես (2008-2016)

Ամենատիտղոսակիր ու հաջողակ բրազիլացին «Բարսելոնայում»․ 8 տարի, 23 տիտղոս, 388 խաղ, 21 գոլ:

Առաջարկում ենք ընթերցել՝ 

Դդում մշակելուց մինչև ֆուտբոլային էլիտա․ Ի՞նչ ճանապարհ է անցել Դանի Ալվեսը (12․05․2017)

23. Էնրիկե Ադրիանո Բուս (2008-2012)

4 տարվա պայմանագիրը նա վարձավճարի դիմաց «Բայերում», «Ռասինգում» և «Պալերմոյում» խաղալով սպառեց: Էնրիկեն կատալոնական ակումբի մարզահագուստով պաշտոնական լուսանկար ունի, բայց ոչ մի խաղի չի մասնակցել:

24. Մաքսվել (2009-2012)

Մաքսվելը 2009-ին Իբրահիմովիչի հետո հայտնվեց «Բարսելոնայում», սակայն ի տարբերություն Զլատանի, սպասեց Չեմպիոնների լիգայում հաղթանակին, հետո նոր տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:

25. Կեյրիսոն (2009-2014)

5 տարվա պայմանագիր, 5 գործուղում և 1 խաղ «Բարսելոնայի» կազմում:

26. Ադրիանո Կորեյա (2010-2016)

Բազմակողմանի զարգացած այս բրազիլացին Գվարդիոլայի օրոք հայտնվեց «Բարսելոնայում» և բազմաթիվ տիտղոսներ նվաճեց: Միշտ չէ, որ մեկնարկային կազմում էր ընդգրկվում, բայց 6 մրցաշրջանի ընթացքում 17 գոլ է խփել (189 խաղում):

27. Ռաֆինյա (2006-ից ակումբում է, 2011-ից՝ գլխավոր թիմում)

Ռաֆինյան «Բարսելոնայի» սան է: Նա որոշեց հանդես գալ Բրազիլիայի ընտրանու կազմում ի տարբերություն Իսպանիան գերադասած եղբորը՝ Տիագոյի: Ամեն անգամ, երբ նա մոտենում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստի կարգավիճակին, ծանր վնասվածք է ստանում:

28. Նեյմար (2013-2017)

Նեյմարի կատալոնական արկածների և 222 միլիոն եվրոյի դիմաց ՊՍԺ-ին միանալով՝ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը դառնալու պատմությունը դեռ թարմ է բոլորի հիշողություններում։

Լուսանկար

 

30. Մարլոն (2016 – )

«Ֆլումինենսեի» սանը «Բարսելոնային» միացավ 2 տարի առաջ, կարողացավ արդարացնել իրեն ու խաղալ Լա լիգայում: Այժմ 22-ամյա բրազիլացին վարձավճարի դիմաց «Նիցայում» է:

31. Պաուլինյո (2017 – )

Զարմանալի կարիերա ունի այս ֆուտբոլիստը: Վաղ տարիքում օվկիանոսից այս կողմ հայտնվեց, որպեսզի խաղա Լիտվայի ու Լեհաստանի առաջնություններում, ապա վերադարձավ հայրենիք, հետո տեղափոխվեց Չինաստան, իսկ 2017-ի ամռանը՝ Կատալոնիա: Հիմա Պաուլինյոն թիմի լավագույն ռմբարկուների շարքում է:

32. Կոուտինյո (2018 – )

«Բարսելոնայի» նորեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստն է: Տեսնենք՝ հերթական աստղային բրազիլացին կկարողանա՞ արդարացնել կատալոնացիների սպասելիքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում