«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, Մխիթարյանի ապագան և Մոուրինյուի ջոկերը

«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները, Մխիթարյանի ապագան և Մոուրինյուի ջոկերը

«Մանչեսթեր Յունայթեդի» համար ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնական գավաթն արդեն անհասանելի է: Թիմն ունի թե՛ խաղային, և թե՛ կադրային խնդիրներ: Sport Times-ը վերլուծել է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախ Մխիթարյանի մասին

Հաշվի առնելով անցած տարվա փորձը՝ կարելի է մտածել, որ Մխիթարյանի և Մոուրինյուի միջև որևէ անձնական կոնֆլիկտ չկա: Մխիթարյանը չի հայտնվում ՄՅՈւ-ի կազմում զուտ խաղային պատճառներից ելնելով: Իսկ եթե լինենք ավելի կոնկրետ՝ Մխիթարյանի չխաղալու պատճառը Մոուրինյուի փիլիսոփայությունն է: Նա էլ այդպես է տեսնում և հասկանում ֆուտբոլը: Նրա համար էլ ֆուտբոլում գեղեցիկ է 1:0 հաշիվը՝ կյանքի գնով մինչև խաղի վերջ այն պահելով:

Մխիթարյանն իր դիրքի ֆուտբոլիստներին զիջում է ֆիզիկական պատրաստվածության առումով՝ ըստ Մոուրինյուի: Սակայն ակնհայտ է, որ պորտուգալացի մասնագետը սխալ է վարվում՝ չօգտագործելով հայ ֆուտբոլիստի գերազանց հարձակողական որակները:

Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությունը գրեթե անհնար է

Այո, անհնար է, քանի որ «Ինտերը» չի կարող վճարել այն աշխատավարձը, որը Մխիթարյանը ստանում է Մանչեսթերում: «Ինտերում» ամենաբարձր աշխատավարձը ստանում է Մաուրո Իկարդին՝ 4.5 մլն եվրո: Համեմատության համար նշենք, որ Մխիթարյանը ՄՅՈւ-ում վաստակում է կրկնակի անգամ ավելի:

Ֆինանսական տեսանկյունից շատ անհավանական է, որ Մխիթարյանը կտեղափոխվի Իտալիա: Բացի այդ, խաղային տեսանկյունից ևս՝ «Ինտեր» տեղափոխությունը Մխիթարյանի օգտին չի լինի:

Մնում է միայն պայքարել՝ «Մանչեսթեր Յունայթեդում» տեղը վերականգնելու համար:

Լուսանկար

«Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրները

Կադրային խնդիրներ

Բացի դարպասապահի դիրքից, ՄՅՈւ-ն բոլոր խաղային գոտիներում խնդիրներ ունի:

Պաշտպանությունը

Երբ Մոուրինյուն հայտարարեց, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» հարձակվողի գնով պաշտպանների է ձեռք բերում, շատերը զարմացան: Իսկ ի՞նչն էր խանգարում Մոուրինյուին նույնն անելու համար: Ճիշտ է, «Մանչեսթեր Յունայթեդը», ի տարբերություն «Սիթիի», չի սնվում շեյխերի գումարներով, բայց, միևնույնն է, համարվում է աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկը:

Եզրակացությունը մեկն է. Ժոզեն ձախողել է վերջին երեք տրանսֆերային պատուհանները: Նա չի կարողացել բալանսավորել իր թիմը: Լուկակուի և Պոգբայի նման ֆուտբոլիստներ ունենալու համար նա ծախսել է գրեթե 200 մլն եվրո, բայց միևնույնն է, ՄՅՈՒ-ի պաշտպանությունում խաղում են Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը, Մարկոս Ռոխոն, Վիկտոր Լինդելոֆը և Մատեո Դարմիանը: Այս ֆուտբոլիստներից և ոչ մեկը թոփ-մակարդակի խաղացող չէ:

Պարադոքսալ է, բայց պաշտպանությանն ամենաշատ ուշադրություն հատկացնող մարզչի թիմում խաղում են վերը նշված ֆուտբոլիստները: Նրանցից ոչ մեկին չի կարելի համեմատել Ժերար Պիկեի, Սերխիո Ռամոսի, Դավիդ Ալաբայի կամ Մարկոս Ալոնսոյի հետ: Ի դեպ, վերջինս նույնպես թոփ մակարդակի ֆուտբոլիստ չէր, երբ խաղում էր «Ֆիորենտինայում», իսկ հիմա «Չելսիում» և նույնիսկ ամբողջ աշխարհում, համարվում է ամենաարդյունավետ ձախ պաշտպաններից մեկը:

Կիսապաշտպանությունը

Այս դիրքում ևս խառնաշփոթ է տիրում: Մեկ Պոգբան է խաղում ենթահարձակվողի դիրքում, մեկ Մխիթարյանը: Հանկարծակի հայտնվում է Լինգարդը: Մարսիալն ու Ռեշֆորդն այնքան եզրից եզր տեղափոխվեցին, որ կարող են գլխապտույտ ունենալ: Միակ կայուն խաղացողը Նեմանյա Մատիչն է:

Հարձակման գիծը

Անգլիայում ոչ մի ֆուտբոլիստ չի կարող բոլոր խաղերում լինել մեկնարկային կազմում: Ի սկզբանե Մոուրինյուի հաշվարկները թղթի վրա շատ լավ տեսք ունեին: Հիմնական հարձակվողը կլինի Լուկակուն, իսկ երբ բելգիացին հոգնի, օգնության կգա Իբրահիմովիչը: Բայց Մոուրինյուի պլանները խառնվեցին այն ժամանակ, երբ Լուկակուն հոգնեց ավելի շուտ, քան նախատեսվում էր, իսկ Իբրան՝ ավելի երկար ժամանակով շարքից դուրս մնաց:

Լուսանկար

Ի՞նչ քայլեր կարող է կատարել Մոուրինյուն ընթացիկ տրանսֆերային պատուհանում

Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Պարի Սեն Ժերմենի» վինգեր Լուկաս Մոուրային ձեռք բերելու համար: Դժվար է ասել՝ ի՞նչ կտա ՄՅՈւ-ին Լուկասը՝ հաշվի առնելով թիմում եզրային կիսապաշտպանների մեծաթիվ լինելը: Տեղեկություն կա նաև Ալեքսիս Սանչեսի հնարավոր տեղափոխության մասին, բայց դա իրագործելը դժվար կլինի:

Մոուրինյուի ջոկերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում», կարող է դառնալ Մոուրինյուի ջոկերը: Պորտուգալացին ամռանը չէր ցանկանում բաց թողնել Պերեյրային, բայց վերջինս կայուն խաղաժամանակի կարիք ուներ, ինչի պատճառով էլ տեղափոխվեց «Վալենսիա»: Այժմ ակտիվ լուրեր են պտտվում, որ ՄՅՈւ-ն կարող է արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձնել Պերեյրային: Անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ իրեն լավ է զգում Իսպանիայում և չէր ցանկանա ժամանակից շուտ վերադառնալ Մանչեսթեր: Սակայն, եթե Մոուրինյուն նրան խոստանա, որ բավականաչափ խաղաժամանակ կհատկացնի, ապա Անդրեասը կդիտարկի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու տարբերակը:

Անդրեաս Պերեյրան խաղում է ենթահարձակվողի դիրքում: Մոուրինյուն նախամրցաշրջանային փուլի խաղերում նրան օգտագործում էր կիսապաշտպանության միջին գծում, որպես խորքից գործող փլեյմեյքեր: Երկու դիրքերում էլ Պերեյրան հիանալի է գործում: Նրա վերադարձը մեծ օգուտ կտա մանկունյանցիներին:

Լուսանկար

Ինչի՞ համար է պայքարում ՄՅՈՒ-ն

Թերևս միակ հավանական տիտղոսը կարող է լինել Անգլիայի գավաթը: Դժվար թե Մոուրինյուի այժմյան ֆուտբոլը Եվրոպայում որևէ թիմի համար արգելք հանդիսանա: Պետք է առաջին հերթին պահպանել ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը, կենտրոնանալ մրցաշրջանը գոնե տիտղոսով ավարտելու վրա և փորձել Չեմպիոնների լիգայում հրաշք արարել:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում