Ռուբեն Հայրապետյան. Հրաժարական չեմ տալու, որովհետև ինձնից լավ թեկնածու չկա

Ռուբեն Հայրապետյան. Հրաժարական չեմ տալու, որովհետև ինձնից լավ թեկնածու չկա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ անդրադարձավ հայկական ֆուտբոլին վերաբերվող բազմաթիվ հարցերի

«Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակի մասին

«Մխիթարյանի հետ վերջին անգամ շփվել եմ Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ, երբ նման լարվածություն չկար: Այս ընթացքում շատ բան է փոխել: Տեղեկություններս գրեթե այնքան են, որքան բոլորինը: Կարծում եմ` պետք չէ ավելորդ խառնել իրավիճակը, այլ հարկավոր է սպասել իրադարձությունների զարգացմանը: Վստահ եմ` Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ով կարող է հաջողությամբ խաղալ աշխարհի ցանկացած թիմում: Նա այն խաղացողը չէ, ով կմնա պահեստայինների նստարանին»:

Հրաժարական տալու խոստման մասին

«Միանգամից հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր սպասում են իմ հրաժարականին: Հայտարարում եմ, որ հրաժարական չեմ տալու: Լրագրողներդ նշում եք ֆուտբոլասերների հետ զրույցի ժամանակ իմ ասած խոսքերը, ըստ որոնց ԱԱ-2018-ի եզրափակիչ ուղեգիր չնվաճելու դեպքում կհեռանամ իմ պաշտոնից, բայց հաշվի չեք առնում, թե ինչ պայմաններում է եղել այդ խոսակցությունը: Այն ընկերական զրույց էր ընդամենը: ՀՖՖ-ում իմ ծրագրերը կատարում եմ շատ լավ և չեմ տեսնում այլ մարդու, ով կարող է իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել կամ գոնե չքանդել: Եթե նման մարդ լինի, խնդրեմ թող ընտրությունների ժամանակ գա, իր ծրագրերը ներկայացի ու հաղթի: Թող ոչ ոք չկասկածի, որ ես խոսքի մարդ եմ: ՀՖՖ-ն կարող եմ թողնել միայն այն դեպքում, եթե արժանի փոխարինող ունենամ: Այս պահին լավագույն թեկնածուն ինձ եմ համարում»:

ՈւԵՖԱ-ի կողմից կասկածելի համարվող «Լոռի» – «Էրեբունի» խաղի մասին

«Այն մարդիկ, ովքեր հրապարակել են այդ տեղեկությունը, շատ վատ են վարվել: Գործի գաղտնիությունը հենց ՈւԵՖԱ-ի պահանջն էր: Այո, ՀՖՖ-ն դիմում է ներկայացրել օրինապահ մարմիններին, սակայն չեմ կարող մանրամասնել, որպեսզի քննության գաղտնիությունը պահպանվի: Այն մարդը, ով այդ տեղեկությունը հայտնել է մամուլին, քրեական հանցագործություն է կատարել»:

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը դարձել է «Ավանի Ակադեմիայի» սեփականատերը և վերանվանվել է «Արարատ Մոսկվա»…

«Զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ: Նա հովանավորելու է այդ թիմը: Ժամանակի ընթացքում կտեսնեք, թե նա ինչ ծրագրեր ունի այդ ակումբի շուրջ: Նա նոր մարդ չէ ֆուտբոլում, 10 տարուց ավելի օգնում է մեզ: Նորմալ եմ վերաբերվում, որ եվրոպական ասպարեզ դուրս գալու դեպքում Հայաստանը կներկայացնի «Արարատ Մոսկվա» անունով թիմ: Այդ անվանափոխությունն ՈւԵՖԱ-ի հետ համաձայնեցված է: Մինչև «Արարատ Մոսկվան» Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունում մրցանակային տեղ գրավի ու եվրագավաթի ուղեգիր նվաճի, կանցնի 1,5 տարի: Դա նշանակում է, որ անվանափոխված ակումբը միայն 1,5 տարի հետ կկարողանա խաղալ Եվրոպայում, ուստի ժամկետային արգելքի խնդիր չի լինի»:

Լուսանկար 

Առաջին խմբից Բարձրագույն խումբ կտեղափոխվեն բոլոր ցանկացողները

«Առաջին խմբի բոլոր այն թիմերը, որոնք Բարձրագույն խմբի ակումբների երկրորդ դուստր-թիմերը չեն, ցանկության դեպքում իրավունք կստանան մասնակցելու Բարձրագույն խմբին: Մեր նպատակն է Հայաստանի առաջնության թիմերի քանակը հասցնել 10-ի: Միայն այդ քանակին հասնելուց հետո Բարձրագուն խմբում կսկսի գործել վերջին տեղ գրաված թիմի`Առաջին խումբ իջնելու պրակտիկան»:

Ազգերի լիգան ու ընկերական խաղերը

«Հունվարի 24-ին կկայանա Ազգերի լիգայի վիճակահանությունը: Միայն դրանից հետո կկողմնորոշվենք մեր նպատակների ու ընկերական խաղերում հնարավոր մրցակիցների հարցում»:

Արթուր Պետրոսյանի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումը

«Պետրոսյանի հետ պայմանագիրը երկարաձգել ենք, որովհետև անկախ արդյունքներից վստահում ենք նրան»:

Ազգերի լիգայի 4-րդ դիվիզիոնում խաղալը չի ազդի հեռուստատեսային եկամուտների վրա

«Բոլոր հավաքականները ֆուտբոլի միջազգային կառույցների հետ 6 տարվա պայմանագիր ունեն: Անկախ մրցակիցներից, ֆեդերացիայի ստացած գումարը չի փոխվում»:

Արգենտինացի մարզիչները Հայաստանում

«Այս հարցը հայկական ֆուտբոլի համար շատ կարևոր եմ համարում: Նրանք մարզելու են մեր բոլոր պատանեկան թիմերը` 14-18 տարեկաններ: Արգենտինացիների խումբը գլխավորող մարզիչը մեծ նվաճումների է հասել, ժամանակին գլխավորել է Արգենտինայի Մ-19 հավաքականը: Նրա խնդիրներից մեկը կլինի բարձրացնել հայ պատանիների խաղամակարդակը, որպեսզի նրանք տեղափոխվեն եվրոպական բարձրակարգ թիմեր: Պատանեկան հավաքականի արդյունքներն ինձ համար կարևոր չեն, ավելի մեծ նշանակություն ունի, որ այդ խաղացողներն ամրապնդեն ազգային ու երիտասարդական ընտրանիները: Նախկինում ունեինք 1996-97 թվականի ծնված խաղացողների թիմ, որոնց մեկ ակումբում էին խաղում, բայց հիմա նրանք չկան, ով է հիշում այդ ֆուտբոլիստներին… Նախկինում մեր մարզիչները սխալ են աշխատել: Միգուցե, արգենտինացիներին հրավիրելուց հետո հայ մարզիչները կհասկանան, որ նրանց հետ հույսեր չենք կապելու, որովհետև մեր տված կրթությունն անհասկանալի` ուր է կորում: Մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է, մեր աշխատանքներն իզուր են անցնում: Կան ընդամենը 2-3 լավ մարզիչներ: Սկսելու ենք մարզչական արտոնագրից շատերին զրկել»:

Նախկինում այլազգի մարզիչներ նույնպես աշխատել են Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, սակայն իրենց աշխատանքը չեն հասցրել ավարտին: Ի՞նչ է փոխվելու արգենտինացիների դեպքում:

«Այդ հոլանդացի ու բելգիացի մարզիչները հեռացել են պայմանագրերի ավարտներից հետո: Արգենտինացիները լավ ծրագիր են ներկայացրել, որն իրագործելու դեպքում նրանց պայմանագրերը նույնիսկ կերկարաձգենք»:

Հայաստանի հավաքականի տոմսերի գները

«Տոմսերը թանկ չեն: Եթե ուսումնասիրեք մյուս երկրները, կտեսնեք, որ մեր մոտ գները թանկ չեն: Հավաքականի վատ խաղի դեպքում երկրպագուները մարզադաշտ չեն գա, եթե նույնիսկ տոմսերի գները 1000 դրամ սահմանենք: Հենց հավաքականը սկսի լավ արդյունքների հասնել, երկրպագուները կրկին մարզադաշտ կվերադառնան: Նաև աբոնեմենտային համակարգ են կիրառելու, որ ավելի էժան գնով երկրպագուները կարողանան գնել տոմսերը»:

Արտասհամանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու մասին

«Միշտ զբաղվում ենք արտասհամանում բնակվող հայ նոր ֆուտբոլիստների հրավիրելու շուրջ: Անուններ չեմ ուզում տալ, որովհետև հենց հրապարակում ենք անունները, նրանց գործակալներն անմիջապես սկսում են խանգարել: Մեզ այդ հարցերում միշտ օգում էր արգենտինահայ գործակալ Նորայր Նակիսը, սակայն նա հիմա ձերբակալված է: Զրուցել եմ նրա հետ, կարծես թե ձերբակալությունը քաղաքական որոշում է: Կարծում եմ` շուտով նրան բաց կթողնեն և մենք կշարունակենք համագործակցությունը»:

Լուսանկար

Դժգոհություն Հայաստանի հավաքականի խաղից

«Ես ու հավաքականի մարզիչը դժգոհ ենք հավաքականի խաղից: Ինչպե՞ս կարող էինք գոհ լինել մի թիմից, որը 6 գոլ է բաց թողնում»:

Դավիթ Յուրչենկոն կրկին հրավիրվելու է Հայաստանի հավաքական

«Մեզ լավ դարպասապահ նույնիսկ առանց խաղի է հարկավոր: Շարունակվելու են Յուրչենկոյի հետ բանակցություներ վարել ու կրկին հրավիրել նրան: ՀՖՖ-ն ի՞նչ կարող է անել, եթե այդ մարդը հրաժարվում է ընդունել առաջարկը: Այնուամենայնիվ շարունակելու ենք հրավիրել նրան, որովհետև մեզ բարձրակարգ դարպասապահ է հարկավոր»:

Հայաստանում բանակային ակումբ ստեղծելու հնարավորություն

«Հայաստանում ԲՄԱ հնարավոր է ստեղծել, եթե ինչ որ մեկը կամ որևէ կառույց համաձայնի ֆինանսավորել այն: Առայժմ ֆինանսավորող չկա: Եթե հանարվոր լինի նման ակումբ բացել, բնականաբար այդ թիմում խաղացող ֆուտբոլիստները զինվորական ծառայության տարեկետում կստանան»:

Ֆուտբոլն Արցախում

«Տեղյակ եմ Արցախի ֆուտբոլի ֆեդերացայում կատարվող աշխատանքներին: ՀՖՖ-ն փորձում է ամեն կերպ օգնել ենթակառուցվածքների հարցում: Հայաստանում կա արցախյան թիմեր, որոնք մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնություններին: Մեր նպատակն այն է, որ առաջիկայում Արցախում գոնե պատանեկան փոքր առաջնություններ անցկացվեն, որից հետո հնարավոր կլինի այլ աշխատանքներ կատարել»:

«Փյունիկը» նոր ղեկավարների օրոք

«Կարծում եմ՝ արժանի մարդկանց եմ փոխանցել «Փյունիկը»: Սկզբում աշխատանքներն իմ դուրը չէին գալիս, ինչը հասկանալի է. նրանք նոր մարդիկ էին ֆուտբոլում: Առաջնությունում «Փյունիկը» նոր մարզչով վատ մեկնարկեց, սակայն հետո արագ փոփոխություններ կատարեցին: Արմեն Գյուլբուդաղյանցը դարձավ նոր մարզիչը, վերապատրաստման մեկնեց Եվրոպա, ապա «Փյունիկն» անմիջապես կերպարանափոխվեց: Այժմ Գյուլբուդաղյանց ամեն ինչ փոխել է: Հիանում եմ նույնիսկ նրանց մարզումները տեսնելով: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, «Փյունիկի» բազմաթիվ խաղացողներ կհամալրեն ազգային հավաքականը»:

«Բանանցի» սխալ «միտումը»

««Բանանցում» միտում կար չխաղացնել երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին: Դրա հետևանքով Մ-21-ի ընտրանին ձախողվեց: Հիմա այդ ֆուտբոլիստներին հանել են ակումբից: Այն ժամանակվա «Փյունիկը» նույնպես սխալ էր աշխատում, որովհետև գերհոգնածություն էր առաջացրել այդ խաղացողների մոտ: Մեծ հույսեր էի կապում պաշտպան Արթուր Քարտաշյանի հետ, սակայն անցած տարի նա ձախողվեց, իսկ հիմա նա փոխվել է ու նվիրվածությամբ է խաղում:

Երբեք չեմ հանդիպել լրագրողի, ով խորապես ուսումնասիրի ու քննադատի մարզչին: Հենց ազգային հավաքականի մարզիչը մի փոքր ձախողում է, քննադատում են: Ակումբներն են պատրաստում ֆուտբոլիստներին, որոնք գալիս են հավաքական ու ընդամենը 3-4 օր են գտվում հավաքականի մարզչի տրամադրության տակ: Ոչ մի մարզիչ այդ ընթացքում չի կարող ֆուտբոլիստներին ֆունկցիոնալ պատրաստել: Դա ակումբները պետք է անեն: Կխնդրեի ուշադրություն դարձնել մարզիչներին ու այն հանգամանքին, որ լեգենդար ֆուտբոլիստները կարող են միջամտել ու նաև խոչընդոտել խաղին: Լավ կլինի, որ լրագրողները հետևեն նաև առաջին և բարձրագույն խմբի հանդիպումներին: Լրագրողներն իրենց աշխատանքով կարող են օգնել ֆեդերացիային, նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:

Ռեսուրսների պակասի մասին

«Մարզիչների մեծ մասը թերանում է աշխատանքում: Ֆուտբոլիստների պակաս ունենք, բայց ֆեդերացիան վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ է տանում մարզերում ու ֆինանսների հիմնական մասն ուղղվում է ֆուտբոլի դաշտերի, մարզադպրոցների կառուցմանը: Ցանկանում ենք քանակից որակ ստանալ: Մարզերում խաղադաշտերը չեն բավարարում: Միշտ նշել եմ, որ Գյումրին հայկական ֆուտբոլի դարբնոցն է, հիմքը ու ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող է հավաքականին ֆուտբոլիստներ տալ: Գյումրու ֆուտբոլի դպրոցը կառուցեցինք, հանձնեցինք ժողովրդին, բայց հիմա այն արոտավայրի է նման»:

Մխիթարյանի` «Տարվա մարզիկների» տասնյակում ընդգրկվելու մասին

«Ավելի արժանի մեկին չեմ տեսնում: Գլուխ եմ խոնարհում Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահող բոլոր մարզիկների առաջ, նրանք բոլորն արժանի են լավագույն տասնյակում լինել: Հանրությունն է Մխիթարյանին ամենաշատ ձայնը տվել ու քննադատներին այսպես կպատասխանեմ. ծանրամարտն ու բռնցքամարտն այն մարզաձևերն են, որոնցում քիչ երկրներ ներկայացուցիչներ ու քիչ լսարան ունեն: Ֆուտբոլին միլիարդավոր մարդիկ են հետևում ու համաձայն չեմ այն մտքի հետ, թե Մխիթարյանը քիչ է ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակում: Եվրոպա լիգայի խաղերն ավելի շատ մարդ է դիտում, քան մյուս մարզաձևերը: Խնդրում եմ ոչ մի սպորտաձև ու դրա ներկայացուցչի չնսեմացնել, քանի որ բոլորն էլ արժանի են: Իմ կարծիքով, ամենաարժանին Լևոն Արոնյանն է»:

Լուսանկար

 

Քվեարկության ընթացակարգի մասին

«Նորմալ եմ համարում ընթացակարգը, հանրությունն է ձևավորել տասնյակը: Եթե 5-10 տարի հետո դրանում ֆուտբոլիստ չընդգրկվի, ես, միևնույն է, կշնորհավորեմ հաղթողներին: Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու հպարտանում եմ մեր մարզիկներով, օրինակ՝ Արթուր Ալեքսանյանով: Նրա դեմքը տեսնելուց անգամ պայծառանում եմ»:

Արազ Օզբիլիսի մասին

«Արազի հետ բազմաթիվ անգամներ եմ խոսել: Ցավում եմ, որ կորցրել է դիրքը թուրքական թիմում: Նա տաղանդավոր, բարձրակարգ մարզիկ է հավաքականի համար: Ցավում եմ, որ նման իրավիճակում է հայտնվել ու կարծում եմ, որ լուրջ մարզվելու դեպքում կվերադառնա նախկին դիրքին: Նրան տեղափոխություն և խաղաժամանակ է հարկավոր: Դեռ պայմանագիր ունի ու հստակ որոշում դեռ չկա»:

Մրցավարների վերապատրաստման, աշխատանքի մասին

«Մրցավարական կորպուսը միշտ խոցելի է: Բնականաբար, նրանք մարդիկ են ու կարող են սխալվել: Չպետք է թիրախ դարձնենք նրանց: Նորմալ մրցավարներ ունենք. նրանք ավելի ուժեղ են, քան առաջնությունը, նրանք բարձրագույն խմբի ակումբներից լավն են: Մարզիչներն անընդհատ բողոքում են, առանց կրկնությունները դիտելու»:

Լրագրողների նյութերը կարդալու մասին

«Ինձ քննադատող հոդված եմ կարդացել ու փորձել եմ ուղղվել: Լրագրողները որքան խորանան, այնքան օգուտ կտան ֆուտբոլին: Երբ ֆուտբոլիստը կարդա, տեսնի, որ լրագրողը նկատել է իր թերությունը, կշտկվի, կզգաստանա»:

Չճանաչված երկրների աշխարհի առաջնության, Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղալու և հետագայում մեր հավաքականում խաղալու մասին

«Խնդիր կլինի ՖԻՖԱ-ի հետ, թույլ չեն տա: Արցախն էլ էր մասնակցում ու հայտ է ներկայացրել առաջնությունն ընդունելու: Չեմ կիսում ՖԻՖԱ-ի տեսակետն ու մարդու իրավունքների խախտում եմ համարում: Իմ ուժերի սահմանում ամեն ինչ կանեմ, որ Արցախը թիմ ունենա»:

Մասնավոր մարզադաշտերի նկատմամբ լծակների մասին

«Ֆեդերացիան լծակներ չունի մասնավոր մարզադաշտերին պարտադրելու, որ նորոգեն կամ լավ շահագործեն: Պարզապես կարող ենք նորմերին անհամապատասխան մարզադաշտերին արգելել շահագործել առաջնության շրջանակներում: Շուտով հրաշալի մարզադաշտ կունենանք Արմավիրում, շուտով կավարտվեն Էջմիածնի ֆուտբոլի դպրոցի շինարարական աշխատանքները, պատրաստ կլինի նաև Սիսիանի մարզադաշտը: «Հրազդան» մարզադաշտի ճակատագրով այլևս չդիմեք ինձ, հոգնել եմ»: 

Լուսանկար

Եվրագավաթներում Երևանի «Արարատի» հավակնոտ նպատակների մասին

«Կարծում եմ, որ «Շիրակն» ավելի լավ հանդես կգա: Բոլորիս համար պետք է կարևոր լինի, որ Հայաստանի առաջնությունում ինտրիգ լինի, ուժեղ ակումբներ լինեն: Այդ դեպքում եվրագավաթներում շատ ավելի լավ հանդես կգան: «Արարատ Մոսկվան» կավելացնի ինտրիգը: Երազում եմ, որ Եվրոպա լիգայում հայկական թիմ լինի»:

Առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակի մասին

«Հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրում ենք, թող մյուսները ձգտեն հասնել Մխիթարյանին: Դա կապահովի ինտրիգը մեր ֆուտբոլում: Մխիթարյանից տաղանդավոր ֆուտբոլիստների եմ տեսնում, բաց արդյո՞ք նրանցից մեկը կդառնա Հենրիխ: Շատ կարևոր է աշխատասեր, կարգապահ ու պրոֆեսիոնալ լինել, ֆուտբոլը նրա պես սիրել: Դա անելու դեպքում նրանից ուժեղ ֆուտբոլիստներ կդառնան»:

Հայկ Հովհաննիսյան, Անի Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում