Առաջատարի առաջին պարտությունը․ «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Առաջատարի առաջին պարտությունը․ «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» 23-րդ տուրում հյուրընկալվեց «Լիվերպուլին» և առաջնությունում առաջին պարտությունը կրեց։

«Էնֆիլդում» կայացած հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին․ Ֆաբիան Դելֆը սեփական կիսադաշտում կորցրեց գնդակը, ինչից օգտվեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը և գրավեց Էդերսոնի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։ Խաղակեսի վերջնամասում Խոսեպ Գվարդիոլայի սաները վերականգնեցին հավասարությունը․ տպավորիչ խաղով և գոլով աչքի ընկավ Լերոյ Սանեն։

59-րդ րոպեին Օքսլեյդ-Չեմբեռլենի փոխանցումից հետո Ռոբերտո Ֆիրմինոն առաջ մղեց «կարմիրներին», իսկ երկու րոպե անց դաշտի տերերը կրկին օգտվեցին «քաղաքայինների» անփույթ գործողություններից, և Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո Սադիո Մանեն հաշիվը դարձրեց 3։1։

68-րդ րոպեին գոլ խփելու հերթը Սալահինն էր․ եգիպտացու՝ Մանեին ուղղված փոխանցումն անհաջող ընդհատեց դարպասապահ Էդերսոնը, ինչին Սալահն արագ արձագանքեց և խփեց իր թիմի չորրորդ գոլը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Սիթիին» հաջողվեց նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը․ 82-րդ րոպեին աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, իսկ վերջնական հաշիվն արդեն ավելացված ժամանակում ձևակերպեց Իլկայ Գյունդողանը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 47 միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» (22 խաղ) ու «Չելսիի» հետ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները։ «Մանչեսթեր Սիթին» 62 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 4։3
Գոլերը՝ Օքսլեյդ-Չեմբեռլեն 9՛, Ֆիրմինո 59՛, Մանե 61՛, Սալահ 68՛ – Սանե 40՛, Սիլվա 84՛, Գյունդողան 90+1՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում