Սանչեսի տրանսֆերի համար սպասում են Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանավորվածությանը

Սանչեսի տրանսֆերի համար սպասում են Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանավորվածությանը

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկ քայլով «Մանչեսթեր Յունայթեդում» է: Չիլիացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի բոլոր կետերը, ըստ որոնց շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձ է ստանալու:

«Sky Sport Italia»-ն հայտնում է, որ տրանսֆերի ձևակերպման համար բոլոր կողմերը սպասում են մանչեսթերցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» պայմանավորվածությանը: Ներկայումս նրանք բանակցում են անձնական համաձայնագրի շուրջ:

«Կարմիր սատանաները» պատրաստակամություն էին հայտնել 40 միլիոն եվրո վճարել Ալեքսիսի տրանսֆերի համար, ում պայմանագրի ժամկետն ավարտվելու է կես տարուց: Այդ գումարը հենց լոնդոնցիներն էին սահմանել, սակայն իրենց առաջատարին Հենրիխի հետ փոխանակման հնարավորությունն ավելի նախընտրելի տարբերակ են համարում:

Ավելի վաղ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել էր, որ Մխիթարյանը մտածում է թիմը փոխելու մասին:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «կարմիր սատանաների» ծրագրերը փորձում է խառնել «Չելսին», որը նույնպես միացել է չիլիացու համար պայքարին: Երեկ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել էր Սանչեսի տրանսֆերից, որովհետև նրա գործակալը խախտել էր նախնական համաձայնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում