Կամո Հովհաննիսյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (լուսանկարներ, տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ (լուսանկարներ, տեսանյութ)

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» առաջին ձեռքբերումն է կատարել: Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, ում հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը: «Ալաշկերտի» նորեկն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում:

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի կազմում անցկացրած առաջնության 28 խաղերում նա դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 1 գոլ էլ Հովհաննիսյանը խփել է Բելառուսի գավաթի խաղարկության 3 հանդիպումներում:

Կամոն ճանաչվել է Բելառուսի նախորդ առաջնությունում «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողը` թիմի երկրպագուների կարծիքով: 10 հանդիպումներում նա ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, 14 խաղերում հայտնվել է լավագույն եռյակում:

Լուսանկար

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո բելառուսական ակումբի ղեկավարությունը բարելավված պայմաններով համաձայնագիր չէր առաջարկել հայ ֆուտբոլիստին, ով նախընտրել է վերադառնալ հայրենիք և կարիերան շարունակել Հայաստանի չեմպիոնի կազմում:

Մինչև արտասահման տեղափոխվելը փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկի» կազմում: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 157 հանդիպումներում Հովհաննիսյանը խփել է 28 գոլ, կատարել 19 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 36 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում, 10 խաղ` երիտասարդական հավաքականի և 5 հանդիպում` Մ-19 հավաքականի կազմում:
Պայմանագրի ստորագրումից հետո Կամո Հովհաննիսյանը կիսվել է իր տպավորություններով.

«Ուրախ եմ «Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ և ցանկանում եմ բազմաթիվ հաջողություններ արձանագրել իմ նոր թիմի կազմում` ինչպես Հայաստանում, այնպես էլ` եվրոպական ակումբային մրցաշարերում: Շատ լավ եմ ճանաչում թիմակիցներիս, որոնց հետ հանդես եմ եկել տարբեր տարիքային հավաքականներում»,- նշել է Հովհաննիսյանը:

Լուսնակար

Երևանցիների պատրաստած տեսանյութում կարող եք տեսնել Կամո Հովհաննիսյանի հետ պայմանագրի ստորագրումը և դիտել դրվագներ «Ալաշկերտի» նորեկի առաջին մարզումից:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում