Հենրիխ Մխիթարյան. Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»

Հենրիխ Մխիթարյան. Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հարցազրույց է տվել «Արսենալի» ֆուտբոլիստի կարգավիճակում: 29-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

– Շնորհավորում եմ «Արսենալ» տեղափոխվելու կապակցությամբ: Ինչպիսի՞ զգացողություններ ունեք:

– Շատ ուրախ եմ, որ այս գործարքը գրանցվեց: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Այժմ երբ այստեղ եմ, ամեն ինչ կանեմ, որ ակումբը պատմություն կերտի:

– Դուք 2009 թվականին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել եք, որ ցանկանում եք խաղալ «Արսենալում»: Ինչո՞ւ էիք այն ժամանակ հիանում մեր թիմով:

– Ինձ միշտ դուր է եկել «Արսենալի» խաղը, և թե ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարում թիմը: Այն ժամանակ թիմում շատ երիտասարդներ կային, սակայն նա կարողանում էր ղեկավարել նրանց և դա շատ լավ էր անում: Իհարկե, սիրահարված էի Թյերի Անրիի խաղին: Ինձ դուր էր գալիս, թե նա ինչպես է գործում, միգուցե դա պատճառ դարձավ, որ աջակցեմ «զինագործներին»:

– Ի՞նչն էր հատկապես տպավորում Անրիի խաղում:

– Նա շատ գոլեր էր խփում, բայց խաղում էր թիմային ֆուտբոլ: Նա հերոսի էր նման:

– «Արսենալի» այն երկրպագուների համար, ովքեր Ձեզ լավ չեն ճանաչում, ի՞նչ կարող եք ասել Ձեր մասին:

– Լավ կլինի, որ ոչինչ չասեմ: Դա կանեմ ֆուտբոլ խաղալով:

– Դուք հարձակվողական ոճի բազմաֆունկցիոնալ կիսապաշտպան եք, բայց ո՞րն էր Ձեր նախընտրելի դիրքը:

– Դա ինձ համար կարևոր չէ: Ես մի դիրքում չեմ մնում, այլ ձգտում եմ անընդհատ տեղաշարժվել, որպեսզի տարածություն ստեղծեմ թիմակիցներիս համար: Ես ամենուր եմ:

– Որո՞նք են Ձեր խաղային լավագույն որակները:

– Չգիտեմ: Ավելի լավ է այդ հարցը մարզչին տաք:

– Այս թիմում ո՞ւմ հետ եք ամենաշատը ցանկանում լինել խաղադաշտում:

– Յուրաքանչյուրի: Որևէ բացառություն չկա: Ցանկանում եմ բոլորի հետ խաղալ, որ հնարավորինս շուտ հասկանանք միմյանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում