Մխիթարյանի հրաժեշտի նամակը «Մանչեսթեր Յունայթեդին»

Մխիթարյանի հրաժեշտի նամակը «Մանչեսթեր Յունայթեդին»

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել «Մանչեսթեր Յունայթեդին»: Երեկ անգլիական այդ ակումբը փոխանակել է 29-ամյա ֆուտբոլիստի ու Ալեքսիս Սանչեսի տրանսֆերները:

«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, աշխատակիցներին և հատկապես երկրպագուներին, ովքեր ինձ փոխանցել են սեր, կիրք ու աջակցություն: Ինձ համար պատիվ էր ձեր ակումբի թանգարանը հարստացնել Եվրոպա լիգայի գավաթով: Միշտ կհիշեմ այդ խաղն ու իմ գոլը: Չեմ մոռանա նաև կարիճի հարվածով գոլը և «Whoa Mkhitaryan…» երգը, որը լսում էի տրիբունաներից: Կարող եմ այլ բազմաթիվ ուրախալի պահեր վերհիշել, որոնք միասին ենք կիսել, և որոնք վայելել եմ:

Կարիերայիս այս փուլում ցանկանում եմ պարզապես հաճույք ստանալ խաղադաշտ դուրս գալուց և ֆուտբոլ խաղալուց: Սրտանց շնորհակալ եմ բոլորիդ: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում: Կյանքը շարունակվում է»,- «Ինստագրամի» իր էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդում» 1,5 տարի է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում