«Նապոլին» տրանսֆերային եռուզեռում. երեք լուր Ա Սերիայի առաջատարից

«Նապոլին» տրանսֆերային եռուզեռում. երեք լուր Ա Սերիայի առաջատարից

«Նապոլին» կրկին աշխուժացել է տրանսֆերային շուկայում: Այն բանից հետո, երբ «աձուրին» չկարողացավ ձեռք բերել «Բոլոնյայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սիմոնե Վերդիին, ակումբը թիմը համալրելու այլ տարբերակներ է փնտրում:

Gianlucadimarzio.com-ը գրում է, որ Ա Սերիայի առաջատարն արդեն առաջիկա ամռան համար համաձայնեցրել է «Այաքսի» եզրային հարձակվող Ամին Յունեսի տրանսֆերը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կես տարուց ազատ գործակալ է դառնալու և իտալացիներին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: 24-ամյա խաղացողի ու նրա գործակալի հետ արդեն համաձայնեցվել են պայմանագրի բոլոր կետերը:

Այդ հանգամանքը «Նապոլին» ցանկանում է օգտագործել, որպեսզի հունվարին հնարավորինս ցածր գնով ձեռք բերի Յունեսին: «Այաքսը» վինգերի համար 5 միլիոն եվրո է պահանջում:

Միաժամանակ «RMC Sport»-ը վստահեցնում է, որ «Նապոլին» 45 միլիոն եվրո է առաջարկել «Մոնակոյի» հարձակվող Բալդե Կեյտայի համար: «Կարմրասպիտակներին» չի գոհացրել գումարի չափը և նրանք պատասխանել են մերժմամբ: Նախորդ ամռանը «Մոնակոն» 22-ամյա սենեգալցու համար 30 միլիոն եվրո էր վճարել: Լիգա 1-ի ընթացիկ առաջնության 15 խաղում նա 5 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

«Նապոլին» նաև բաժանվում է այն խաղացողներից, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում: Ռուսական tass.ru-ն հայտնում է, որ կենտրոնական պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը կես տարվա վարձակալությամբ ելույթները շարունակելու է Մոսկվայի «Սպարտակում»: Սերբի բուժզննումը կկայանա առաջիկա օրերին:




Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև «Բարսելոնայի» վինգեր Ժերար Դեուլոֆեուի ծառայություններով, սակայն նրան դիտարկում է որպես պահեստային տարբերակ: Գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին վստահ չէ, որ Դեուլոֆեուն անմիջապես կհարմարվի թիմի խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում