Ի՞նչ է սպասվում Մխիթարյանին «Արսենալում»

Ի՞նչ է սպասվում Մխիթարյանին «Արսենալում»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ»: Sport.Times.am-ը վերլուծել է այս տրանսֆերի դրական և բացասական կողմերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ Մխիթարյանի հետագա կարիերայի վրա:

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»

Այս 1.5 տարվա ընթացքում այնքան է խոսվել Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որ ավելացնելու շատ բան չկա: Շատ պարզ և սովորական աշխատանքային պրոցես: Ֆուտբոլիստը ինչ-որ պահի սկսեց չհամապատասխանել մարզչի պահանջներին և հնարավորություն եղավ նրան փոխանակելու մեկ այլ թոփ-մակարդակի ֆուտբոլիստի հետ: Այս փոխանակումից, անկասկած, շահեցին բոլոր կողմերը: Առաջին հերթին Հենրիխը, որը նորից հնարավորություն կունենա խաղալու հարձակողական ոճի ֆուտբոլ դավանող մարզչի ղեկավարությամբ:

«Արսենալի» խաղաոճը

Առաջին և ամենակարևոր առանձնահատկություններից մեկն «Արսենալի» հարձակողական ոճի ֆուտբոլ ցուցադրելն է: Կարծում եմ` այս հանգամանքը էական ազդեցություն է ունեցել 29-ամյա խաղացողի որոշման վրա։ Դիրքային գրոհներ, որոնց ժամանակ Հենրիխ Մխիթարյանի նման ստեղծագործ ֆուտբոլիստը կարող է փայլել: Կարճ և արագ փոխանցումներ, կոմբինացիոն ֆուտբոլ․ սրանք են «Արսենալի» խաղի հիմնական բաղկացուցիչները: Պետք է նշել նաև, որ «զինագործները» շատ լավ կարողանում են պաշտպանությունից հարձակում դուրս գալ և հակագրոհներ կազմակերպել: Ինչ-որ առումով, «Արսենալի» խաղը կարելի է ներկայացնել որպես Կլոպի «Բորուսիայի» և Մոուրինյուի ՄՅՈւ-ի խառնուրդ:

Մոուրինյուի թիմի խփած գոլերի ահռելի բաժինը գալիս էր հակագրոհներից, իսկ Կլոպի «Բորուսիան», կարելի է ասել, ցանկացած մրցակցի դեմ խաղում էր կամ փորձում էր խաղալ առաջին համարով: Այսինքն՝ Մխիթարյանը կարող է ադապտացվել ցանկացած խաղաոճի: Թույլ թիմերի դեմ պայքարում, երբ «Արսենալը» կգործի առաջին համարով, Մխիթարյանը կլինի մրցակցի պաշտպանությունը ճեղքելու բանալին, իսկ հավասարազոր կամ ավելի ուժեղ թիմերի դեմ խաղում, երբ Վենգերի թիմը գնդակը կհանձնի մրցակցին, Մխիթարյանն իր արագությամբ, արագ կողմնորոշվելու ունակությամբ, սուր և կտրող փոխանցումներով խորքից կզարգացնի «զինագործների» հակագրոհները:

Թույլ կողմերը

Առաջին հերթին պաշտպանությունը: Լոնդոնցիները Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 24 խաղում 31 գոլ են բաց թողել: Հենակետային գոտում քաոսային վիճակ է: Գրանիտ Ջական վերջին խաղերում սկսել է արդյունավետ գործողություններով աչքի ընկնել, սակայն նրա առաջնային նպատակը մրցակցի գրոհները կասեցնելն է: Առաջադրանք, որը նա չի կարողանում լիարժեք կատարել: Անիմաստ ու անտեղի սահանկումներ, դեղին և կարմիր քարտեր:

Աարոն Ռեմսիին շատ են խանգարում վնասվածքները: Նույն կարելի է ասել Ջեկ Ուիլշերի մասին: Չնայած վերջին շրջանում անգլիացին սկսել է կայուն լավ խաղ ցուցադրել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Վենգերը փոխել է նրա դիրքը: Ուիլշերն այժմ գործում է խորքից խաղացող փլեյմեյքերի դիրքում:

Միակ լուսավոր կետն «Արսենալի» համար, դա հարձակման գիծն է․ Օզիլ, Լակազետ և արդեն Հենրիխ Մխիթարյան:

Մխիթարյանի և Օզիլի համագործակցությունը

Չափազանցություն չի լինի ասել, որ այս երկու խաղացողները վերջին տարիների լավագույն փլեյմեյքերներն են: Մեսութ Օզիլը 2013-14թթ․ մրցաշրջանից սկսած, երբ տեղափոխվեց «Արսենալ», կատարել է 48 գոլային փոխանցում: Այդ ընթացքում Պրեմիեր լիգայի ոչ մի ֆուտբոլիստ ավելի բարձր արդյունք չի գրանցել:

Դե իսկ Մխիթարյանի՝ «Բորուսիայում» անցկացրած ժամանակահատվածն ու ՄՅՈւ-ում ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը բոլորիս ծանոթ են: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ կարո՞ղ են այս ֆուտբոլիստները համագործակցել իրար հետ: Ի տարբերություն Օզիլի՝ Մխիթարյանը կարողանում է լավ հանդես գալ նաև եզրում: Իսկ գերմանացին վառ արտահայտված փլեյմեյքեր է, որը փայլում է միայն 10 համարի դիրքում: Հաշվի առնելով, որ Սանչեսը հեռացել է, Մխիթարյանը կարող է խաղալ ձախ եզրում, իսկ Օզիլը՝ կենտրոնում: Կարծում եմ՝ Վենգերը 10 համարի դիրքում խաղալու համար նախապատվությունը կտա Օզիլին: Դրա համար կա երկու պատճառ.

1. Լինենք անկեղծ, խաղ կազմակերպելու առումով՝ Օզիլը գերազանցում է Մխիթարյանին

2. Օզիլը դեռ չի երկարաձգել «Արսենալի» հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: Գերմանացին անչափ կարևոր ֆուտբոլիստ է Վենգերի թիմում և դժվար թե այս ընթացքում, երբ պայմանագրի երկարաձգման բանակցություններ են ընթանում, Վենգերը փորձի այսպես ասած նեղացնել Օզիլին՝ 10 համարի դիրքում օգտագործելով Հենրիխին:

Սա մեդալի մի կողմն է: Իսկ հակառակ կողմն այն է, որ Մխիթարյանը ավելի լավ, ավելի արդյունավետ է հարձակման գծում: Նա ավելի շատ միտված է դեպի մրցակցի դարպասը: Հենրիխը կարող է շատ լավ հանդես գալ ձախ եզրում, գոլային պահեր ստեղծել իր համար կամ եզրափակել Օզիլի գոլային փոխանցումները: Այս սա համագործակցություն կլինի:

Մխիթարյանի հավանական դիրքն ու «Արսենալի» սխեման

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Վենգերը օգտագործել է 3 խաղային սխեմա՝ 4-2-3-1, 4-3-3, 3-4-3: Թե ինչ ինչպիսին կլինի «Արսենալի» մեկնարկային կազմը փետրվար ամսին, կախված է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերից: Եթե վերջինս տեղափոխվի լոնդոնյան ակումբ, ապա «զինագործները» կարող են ֆանտաստիկ հարձակման գիծ ունենալ:

Լուսանկար

Սա տարբերակներից մեկն է: Բայց քանի դեռ Օբամեյանգի առումով հստակություն չկա, փորձենք պատկերացնել «Արսենալի» սխեման առանց նրա:

Լուսանկար

Իվոբիի փոխարեն կարող է լինել նաև Դենի Ուելբեքը, կամ նույնիսկ Աարոն Ռեմսին: Վերջին հանդիպումներում «Արսենալը» խաղում էր 4-3-3 սխեմայով: Պատկերացնենք՝ ինչպիսին կլինի մեկնարկային կազմը, եթե բոլորն առողջ լինեն: 

Լուսանկար

Այս դեպքում Մխիթարյանն ու Օզիլը կարող են տեղաշարժվել՝ հագեցնելով դաշտի կենտրոնը, իսկ եզրերում կհերթապահեն պաշտպանները:

Եվ վերջին տարբերակը՝ 3 պաշտպանով խաղային սխեման, որը շատ է կիրառվել Վենգերի կողմից ընթացիկ մրցաշրջանում:

Լուսանկար

Քանի դեռ Մխիթարյանը չի նշել նորամուտը «Արսենալի» կազմում, հստակ ոչինչ ասել հնարավոր չէ: Սրանք պարզապես ենթադրություններ են, որոնք հիմնված են Արսեն Վենգերի կիրառած սխեմաների և ֆուտբոլիստների խաղային որակների վրա:

Ի՞նչ կարելի է ակնկալել ընթացիկ մրցաշրջանից

«Արսենալն» արդեն դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սակայն Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել այդ խաղին: Հայ ֆուտբոլիստը տվյալ մրցաշարում արդեն հանդես է եկել որպես ՄՅՈւ-ի խաղացող։ «Արսենալի» գլխավոր նպատակը Եվրոպա լիգան է: Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելն էլ նվազագույն խնդիրն է:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում