Պատմական հաղթանակ և վերադարձ առաջին հորիզոնական․ Վոզնյակցին ուժեղ էր Հալեպից (տեսանյութ)

Պատմական հաղթանակ և վերադարձ առաջին հորիզոնական․ Վոզնյակցին ուժեղ էր Հալեպից (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչ խաղում դանիուհի Կառոլին Վոզնյացկին առավելության է հասել է ռումինուհի Սիմոնա Հալեպի նկատմամբ։

2 ժամ 49 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:2), 3:6, 6:4 հաշվով։ 27-ամյա Վոզնյացկու ակտիվում գրանցվել է 2 էյս, 6 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոյնք՝ 14 հնարավորից, նա սեփական մատուցման ժամանակ պարտվել է 5 գեյմ։

Կառոլին Վոզնյացկին թենիսի պատմության մեջ առաջին դանիուհին է, ով դարձել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարի չեմպիոն։ Ավստրալիայի բաց առաջնությունում նախկինում հաղթել են 12 երկրների ներկայացուցիչներ։ Ամենաշատ հաղթանակները (43) տոնել են ավստրալուհիները, որոնց հաջորդում են ամերիկուհիները (24), իսկ երրորդ տեղում գերմանուհիներն են։

Այս չեմպիոնության շնորհիվ Վոզնյացկին հունվարի 29-ից կգլխավորի WTA վարկանիշային աղյուսակը։ Երկուշաբթի Վոզնյացկին կունենա 7965 վարկանիշային միավոր, իսկ Հալեպը՝ 7715։ Կառոլինան աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում եղել էր 6 տարի առաջ։ Այսպիսով, Վոզնյացկին նաև գերազանցեց Սերենա Ուիլյամսի հայտնի ցուցանիշը․ ամերիկուհին 2003 թվականի օգոստոսին կորցնելով առաջին հորիզոնականը՝ աշխարհի ուժեղագույն թենիսիստուհու կոչումը վերադարձրեց 5 տարի 1 ամիս հետո՝ 2008 թվականի սեպտեմբերին։ 

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում