«Բարսելոնայի» կամային հաղթանակը Սուարեսի ու Մեսսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

«Բարսելոնայի» կամային հաղթանակը Սուարեսի ու Մեսսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» ծանրագույն խաղ անցկացրեց «Ալավեսի» հետ և կամային հաղթանակ կորզեց: Գրանցվեց 2:1 հաշիվը:

Խաղը հաջող մեկնարկած հյուրերը 23-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան: Իբաի Գոմեսի հիանալի փոխանցումից հետո Յոն Գվիդետին մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի դիմաց և գրավեց մոտակա անկյունը: Առաջին կեսում բասկերը մի քանի այլ լավ պահ ունեցան, սակայն ընդմիջման կարող էին գնալ հավասար հաշվով (43): Լիոնել Մեսսիի իրացրած տուգանային հարվածից հետո Դանի Պաչեկոն ու դարպասաձողը «համատեղ ջանքերով» փրկեցին «Ալավեսին»:

Երկրորդ կեսում Էրնեստո Վալվերդեն փոխարինումների շնորհիվ ավելի ամրապնդեց տանտերերի խաղը, և դա արդյունք տվեց: 72-րդ րոպեին Անդրես Ինյեստայի անցումից ու փոխանցումից հետո Լուիս Սուարեսը սուր անկյան տակ կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ կատալոնական թիմը հաղթանակ կորզեց: Մեսսին հերթական անգամ փայլուն իրացրեց տուգանային հարվածը: Այս անգամ Պաչեկոն չփրկեց:

Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում մրցավարական բրիգադը մի քանի էական սխալներ թույլ տվեց: Մասնավորապես «Բարսելոնայի» երկրորդ գոլից առաջ տուգանային հարված վաստակած Պակո Ալկասերը խաղից դուրս վիճակում էր, իսկ վերջին վայրկյաններին Մունիր Էլ Հադադիի հարվածից հետո գնդակը դիպչեց Սամուել Ումտիտիի ձեռքին, սակայն հյուրերի օգտին 11-մետրանոց չնշանակվեց: Փոխարենը, մրցավար Իգնասիո Վիլյանուևան մի քանի անգամ ակնհայտ առիթներ ուներ «Ալավեսի» կիսապաշտպան Մուբարակ Վակասոյին կարմիր քարտ ցույց տալու համար, սակայն բավարարվեց միայն մեկ դեղինով:

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 57 միավոր և մոտակա հետապնդող «Ատլետիկոյի» նկատմամբ առավելությունը կրկին հասցրեց 11 միավորի: «Ալավեսը» 19 միավորով 17-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում