Լարված առաջնության արդյունքները

Լարված առաջնության արդյունքները

Հունվարի 28-ին, Երևանում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեց շուրջ 87 մարզիկ։ Հայաստանի այս առաջնությանը մասնակցում էին բոլոր ուժեղագույն ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից և Վարշամ Բորանյանից։ Արթուրին մրցաշարին մասնակցելուց ազատել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ Վարշամը վնասվածք ուներ։

Առաջնությունն անցկացվեց նոր կանոններով՝ 10 քաշային կարգերում։ Լարված ստացվեց հատկապես 77 կգ քաշային կարգի եզրափակիչը, որում գոտեմարտեցին Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը։ Գոտեմարտի վերջին վարկյաններին Չալյանին հաջողվեց փոխադրել Արսենին, վաստակել 2 միավոր, գոտեմարտն ավարտել 5։2 հաշվով ու դառնալ Հայաստանի չեմպիոն։

Եվս մեկ դիտարժան հակամարտություն եղավ 87 կգ քաշային կարգի եզրափակչում, որտեղ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հանդիպեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանին և կարողացավ 7։1 հաշվով վստահ հաղթանակ տանել։ 

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ լավ մարզավիճակում է գտնվում․ 

«Այսուհետ պատրաստվելու եմ հետագա մրցաշարերին։ Հայաստանի առաջնությանը մասնակցեցի իմ որոշմամբ։ Նախընտրեցի մեր առաջնությունը, ուրիշ երկրում միջազգային մրցաշարի մասնակցելու փոխարեն»,- ասաց ըմբիշը։

Մաքսիմը մանրամասնեց նաև 87 կգ քաշային կարգում հանդես գալը (մինչև այս ըմբիշի հիմնական քաշային կարգը եղել է 85-ը, իսկ 2017-ին Փարիզում աշխարհի չեմպիոն դարձավ 80 կգ քաշային կարգում)։

«Այս քաշային կարգը նորություն չէր ինձ համար, մինչ այս 85-ում եմ մասնակցել և տարբերություն շատ չկար։ Հետագայում կորոշեմ, երևի այս տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հանդես գամ 82 կգ քաշային կարգում, իսկ մյուս տարվանից` 87 կգ, որպեսզի նախապատրաստվեմ Օլիմպիական խաղերին»,- եզրափակեց Մանուկյանը։

Հայաստանի առաջնության 10 քաշային կարգի մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորև․

55 կգ քաշային կարգ` 1․ Նորայր Հախոյան 2․ Աշոտ Մխիթարյան 3․ Խոսրով Ադամյան

60 կգ` 1․ Արմեն Մելիքյան 2․ Գևորգ Ղարիբյան 3․ Արարատ Մանուչարյան 3․ Գևորգ Մելիքյան

63 կգ` 1․ Սլավիկ Գալստյան 2․ Հրաչյա Պողոսյան 3․ Արթուր Գալստյան

67 կգ` 1․ Կարեն Ասլանյան 2․ Ասլան Պողոյան 3․ Արսեն Կալաչյան 3․ Ավետիք Գրիգորյան

72 կգ` 1․Արման Բաղդասարյան 2․ Հրանտ Կալաչյան 3․ Գևորգ Դոխալյան 3․ Արտավազդ Վարդանյան

77 կգ` 1․ Կարապետ Չալյան 2․ Արսեն Ջուլֆալակյան 3․ Գևորգ Թադևոսյան 3․ Սերյոժա Բերնեդյան

82կգ` 1․ Էդուարդ Սարգսյան 2․ Սարգիս Քոչարյան 3․ Էրիկ Էլոյան

87կգ` 1․ Մաքսիմ Մանուկյան 2․ Արթուր Շահինյան 3․ Շալիկո Սողոմոնյան 3․ Գեղամ Թորգոմյան

97 կգ` 1․ Վաղինակ Մինասյան 2․ Կարեն Աբգարյան 3․ Նարեկ Դարբինյան

130 կգ` 1․ Էդգար Խաչատրյան 2․ Հակոբ Թադևոսյան 3․ Մոսկով Մղդեսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում