Ռամոսն ու կարմիր քարտի մյուս «սիրահարները»

Ռամոսն ու կարմիր քարտի մյուս «սիրահարները»

Իսպանիայի առաջնությունում ամենաշատ կարմիր քարտ ունեցող ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն է: Իսպանացու մարտական ոգին շատ հաճախ հանգեցնում է կոպիտ խաղի, ինչի արդյունքն էլ առաջնության շրջանակում ստացած 19 կարմիր քարտերն են։ 

Տեսնենք, թե ովքեր են նրա «թիմակիցներն» այդ աղյուսակում: Խոսքը միայն 21-րդ դարի ֆուտբոլիստների և ներքին առաջնություններում հեռացումների մասին է, հակառակ դեպքում ցուցակն անվերջ կլիներ:

Կրիստիան Լեդեսմա (Իտալիա) – 12 հեռացում 
Ակումբներ՝ «Լեչե», «Լացիո» 

Ծանոթ անուն իտալական ֆուտբոլում առաջին հերթին «Լացիոյի» կազմում անցկացրած տարիների շնորհիվ (2006-2015թթ.): Երկրպագուներից շատերը «Լացիոն» առանց Լեդեսմանի չեն կարող պատկերացնել։ Նա կիսապաշտպանության անքակտելի մասն էր: 12 հեռացումն ինքնին խոսում է ֆուտբոլիստի խառնվածքի մասին։

Ջամպյերո Պինցի (Իտալիա) – 12 հեռացում
Ակումբներ՝ «Լացիո», «Ուդինեզե», «Կիևո»

Մեր նախորդ հերոսի սերնդակիցը, ով կարիերան «Լացիոյում» է սկսել, ևս այս ցուցակում է: Պինցին կարմիր քարտերը ստացել է հռոմեական ակումբից հեռանալուց հետո: Նրա համար առավել հոգեհարազատ է «Ուդինեզեն», որտեղ խաղացել է 2000-2015 թվականներին: 

Պետեր Լյուքսեն (Ֆրանսիա) – 12 հեռացում
Ակումբներ՝ «Կան», «Բորդո», «Մարսել», «Պարի Սեն Ժերմեն», «Սելտա», «Ատլետիկո», «Սարագոսա», «Ռասինգ»

Կոպիտ ու անզգույշ ֆրանսիացի կիսապաշտպանը Ֆրանսիայում և Իսպանիայում խաղալուց հետո տեղափոխվել է ԱՄՆ, կարիերան այնտեղ ավարտել ու կրոնափոխ եղել: Իսլամ ընդունած Լյուսքսենն անընդհատ արկածներ էր որոնում: Միայն այդպիսի խառնվածքի տեր ֆուտբոլիստը կարող էր խաղալ սկզբունքային հակառակորդներ ՊՍԺ-ի և «Մարսելի» կազմերում: 

Մատուզալեմ (Բրազիլիա) – 12 հեռացում
Ակումբներ՝ «Նապոլի», «Պյաչենցա», «Բրեշիա», «Սարագոսա», «Լացիո», «Ջենոա», «Վերոնա» 

Բրազիլացին հայտնի է «Շախտյորի» կազմում ունեցած ելույթներով (2004-2009թթ.), սակայն խոսում ենք եվրոպական թոփ-5 առաջնությունների մասին։ Մատուզալեմը հիմնականում դաշտից հեռացվել է իտալական ակումբների կազմում խաղալու ժամանակ: Իսպանական «Սարագոսայում» էլ 14 խաղի է մասնակցել, բայց հասցրել է 2 անգամ հեռացվել:

Սիրիլ Ժենշամ (Ֆրանսիա) – 12 հեռացում
Ակումբներ՝ «Օսեր», «Բաստիա», «Ռեն», «Նիցա», «Մոնպելյե»

Վառ, տարբերվող խառնվածքով ֆրանսիացի պաշտպանն աչքի է ընկնում նաև ծայրահեղ իրավիճակներում իրեն զսպել չկարողանալով: Լիգա 1-ում կարիերան ավարտելուց ոչ շատ առաջ նա հարձակվել էր լրագրողի վրա: Այո, Սիրիլը վտանգավոր էր նաև դաշտից դուրս: Նա այն ֆուտբոլիստներից էր, որ հատուկ չի փայլել, բայց անընդհատ աղմուկ է բարձրացրել բնավորության պատճառով:

Տեսանյութ

Ֆերնանդո Ամորեբյետա (Վենեսուելա) – 12 հեռացում
Ակումբներ՝ «Ատլետիկ», «Ֆուլհեմ», «Սպորտինգ» 

Վենեսուելացի իսպանացին, ավելի ճիշտ բասկը բոլորի հիշողության մեջ «Ատլետիկի» կազմում ունեցած ելույթներով է մնացել: Նա ծնվել է Վենեսուելայում, խաղացել հավաքականում, թեև ծագումով ու բնավորությամբ բասկ էր: Իսկական մարտիկ, ով մեծացավ ու «Ատլետիկում» խաղաց մինչև 2013 թվականը, դարձավ ակումբի կենդանի խորհրդանիշը և հենց Բիլբաոյում էլ վաստակեց կարմիր քարտերի մեծ մասը:

Ալբերտո Լոպո (Իսպանիա) – 14 հեռացում
Ակումբներ՝ «Էսպանյոլ», «Դեպորտվո», «Խետաֆե»

21-րդ դարի ամենակոպիտ ֆուտբոլիստներից մեկը: Լոպոն 13-15 կարմիր քարտ էր վաստակում միայն մեկ մրցաշրջանի ընթացքում (ոչ միայն ներքին առաջնությունում): Նրա այսչափ հեռացումները պարզապես պատահականություններ չէին, այլ չափազանց կոպիտ խաղի հետևանք: 

Սալի Մունտարի (Գանա) – 14 հեռացում
Ակումբներ՝ «Ուդինեզե», «Պորտսմուտ», «Ինտեր», «Սանդերլենդ», «Միլան»

Գուցե զարմանալի է Մունատրիին այս հորիզոնականում տեսնելը։ Նա երկրորդ տեղը կիսում է Լոպոյի հետ, թեև 3 անգամ պակաս դեղին քարտ ունի, քան իսպանացին: 2009-ից հետո Մունտարին ավելի զուսպ դարձավ, ագրեսիան դաշտից դուրս տարավ: 

Տեսանյութ

Սերխիո Ռամոս (Իսպանիա) – 19 հեռացում
Ակումբներ՝ «Սևիլյա», «Ռեալ»

Բոլորին շրջանցում է «Ռեալի» հերոսը: 31-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում 19 անգամ հեռացվել է դաշտից: Լա Լիգայում սա բացարձակ հակառեկորդ է։ Ռամոսին այս յուրօրինակ ցուցանիշով զիջում են Խավիեր Ագուադոն (հանդես է եկել «Սարագոսայում») և Պաբլո Ալֆարոն («Ռասինգ», «Սարագոս», «Սևիլյա»), ովքեր 18-ական կարմիր քարտ են ստացել։ «Ռեալի» կազմում ևս 5 կարմիր քարտ Ռամոսը ստացել է այլ մրցաշարերում։ Միջին վիճակագրությամբ իսպանացին 22 խաղ պարբերականությամբ հեռացվում է խաղադաշտից։ Ուշագրավ է, որ «Սևիլյայում» (50 խաղ) և Իսպանիայի հավաքականում (149 խաղ) Ռամոսը կարմիր քարտեր չի ստացել։

Հավանաբար նկատեցիք, որ այս անսովոր աղյուսակում Անգլիան ներկայացնող և ոչ մի ֆուտբոլիստ չկա: Այստեղ չի կարելի անտեսել մրցավարների գործոնը, չէ՞ որ սա ոչ թե ֆուտբոլիստների անձնական ձեռքբերումների, այլ մրցավարության հետևանքով կազմված ցուցակ է: Ինչպես տեսնում ենք, Իսպանիայում մրցավարները յուրօրինակ են աշխատում: Առաջնությունն ինքնին կոպիտ չես համարի, բայց քարտերն այստեղ ավելի շատ են, քան մյուս առաջնություններում: Իտալիայի ներկայացուցիչներն էլ վատ չեն աշխատել: Ինչևէ, նշված ֆուտբոլիստների հետ հանդիպելու հետևանքներն անդառնալի չեն եղել՝ մրցակիցների ոտքերն ու առողջությունը տեղում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում