Արսեն Ջուլֆալակյան․ Առաջիկայում կերևա՝ որ մարզիկն է պատրաստ լավագույնս ներկայացնել Հայաստանը

Արսեն Ջուլֆալակյան․ Առաջիկայում կերևա՝ որ մարզիկն է պատրաստ լավագույնս ներկայացնել Հայաստանը

Օրերս ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվում էր նոր կանոնակարգով։ Լարված ու դիտարժան ստացվեց հատկապես 77 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ գոտեմարտեցին երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը և Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Գոտեմարտում կրած պարտության պատճառների ու հետագա անելիքների մասին Արսեն Ջուլֆալակյանը զրուցել է Sport.Times.am-ի հետ։

– Յոթ տարվա դադարից հետո մասնակցեցիր Հայաստանի առաջնությանը։ Որո՞նք էին դրդապատճառները։

– Որոշվել էր, որ պետք է բոլորը մասնակցեն, բացի Արթուր Ալեքսանյանից։ Երկրորդ պատճառ՝ 1 տարի ազգային հավաքականում բաց էի թողել լուրջ մրցաշարերը, միայն առանձին 1-2 մրցաշարի էի մասնակցել։ Վերջին և ամենակարևոր փաստը՝ նոր օրենքները։ Պետք էր հասկանալ՝ նոր օրենքներով ինչպես կստացվի գոտեմարտել․ նոր քաշային կարգ է՝ 75-ի փոխարեն արդեն 77, հետ է վերադարձել չորեքթաթ դրությունը։ Ուզում էի կրկին 0-ից սկսել։ Հայաստանի առաջնությունից հետո էլ մինչև Եվրոպայի առաջնություն 1 միջազգային մրցաշար ունենք, ինչը քիչ կլիներ նոր օրենքներին հարմարվելու համար։

– Ստացվում է՝ մինչ այս ոչ մի մրցաշարի չես մասնակցել նոր օրենքներով։

– Ոչ։ Ասեմ ավելին, ի տարբերություն Գերմանիայի ակումբային առաջնությանը, Ֆրանսիայի ակումբային առաջնությունը, որտեղ հանդես եմ գալիս, նույնպես հին օրենքներով է։ Այնտեղ 10 գոտեմարտ եմ անցկացրել, ինչը քիչ չէ։

– Արսե՛ն, նոր քաշային կարգիդ ինչպե՞ս հարմարվեցիր։

– Քաշը հաշվի առնելով՝ նոր օրենքները, կարելի է ասել, իդեալական է։ Եթե նախկինի պես լիներ 75 կգ, մի փոքր կդժվարանայի, քանի որ անձնական քաշս 79 կգ է։ Բարդ կլիներ 4 կգ քաշ գցել և նույն օրը մրցել, իսկ այսպես ընդամենը 2 կգ պետք է գցել, որը մեկ մարզման ընթացքում հասցնում ես գցել։ Դա էլ արագություն և թարմություն է տալիս ըմբիշին։

– Հայաստանի առաջնության ժամանակ 3 գոտեմարտ անցկացրեցիր։ Եթե առաջին գոտեմարտում մրցակիցդ երիտասարդ ըմբիշ էր, մնացած երկուսի դեպքում փորձառու Ռաֆայել Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն էին։ Կանդրադառնա՞ս գոտեմարտերիդ։

– Իմ քաշային կարգում ամբողջ մրցաշարի նպատակը ընդամենը մեկ գոտեմարտ էր, որպեսզի ես և Կարապետ Չալյանը մրցենք իրական գոտեմարտի ժամանակ, ոչ թե մարզումային իրավիճակում։ Երկուսս միաժամանակ մասնակցել ենք միջազգային մրցաշարերի, բայց իրար չենք հանդիպել։ Սա մեր առաջին հանդիպումն էր մրցաշարի ժամանակ։ Երկուսս էլ տրամադրվել էինք միմյանց հետ գոտեմարտելուն, իսկ մյուս գոտեմարտերի ժամանակ աշխատում էինք սխալներ թույլ չտալ և աստիճանաբար համրավելով նոր օրենքներին՝ հասնել եզրափակիչ։ Այդպես էլ եղավ։

– Եզրափակիչ գոտեմարտը շատ լարված ստացվեց։

– Կարապետի հետ գոտեմարտը, մեղմ ասած, շատ խառը ստացվեց։ Մասնավորապես, սկզբում ազդեց մեր մրցավարական թերի համակարգը։ Նորից տեսանք և համոզվեցինք, որ շատ ենք կաղում և շատ թույլ ենք, չունենք որակյալ մրցավարներ։ Եթե կան էլ մի քանիսը, ապա մեկ-երկու սեմինարի մասնակցելուց հետո շատ ինքնավստահ են դառնում, դրա համար էլ նրանց որակները տուժում են։ Եվ ամենամեծ բացասական կողմը, որ չունենք համապատասխան տեխնիկա գոտեմարտերը հսկելու համար՝ UWW-ի պահանջներով եղած տեսախցիկներ, որոնք թույլ կտան ցանկացած օրենքի խախտում ֆիքսել։ Ունենք մեկ հին տեսախցիկ, որ շատ հեռու էր դրված այն մասից, որտեղ ես հնարք էի անում։ Հնարքի ժամանակ մրցակիցս բռնել էր մարզահագուստիցս, ինչը պատժվում է միավորով։ Երբ վիճաբանական գցվեց, մրցավարը նշեց, որ իր տեսախցիկը չի ֆիքսել։ Այժմ UWW-ն հստակ պահանջ ունի՝ ունենալ 4 տեսախցիկ գորգի տարբեր անկյուններում։ Հետո ինքս գոտեմարտի ընթացքում սխալ հաշվեցի միավորները։ Հաշիվը 3։3 էր, գիտեի՝ պարտվում եմ և նետվեցի գրոհի, ինչի արդյունքում հակահնարք բաց թողեցի։ Նյարդերս տեղի տվեցին, դահլիճում կար մեկը, որի լկտի պահվածքը կոնկրետ շեղեց ինձ։ Ցավում եմ, որ չկարողացա զգոն մնալ գորգի վրա։ Վստահեցնում եմ՝ եթե իմանայի, որ 3։3 հաշվի դեպքում հաղթում էի, վերջին 45 վայրկյանում միավոր չէի զիջի։ Պարգևատրումից 10-15 րոպեից հետո եմ իմացել, որ ես էի հաղթում և միայն դրա համար եմ ցավում ու ափսոսում։ Եվ ինչպե՞ս կարող էի սխալ հաշվարկ անել և նման արարածը հանդիաստեսի մեջ շեղեր ինձ․․․

Առջևում կա միջազգային մրցաշար, այնտեղ արդեն ավելի լավ կերևա, թե որ մարզիկն է պատրաստ լավագույնս ներկայացնել Հայաստանը։ Լավատեսորեն եմ տրամադրված, առաջիկայում էլ հավաք ունենք։ 5 ամիս հավաք չենք ունեցել, իսկ դրա կարիքը շատ ունենք, քանի որ ինչքան էլ փորձեմ կենտրոնանալ տնային պայմաններում, ծանրաբեռնված մարզումներ անցկացնելը հավաքների ժամանակ այլ է։

-Մասնակցելո՞ւ ես Կևի մրցաշարին։

-Այո։ Լիահույս եմ, որ կկարողանամ հաղթել և, բնականաբար, դրանից հետո կպատրաստվեմ Եվրոպայի առաջնությանը։

-Մի կողմ թողնելով մրցավարներին, հանդիսատեսին և քո սխալ հաշվարկը՝ ինչպիսի՞ մրցակից է քեզ համար Կարապետը։ Դուք տարբեր ոճով եք գոտեմարտում։

– Որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, նախ նշեմ, որ Կարապետը արժանի մրցակից է, շատ հարգում եմ և շատ ուրախ եմ, որ նման ըմբիշ կա իմ քաշային կարգում։ Նա նվիրված մարզիկ է, շատ սիրում է իր գործը, ես շատ դրական կարծիքի եմ նրա մասին։ Ինչ վերաբերում է Կարապետին որպես ըմբիշ՝ այո, տարբեր ենք մեր մրցելաոճով՝ նա ավելի ուժային մարզիկ է՝ բարձր տեմպի վրա կառուցված գոտեմարտով։ Նրա գոտեմարտի ոճը հետևյալն է՝ այնքան հոգնեցնել մարզիկին, որ նա սխալներ թույլ տա։ Կնախընտրեի՞ այլ ոճի հակառակորդ․ եթե շատ փակագծերը բացեմ՝ ինձ համար ամենաբարդը բացարձակ ճկուն ըմբիշների հետ գորտամարտելն է, օրինակ՝ վրացի Զուրաբի Դաթունաշվիլին։ Վերջինս անկանխատեսելի է և կարող է ոչ ստանդարտ ձևով պաշտպանվել կամ գորհել։ Ինչ վերաբերում է Կարոյին, ապա նրա հետ գոտեմարտելիս պետք է այն մարզավիճակում լինեմ, որ բարձր տեմպը չազդի վրաս, կարողանամ հնարք անել ու հաղթել։

– Հայաստանի առաջնությունն անցկացվեց մեկ օրում, սակայն նոր կանոններով պետք է արդեն գոտեմարտեք 2 օրվա ձևաչափով․․․

-Լրիվ համաձայն եմ։ Շատ կարևոր հարց է, որի շուրջ մինչև առաջնությունը զրուցել ենք հավաքականի գլխավոր մարզչի հետ և նշածդ մտավախությունը հայտնել։ Բայց հանուն արդարություն պետք է նշենք, որ UWW օրենսդրության մեջ կա կետ, ըստ որի, եթե ինչ-որ քաշային կարգում 3 գոտեմարտ է, իրավունք ունեն 1 օրում անցկացնել։ Սակայն լուրջ միջազգային մրցաշարի ժամանակ նման բան չի լինի։ Դրա համար կարևոր է միջազգային մրցաշարում փորձարկել մեր ուժերը, դրանից հետո ավելի պարզ կերևա՝ որքանով է ըմբիշը պատրաստ։  Մեկ հետաքրքիր բան էլ եղավ Հայաստանի առաջնության ժամանակ, երբ պարանոց ու ձեռք բռնվածքի ժամանակ ինձ թողեցին ընդամենը 5 վայրկյան պահել, սակայն նոր օրենքներով պետք է թույլ տան 15-20 վայրկյան աշխատել այդ բռնվածքի դեպքում։ Ես ունեմ Եվրոպայի մրցավարների ղեկավարի տեսագրությունը այդ առիթով։ 

-Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Կասպիսկում (Դաղստան)։ Ըմբշամարտի սիրահարների ու մասնագետների մոտ նախատրամադրվածություն կա, որ այնտեղ բավականին դժվար է լինելու, հատկապես մրցավարական առումով։ Եթե հավաքականի մարզիչը Եվրոպայի և աշխարհի առաջնության միջև ընտրություն կատարելու հնարավորություն տա, ո՞րը կընտրես։

-Երբ անցած տարի որոշեցինք, որ պատրաստվելու եմ մինչև Տոկիո-2020, քննարկեցինք, թե ինչ ձևով պետք է անցնեք այդ փուլը։ 2018-ի ծրագրերում ներառվեց, որ անկախ երկրից ու բարդություններից, պետք է երկու առաջնություններին էլ մասնացկեմ բարձր մակարդակով ու պայքարեմ մեդալների համար։ 2019-ի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չենք կայացրել, միգուցե ինչ-որ կարևոր մրցաշար բաց կթողնեմ։

Անդրաադառնալով Կասպիսկում անցկացվող առաջնությանը՝ հույս ունեմ, որ կկարողանամ Կևի մրցաշարի արդյունքներով վարկանիշ ձեռք բերել առաջնության համար։ Ռուս մրցակից-ընկերս (նկատի ունի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովին-խմբ․) արդեն ԵԱ-ին մասնակցելու վարկանիշն ունի, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ կհանդիպենք իր հողում, շատ ավելի դժվար միջավայրում (ծիծաղում է)։

Զրուցել է Հասմիկ Գրիգորյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում