Ի՞նչ է Զիդանն ասել իր ֆուտբոլիստներին «Յուվենտուսի» հետ եզրափակչի ընդմիջմանը

Ի՞նչ է Զիդանն ասել իր ֆուտբոլիստներին «Յուվենտուսի» հետ եզրափակչի ընդմիջմանը

Կայացել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում տոնած չեմպիոնությանը նվիրված «Դուոդեսիմայի սիրտը» («En El Corazón De La DuoDécima») ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում ներկայացված է «Յուվենտուս» – «Ռեալ» եզրափակչի ընդմիջման ժամանակ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքը, որի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Սա եզրափակիչ է։ Մենք գիտենք, որ սա բարդ հանդիպում է նաև նրանց համար։ Մեզ համար ամենակարևորը պաշտպանությունում ավելի ագրեսիվ լինելն է։ Բայց ի՞նչ իմաստով ագրեսիվ։ Մեզ զգուշացումներ, քարտեր հարկավոր չեն, այլ պետք է ճիշտ պահին անհրաժեշտ դիրքում լինել, իրար մոտ լինել, մեկը մյուսի կողքին և ագրեսիվ։ Պետք է ագրեսիվ լինենք նաև առանց գնդակի։

Նրանք խաղում են 4-4-2 դասավորությամբ՝ Ալվեսը մեկ դարպասի մոտ, Մանջուկիչը՝ մյուս։ Մեզ հարկավոր է այնպես անել, որ նրանք նահաջեն։ Իսկո՛, երբ մենք պաշտպանվում ենք, դու 4-4-2-ի դեպքում պետք է ձախից խաղաս, իսկ հետո երբ գնդակը մեզ մոտ է՝ կենտրոնին ավելի մոտ։ Բայց մի՛ մոռացիր՝ երբ գնդակը մեզ մոտ է, կարևորը համբերատար լինելն է։ Խաղում ենք ավելի արագ և եզրերով, իսկ Մարսելոն և Դանին՝ ավելի բարձրից։ Երբ գնդակը մեզ մոտ է, նրանք իրենց կիսադաշտից պետք է պաշտպանվեն։ Գրոհում ենք Մարսելոյի և Դանիի օգնությամբ, իսկ հետո երկրորդ ալիքը՝ Լուկան ավելի բարձրից, իսկ Իսկոն՝ մեկ եզրից մյուսը։ Հետո պետք է եզրափակել գրոհները՝ Կրիշն առջևից, Կարիմը՝ հետևից, կամ հակառակը։ Ինչպե՞ս ենք փորձել այս շաբաթվա ընթացքում՝ մեկ եզրը, հետո մյուսը, հոպ և գոլ։ Եզրեր, կենտրոն, փոխանցում և գոլ։ Պետք է հնարավորինս «ձգվենք» դաշտի երկարությամբ և ռիթմ հաղորդենք։ Պետք չէ խաղալ կենտրոնում, պետք է մեկ եզրից մյուսը փոխանցել, մի փոքր ավելի շատ աշխատել պաշտպանությունում և վերջ։ Շարունակում ենք աշխատել, որովհետև սա եզրափակիչ է, պետք է համբերատար լինել, լուրջ խաղալ և մտածել, որ գոլը կլինի։ Պայմանավորվեցի՞նք։ Դե ուրեմն՝ առաջ»։

Զիդանի խոսքի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ, իսկ ամբողջական ֆիլմը՝ այս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում