Գոլ 11-րդ վայրկյանին. «Տոտենհեմը» մի գլուխ ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Գոլ 11-րդ վայրկյանին. «Տոտենհեմը» մի գլուխ ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու վստահ հաղթանակ տոնել: Գրանցվել է 2:0 հաշիվը:

Դարպասի առաջին գրավումն արձանագրվել է խաղի 11-րդ վայրկյանին: Կրիստիան Էրիկսենն առանց հսկողության է մնացել ու մոտ տարածությունից գրավել է դարպասը: Մաուրիցիո Պոչետինոյի թիմը գոլից հետո հետ չի քաշվել, այլ շարունակել է գերիշխել խաղադաշտում: Արդյունքում, 28-րդ րոպեին Կիրան Տրիպյերի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆիլ Ջոնսը:

Լոնդոնցիների առավելությունը շարունակվել է մինչև խաղավարտ: Նրանք հանդիպման ընթացքում 22 հարված են կատարել, իսկ «կարմիր սատանաները»` 6: Մի քանի դրվագներում դարպասապահ Դավիդ Դե Խեան փրկել է Ժոզե Մոուրինյուի թիմին:

Այդ հաղթանակի շնորհիվ «Տոտենհեմը» վաստակել է 48 միավոր, մնացել 5-րդ հորիզոնականում, սակայն մոտեցել է 2-4 տեղերի թիմերին: «Մանչեսթեր Յունայթեդը» 53 միավորով երկրորդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում