Հենրիխ Մխիթարյանի 3 գոլային փոխանցումները նպաստեցին «Արսենալի» ջախջախիչ հաղթանակին (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի 3 գոլային փոխանցումները նպաստեցին «Արսենալի» ջախջախիչ հաղթանակին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալն» «Էմիրեյթսում» հյուրընկալեց «Էվերթոնին» և 5։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Զինագործները» շատ հաջող սկսեցին հանդիպումը և արագ գոլեր խփեցին։ 6-րդ Հենրիխ Մխիթարյանը բացեց նոր թիմում գոլային փոխանցումների հաշվարկը․ Հայաստանի ազգային հավաքականի ավագի փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ մղեց Աարոն Ռեմսին։ 9 րոպե անց Լորան Կոսյելինին կրկնապատկեց լոնդոնյան թիմի առավելությունը, իսկ ևս 5 րոպե անց Ռեմսին դուբլ ձևակերպեց։ Խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ – Հենրիխ Մխիթարյան վերամիավորված զույգը․ Մխիթարյանի արդյունավետ փոխանցումից հետո Օբամեյանգը խփեց «զինագործների» կազմում առաջին գոլը։

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ խփեցին։ 64-րդ րոպեին փոխարինման դուր եկած Դոմինիկ Կալվերտ-Լյուինը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 10 րոպե անց «Արսենալը» վերականգնեց 4 գնդակի առավելությունը։ Հենրիխ Մխիթարյանը երրորդ գոլային փոխանցումը կատարեց, ինչի արդյունքում Ռեմսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմն ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» մնաց 31 միավորով՝ 10-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Արսենալ» – «Էվերթոն»՝ 5։1
Գոլերը՝ Ռեմսի 6՛, 19՛, 74՛, Կոսյելինի 14՛, Օբամեյանգ 37՛ – Կալվերտ-Լյուին 64՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում