Պիկեն նոր սկանդալի կենտրոնում. հնարավոր որակազրկում «լռեցնող ժեստի» համար

Պիկեն նոր սկանդալի կենտրոնում. հնարավոր որակազրկում «լռեցնող ժեստի» համար

Իսպանիայի առաջնության կարգապահական կոմիտեն, հնարավոր է, որակազրկի «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին:

Marca.com-ից տեղեկանում ենք, որ Լա լիգան սկսել են դիտարկել «Էսպանյոլի» բողոքը, ըստ որի «բլաուգրանայի» ֆուտբոլիստը սադրանքի է դիմել, երբ «թութակների» հետ խաղում (1:1) տոնել է խփած գոլը: Կատալոնացին գոլից հետո մոտեցել է տրիբունաներին և ցուցամատը շրթունքների մոտ պահելով նրանց լռելու կոչ արել: Վերջինս նման քայլի է դիմել, քանի որ «Էսպանյոլի» երկրպագուները խաղի ընթացքում վիրավորել են նրան ու կնոջը` Շակիրային: Մասնավորապես «Կորնելիա Էլ Պրատ» մարզադաշտում բացվել է կոլումբացի երգչուհուն վիրավորող պաստառ: «Էսպանյոլն» այդ երկրպագուներին այսօր ցմահ արգելել է մարզադաշտ հաճախել:

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը սխալ է վարվել.

«Պիկեն պետք է խուսափեր որոշ սադրալից ժեստերից: Նման արարքներից հետո մարդիկ սկսում են վիրավորել նրան, ինչն անտանելի է: Այո, ֆուտբոլիստները հաճախ են գոլերը նման կերպ տոնում, բայց սա այլ դեպք է: Օրինակ, «Ռեալի» հարձակվող Ռաուլը նման կերպ էր վարվում, երբ մարզադաշտ կողմնակի իրեր էին նետվում»:

Նշվում է, որ Պիկեին 1-3 խաղով որակազրկում է սպառնում, եթե Լա լիգան նրա ժեստն ագրեսիվ գնահատի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում