Պաշտոնական. Դավիթ Մանոյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն

«Ալաշկերտը» 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի կազմում: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: «Նեա Սալամինա» Մանոյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում նա դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մինչև Կիպրոս տեղափոխվելը կրեատիվ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 18 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 108 հանդիպումներում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում Մանոյանը 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Դավիթն անցկացրել է 26 հանդիպում:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոնին էր միացել նաև Կամո Հովհաննիսյանը, սակայն նա ներկայումս փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում