Միքայել Միքայելյան․ Անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար

Միքայել Միքայելյան․ Անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար

Փետրվարի 13-ին ձմեռային օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը:

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը.

«Սերգեյը օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- Արթուր Միքայելյանի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը։

Գլխավոր մարզչի կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, բայց նրա մարզումներից զգացվում է՝ անելու է ամեն ինչ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը կիսվել է տպավորություններով․

«Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց Armenia, և մենք մտանք ստադիոն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիրն այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամային գոտուն, բայց մինչև մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,- նշել է Միքայելը:

Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: Սոչի-2014-ում հայ դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով 10 կմ մրացատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը.

«Պարզ է, որ օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց ինչպես բոլորը, ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներինի ուրախացնելու համար»,- ասել է Կատյան:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում