Ռամոս․ ՊՍԺ-ի հետ խաղերում պայքարելու ենք ամբողջ մրցաշրջանի համար

Ռամոս․ ՊՍԺ-ի հետ խաղերում պայքարելու ենք ամբողջ մրցաշրջանի համար

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ հաղթական հանդիպումից հետո (5:2) խոսել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ դիմակայության կարևորության մասին։

Մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսն ընդգծել է, որ այդ խաղերում ինքն ու թիմակիցները պայքարելու են ամբողջ մրցաշրջանի համար․

««Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի երկրորդ կեսում արդեն մտածում էինք ՊՍԺ-ի հետ խաղի մասին։ Առաջիկա խաղերում մենք պայքարելու ենք ամբողջ մրցաշրջանի համար։ Մեր նպատակը հաղթանակն է»,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Լուկաս Վասկեսը նշել է, որ իրենք չեն վախենում փարիզյան ակումբից․

«Այսօր հաղթանակի հասանք, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ «Սոսյեդադը» և ՊՍԺ-ն տարբեր թիմեր են։ Ամեն դեպքում, մենք որևէ մեկից չենք վախենում։ Երբ լավ ենք խաղում, մրցակիցները մեծ դժվարություններ են ունենում»,- ասել է Վասկեսը։

Պաշտպան Դանի Կարվախալը, ով որակազրկման պատճառով չի մասնակցելու ՊՍԺ-ի հետ առաջին խաղին, կարծում է, որ Չեմպիոնների լիգան «Ռեալի» համար միակ հնարավորությունն է այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու համար։

«Բոլորն էլ հասկանում, որ մեզ համար այս մրցաշրջանում տիտղոս նվաճելու միակ իրական հնարավորությունը Չեմպիոնների լիգան է։ Իսպանիայի առաջնությունում շարունակելու ենք պայքարը, սակայն Չեմպիոնների լիգայի հետ ակումբի կապը յուրահատուկ է»,- ասել է Կարվախալը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Պարի Սեն Ժերմեն» առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 14-ին, Մադրիդում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում